ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԱՆԱԿՆԿԱԼՈՎ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը շուտով բոլոր այցելուներին կներկայանա հետաքրքրական անակնկալով. կնախապատրաստվի եւ կառանձնացվի մի անկյուն, որտեղ այցելուն ակամայից կհայտնվի «Ձախորդ Փանոս» հեքիաթի «թոհուբոհի» մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ծրագիրը կիրականացվի 3D անիմացիայի միջոցով, որն այցելուներին կստիպի հանկարծակիի գալ եւ շարժվել հեքիաթի թելադրած կանոններով: Թանգարանում նման վիրտուալ հետաքրքրական ծրագիր իրականացնելու փորձ արդեն ունեն: Ամեն ինչ շատ իրական ու միաժամանակ անհավանական է. ացելուն հանդիպում է Թումանյանին, որ նստում, թերթ է կարդում, թերթը դնում սեղանին, քայլում ու ժպտում: Մինչ Թումանյանին «հանդիպելը», այցելուն ինտերակտիվ խաղի մեջ Է մտնում եւ ինչ-որ չափով կանխազգում, որ շուտով տեսնելու է մեծ գրողին: Թանգարանը գրավիչ դարձնելու խնդիր կա այսօր ոչ միայն Հայաստանում, այլեւ շատուշատ երկրներում: Նմանատիպ ծրագրերի ներդրմամբ եւ իրականացմամբ իրավիճակը փոքրիշատե փոխվում է: |