ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզմանը մասնակցեցին ուսումնամարզական հավաքի հրավիրված 20 ֆուտբոլիստներից 17-ը: Վնասվածքի պատճառով պարապմունքին չմասնակցեց Դավիթ Մանոյանը, իսկ Ռոման Բերեզովսկին ու Էդգար Մանուչարյանը դեռեւս Երեւան չէին ժամանել: Պարապմունքից հետո ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ հանդիպեցին լրագրողների հետՙ իրենց կարծիքն արտահայտելով առաջիկա խաղի վերաբերյալ: Հենրիխ Մխիթարյան - Անկախ խաղի կարեւորությունից, իմ սպասելիքները միշտ էլ մեծ են: Չեխիայի հավաքականն իրոք ուժեղ է իր ամբողջական կազմով, այնպես որ ոչ մեկին չեմ առանձնացնի: Չեխերի հաջող խաղը Եվրոպայի առաջնության ժամանակ պատահականություն չէր: Ես հետեւել եմ չեխերի ելույթներին Եվրոպայի առաջնության ժամանակ: Չեխիայի հավաքականում է հանդես գալիս իմ թիմակից Հյուբշմանը, որին առաջնության ընթացքում սատարում էի: Թեեւ չեխերի հետ խաղում մենք կազմի լուրջ կորուստներ կունենանք, սակայն ներդնելու ենք ողջ ուժերը հաղթելու համար: Իմ մարզավիճակի մասին կարող է կարծիք կազմել հավաքականի գլխավոր մարզիչը: Իսկ ես կանեմ հնարավոր ամեն բան օգնելու մեր հավաքականին հաղթելու մրցակցին: Արտյոմ Խաչատուրով - Չեխերի հետ հանդիպման նախապատրաստությունը նորմալ է ընթանում, հավաքականում աշխատանքային մթնոլորտ է: Ամեն ինչ անում ենք, որպեսզի կազմ ու պատրաստ ներկայանանք հանդիպմանը: Մրցակիցների հաղթելու հնարավորությունները հավասար եմ գնահատում: Ամեն դեպքում մենք սեփական հարկի տակ ենք խաղալու, ուստի պետք է հաղթենք: Լսել եմ խոսակցություններ, որ հավանաբար կխաղամ հենակետայինի դիրքում: Այդ դիրքում վերջին անգամ 3 տարի առաջ եմ խաղացել: Պատրաստ եմ խաղալ այն դիրքում, որտեղ նպատակահարմար կգտնի մարզիչը: Լյուքսեմբուրգի հավաքականի հետ անցկացրած ընկերական հանդիպումը դեռեւս չենք վերլուծել, թեեւ ինքս իմ սխալները վերհանել եմ: Բայց դեռեւս պետք է քննարկենք մարզչի հետ: Գիտեմ, որ Չեխիայի հավաքականում բարձրակարգ ֆուտբոլիստներ են ընդգրկված, որոնք խաղում են «Չելսիում», «Արսենալում» եւ այլ առաջատար ակումբներում: Էդգար Մալաքյան - Արդեն բավական ժամանակ խաղում եմ Չեխիայում, ուստի պատկերացում ունեմ մրցակցի մասին: Չեխերը թիմային խաղ են ցուցադրում, հավաքականն ուժեղ է: Պետեր Չեխն էլ, որը Հայաստանի հավաքականի հետ խաղում 100-րդ անգամ խաղադաշտ դուրս կգա, լավ դարպասապահ է: Սակայն յուրաքանչյուր դարպասապահի էլ կարելի է գոլ խփել: Իմ կարծիքով, չեխերի թույլ կողմը նրանց կենտրոնական պաշտպաններն են: Եթե համեմատենք մեր հավաքականի հետ, ապա չեխերը չունեն այդքան շատ լավ ֆուտբոլիստներ: Թեեւ մենք կորուստներ ունենք, սակայն ի զորու ենք հաղթել չեխերին մեր համախմբվածությամբ, հավաքվածությամբ ու մեկս մյուսի համար պայքարելու ունակությամբ: |