12 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԶԵԲ-ԻՑ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ» Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրեցին նոր պայմանագիր 12 մլն դոլարի չափով «Ամերիաբանկին» վարկ տրամադրելու մասին, որից 9 մլն դոլարն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 3 մլն դոլարը` վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվում է դոլարով կամ դրամով: «Մենք ուրախ ենք շարունակելու մեր արդյունավետ համագործակցությունն «Ամերիաբանկի» հետ` զարգացնելու համար ՀՀ տնտեսության մասնավոր հատվածը: Այս վարկի շնորհիվ տեղական ձեռնարկությունները հնարավորություն կունենան օգտվելու երկարաժամկետ ֆինանսավորումից ազգային արժույթով` խուսափելով փոխարժեքների տատանման ռիսկերից: Բացի դրանից, այն կխթանի ներդրումները ՀՀ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտում` ապահովելով էներգիայի տնտեսումը»,- ասաց ՎԶԵԲ-ի Երեւանի գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը : ««Ամերիաբանկը» բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը եւ գտնում, որ ֆինանսավորման միջոցների ներգրավումը «Ամերիաբանկի» համար կստեղծի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման նոր հնարավորություններ: Փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելը «Ամերիաբանկի» վարկային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է, այս ֆինանսավորումը կմեծացնի բանկի կողմից ՓՄՁ վարկավորման ծավալները եւ էապես կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը, ներքին եւ արտաքին շուկաներում նրանց մրցունակության բարձրացմանը: Ֆինանսավորումը կօգնի մեծացնել նաեւ Հայաստանի ներքին էներգաարտադրությունը եւ կնպաստի էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու էներգախնայողությանը»,- նշեց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը : |