ՍԻՐԻԱՀԱՅ ԲԺԻՇԿԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հարցազրույցը վարեցՙ ԼԻԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների պատճառով սիրահայերից շատերն ապաստան փնտրեցին Մայր հայրենիքում` արժանանալով Հայաստանի կառավարության ընդունելությանն ու հոգածությանը: Նրանցից մեկն էլ բժիշկ-սրտաբան Ջորջ Բարսեղյանն է: Բժիշկն ընտանիքով Հայաստան էր եկել հունիսին` հանգստանալու: Սակայն Սիրիայում իրավիճակը գնալով թեժանում էր, եւ ընտանիքը որոշում է հաստատվել Հայաստանում: Սրտաբանը նախապես գիտեր, որ Հայաստանում դժվարությունների է հանդիպելու, հուսախաբություններ են լինելու, բայց «վերջը միշտ վարդագույն կտեսնեի, մինչեւ հիմա ալ այդ վարդագույնը, որ ուզած էի տեսնելՙ թերեւս կա, բայց քիչ մը փոխվում է մոխրագույնի...»: Թե ինչպես է ապրում Հայաստանում եւ ինչ դժվարությունների է հանդիպել բժիշկը, փորձեցինք պարզել հենց իրենից:
- Հե՞շտ եղավ Ձեզ համար աշխատանք գտնելը, այդ հարցում աջակիցներ ունեցե՞լ եք: - Ես այժմ «Արմենիա» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի աշխատակից եմ, բուժող բժիշկ: Եվ անշուշտ ըսեմ, որ սփիուռքի նախարարությունը բավական գործեց ինձի ինչ-որ տեղ աշխատանք գտնելու համար: Սակայն այնպես ստացվեց, որ այս աշխատանքն ուղղակի իմ սեփական ծանոթներու միջոցով կրցա գլուխ բերել: Սփյուռքի նախարարությունը բավական օժանդակութիուն կուտա որոշ սիրիահայերու այստեղ աշխատանք գտնելու, ինտեգրվելու եւ իրենց տեղը գտնելու համար: Նախարարության կազմը ժրաջան աշխատում է, փորձում է ինչ-որ տեղ մի բան հաջողցնել, որպեսզի սիրիահայերը կարողանան իրենց պահել եւ ինչքան հնարավոր է երկար մնան այստեղ: Բայց երկրի պայմաններն են, որ պատի դէմ են կանգնեցնում սիրիահայերուն, շատ ծանր պայմաններում է գտնվում ներկայիս Հայաստանը` հատկապես տնտեսական առումով: - Բավականացնո՞ւմ է արդյոք աշխատավարձն ընտանիք պահելու համար: - Աշխատավարձը չի համապատասխանում իրականությանը բացարձակապես: Ցավալի պահեր են ոչ միայն ինձի համար, այլեւ Հայաստանի գրեթե ողջ ազգաբնակչության համար: Ինչպես կրնա բավականացնել բժիշկ-սրտաբանի մը պաշտոնական աշխատավարձը, որը կկազմե 32.500 դրամ: Թերեւս հերթապահություններով, շաբաթական կամ ամսական հինգ-վեց հերթապահություններով աշխատավարձը կազմում է 60 հազար դրամ, իսկ այդ գումարը շատ ծիծաղելի է` մանավանդ սիրիահայերու համար, որի տան վարձքը միայն կազմում է 400-500 դոլար: Ցավալի է, որ երկրի տնտեսական վիճակն այնքան խայտաբղետ եղած է եւ անհասկանալի, որ ես պարտադրված եմ 60 հազար դրամով ընտանիք պահել: Փաստորեն ես մինչեւ հիմա դեռեւս իմ խնայողությամբ եմ շարունակում ապրել, այն փոքրիկ գումարով, որ հետս բերած եմ Սիրիայեն: Հետզհետե հասկանում եմ, որ 60 հազար դրամով մարդ որ չի կրնար գոյատեւել, ուր մնաց ապրել, այսինքն հարկադրված պիտի ըլլա գողնալու: - Գողանա՞լ: - Գողնալ որ կըսեմ, այս պարագայ կնշանակէ օրենքը խախտել: Հասարակ բանՙ եթե, օրինակի համար, այստեղ հիվանդանոցում ինչ-որ մի հիվանդի նայում ես, որ ըսենք թե պետպատվերի շրջանակներու մեջ է, բուժման ծախսը պետությունն է հոգում եւ գնալու ժամանակ ինքը «Շնորհակալ եմ, բժիշկ ջան» ասելով գաղտագողի գրպանդ մի քանի հազար դրամ է մտցնում, ե՛ւ դու ես կարմրում, ե՛ւ ինքն է անհարմար զգում: Այս ամբողջը գողության երեւույթ մըն է, որը մեր ժողովրդի առաքինության կհակասե: - Հե՞շտ էր այս միջավայրին ինտեգրվել, ապրել այստեղ: - Ինտեգրվել, ապրել ասելով շատ լայն ու տարբեր իմաստեր կհասկացվին: Ըսեմ, որ մշակութային առումով շատ հաճելի է ապրել այստեղՙ հայրենիքում: Սա իմ մշակույթն է, իմ լեզուն, դուրս կուգամ հայերեն կխոսիմ, բայց տնտեսական առումով ահավոր է ու շատ դժվար: - Ինչպիսի՞ն է գործընկերների վերաբերմունքը: - Բավական դրական է: Ըսեմ, հիվանդանոց, որ եկա ի սկզբանե հարգանքը կար իմ հանդեպ որպես սիրիահայի, որպես բժիշկի: Բոլորն էլ բարյացակամ էին իմ հանդեպ, փորձում էին ամեն կերպ օգտակար լինել, որի համար շնորհակալ եմ անձնակազմից: Բայց ամիսների ընթացքում ես էլ իմ աշխատանքով իմ հանդեպ հարգանքը բազմապատկեցի: - Իսկ հիվանդները վստահո՞ւմ են Ձեզ: - Այո, ոչ մի տարբերություն չեմ նկատում: Բոլորն ինձ դրական են վերաբերվում, մինչեւ հիմա դեռ բացասական ոչինչ տեսած չեմ իմ հանդեպ: - Ձեր սիրիահայ գործընկերներից մարզերում աշխատողներ կա՞ն: - Այո, մենք աշխատող ունենք Թալինում, Եղեգնաձորում: Բայց պէտք է ըսեմ, որ հարցը երկու կողմեն պիտի դատել: Համարյա մեծամասնությունը այն բժիշկներուն, որոնք այժմ ներկա կգտնվին Հայաստանում, եկած են այսպես ասած «փափուկ» տեղերե: Ամեն մեկն այնտեղ իր ունեցվածքն ուներ, իր աշխատանքը, իր հարգանքն ու պատիվը, կոպիտ ըսածՙ իրենց կենցաղով Սիրիայի բարձր դասակարգին կպատկանեին: Այդ ցնցումն ապրելով հասկանալի է, որ մարդ պիտի ընտելանա քիչ մը վատ պայմաններու, բայց շրջանում աշխատող մեկու համար, որ Հալեպեն, Դամասկոսեն եկած է իր կենցաղով, իր ամեն ինչով շատ դժվար պիտի ըլլա, մանավանդ գումարի, եկամուտի առումով: - Ձեր երեխաներն արդեն հարմարվե՞լ են նոր միջավայրին, նոր դպրոցին: - Տասը տարեկան Մեղրիս` փոքր աղջիկս, եւ տասներեք տարեկան Նարես, որոնք սովորում են N 54 դպրոցում, արդեն բավական ինտեգրված են, ուրախ են իրենց ընկերական շրջապատով, ուսուցչական կազմի վերաբերմունքով: Ուսուցիչները շատ բարյացակամ են: Աղջիկներս Սիրիայում հայակական դպրոց գնալով` այստեղ շատ դժվարություններ չունեցան: Իրենց համար պարզապես որոշակի խնդիր եղավ արեւմտահայերենը արեւելահայերենու վերածելու հարցում, բան մը որ այդքան էլ դժվար չէր, որովհետեւ մենք արդեն Դամասկոսում հայկական հեռուստակայաններ էինք նայում, ծրագիրների էինք հետեւում: - Եթե Սիրիայում դրությունը խաղաղվի, պատրաստվո՞ւմ եք վերադառնալ: - Շատ եմ ուզում, շատ եմ ցանկանում, ամեն օր աղոթում եմ, որ այնտեղ դրությունը բարելավվի: Ինչ վերաբերում է իմ վերադարձին, ինչպես ըսիՙ ես տրամադրված եկած եմ այստեղ մնալու, այստեղ խարիսխ նետելու` անտեսելով բոլոր դժվարությունները: |