«ՍՈՒՄԳԱՅԻԹ. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԸՙ ԱՐԱԲԵՐԵՆՈՎ «Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմի արաբերեն տարբերակը ցուցադրվեց Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում: Ցուցադրմանը ներկա էին Եգիպտոսի քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ եւ եգիպտահայ համայնքի անդամներ: Ֆիլմի ցուցադրումից առաջ ելույթ ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, որը մասնավորապես ընդգծեց Սումգայիթի ոճրագործության` ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես ծրագրված լինելը: Նա նշեց, որ Սումգայիթում, ինչպես նաեւ Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացրած հայերի ջարդերի եւ էթնիկ զտումների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով Բաքուն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը` ստահոդ քարոզչություն տարածելով Խոջալուի դեպքերի մասին: |