ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ Ֆրանսիական Ռոշֆորում անցկացվող շախմատի փառատոնի շրջանակներում կայացավ կայծակնային մրցախաղ, որում հիանալի հանդես եկավ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Հայ շախմատիստը 11 հանդիպումներում վաստակեց 9,5 միավոր եւ արժանացավ գլխավոր մրցանակին: Գրիգորյանը մրցաշարում հաղթեց Ֆիլիպե Մայերին, Ջուլիեն Սաադային, Լուկ Մոնտեուին, Ադրիեն Դեմուտին, Սլավիսա Պերիչին, Հուու-Թի Դոյին, Խոսե Սեքյուերային եւ Ռոմաին Պիկարդին, հաշտություն կնքեց Վլադիմիր Մինկոյի, Կորե Ակշայրաջի ու Դանիել Պուլվետի հետ: 8,5 միավորով 2-րդ տեղը գրավեց ռուսաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Վլադիմիր Մինկոն: 8 միավորով 3-րդ մրցանակակիր դարձավ վենեսուելացի Դանիել Պուլվետը: Սամվել Տեր-Սահակյանը կայծակնային մրցաշարին չմասնակցեց: Ինչ վերաբերում է դասական շախմատի մրցաշարին, ապա այստեղ վերջին տուրից առաջ իրավիճակը բավականին սրվել է: Մրցաշարի միանձնյա առաջատար Կարեն Գրիգորյանը 8-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Կորե Ակշայրաջի հետ, վաստակեց 6 միավոր: Իսկ ահա վրացի գրոսմայստեր Դավիթ Ջոջուան սեւերով հաղթելով Անդրեյ Իստրատեսկուին, վաստակեց 6,5 միավոր ու միանձնյա գլխավորեց աղյուսակը: Տուրը հաջող էր Սամվել Տեր-Սահակյանի համար, որը սեւերով պարտության մատնելով Քուենտին Լուիսեային, վաստակեց 6 միավոր: Նա Գրիգորյանի եւ Վլադ-Քրիստիան Ջիանուի հետ հետապնդում է առաջատարին: Ավարտական տուրում կայանալիք պարտիաներից ամենավճռորոշը կլինի Սամվել Տեր-Սահակյանի մրցավեճը Դավիթ Ջոջուայի հետ: Այդ պարտիայում Սամվելը խաղալու է սեւ խաղաքարերով: Կարեն Գրիգորյանն էլ սեւերով մրցելու է Ջիանուի հետ: |