108 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Ա. Մ. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի եւ հողային պետական տեսչության պետ Սամվել Մկրտչյանը երեկ լրագրողներին պատմեց տեսչության 2012-ի աշխատանքների մասին: Նա տեղեկացրեց, որ հանրապետության 10 մարզերում տեսչությունը ստուգումներ է իրականացրել եւ 517 ուսումնասիրված համայնքներից 108-ում արձանագրել հողային օրենսդրության խախտումներ: Հողերի ապօրինի օգտագործում, հողերի նպատակային նշանակության, գործառնական նշանակության փոփոխություններ եւ այլն: Ընդհանուր առմամբ, շուրջ 20 մլն դրամի տույժերի են ենթարկվել 104 համայնքների ղեկավարներ, 4 մարզպետարանների մարզային հողային տեսչության մասնագետներ ենթարկվել են կարգապահական տույժերի, իսկ 4 համայնքների ղեկավարների խախտումներին իրավական գնահատական տալու համար հաղորդագրություններ են ուղարկվել դատախազություն: Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց, որ նվազագույն տուգանքի չափը 100 հազար դրամն է, իսկ եթե խախտումը կրկնվում է կամ շարունակվում, ապա կարող է հասնել մինչեւ 2,5 մլն դրամի: |