ԿԻՊՐՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ Եկեղեցին պատրաստ է զիջել իր ունեցվածքը Կիպրոսի խորհրդարանը միաձայն մերժել է բանկային ավանդների վրա հատուկ հարկ դնելու օրինագիծը, դրանով իսկ մերժելով երկրի տնտեսությունը փրկելու նպատակով Եվրոմիության առաջարկած տարբերակը: Օրինագիծը չի պաշտպանել նույնիսկ կառավարող նախագահական կուսակցությունը, որը Եվրոմիության հետ բանակցել էր արտակարգ օգնության շուրջը: Ինչպես նշում է «Ինտերֆաքս» գործակալությունը, քվեարկությունից առաջ փոփոխված ծրագրով նախատեսվում էր չհարկել մինչեւ 20 հազար եվրո ավանդները, մինչեւ 100 հազարի հարկման տոկոսադրույքը դարձնել 6,75 %, ավելի քան 100 հազարըՙ 9,9 %: Այժմՙ քվեարկությունից հետո, Բրյուսելում սպասում են, թե Կիպրոսն ինչ նոր բան կառաջարկի երկրի բյուջեն 5,8 մլրդ եվրոյով հարստացնելու համար, որպեսզի ԵՄ-ից եւ ԱՄՀ-ից ստանա 10 մլրդ եվրո օգնություն: Եթե կղզու իշխանությունները չկարողանան պայմանավորված լրացուցիչ միջոցները գտնել, ապա երկրի բանկային համակարգը կարող է փլուզվել: «Ֆայնենշըլ թայմս» թերթը չի բացառում եվրոգոտուց Կիպրոսի դուրս գալու հնարավորությունը: Եվ ահա երեկ Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Խրիզոստոմ Բ արքեպիսկոպոսը նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպում ունենալուց հետո հայտարարեց, որ եկեղեցին պատրաստ է իր ակտիվներն օգտագործել պետությանն օգնելու համար: Ուղղափառ եկեղեցին ունի կալվածքներ, անշարժ կայք, ձեռնարկություններ, այդ թվումՙ բանկերի բաժնեմասեր: Հոգեւոր առաջնորդը նպատակահարմար է գտնում եվրոգոտուց երկրի դուրս գալը, սակայն ոչ հիմա, քանի որ արդեն պայմանավորվածություն կա 10 միլիարդի օգնության վերաբերյալ: Արքեպիսկոպոսը իր երկրի նկատմամբ ԵՄ վարկատու երկրների դիրքորոշումը համարում է վիրավորական: Նրա խոսքերով, կղզու տնտեսությունը ներկայիս ողբալի վիճակին հասցնողները պետք է բանտարկվեն: |