RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013



Տեղադրվել է` 2013-04-16 23:43:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1147, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 48

«ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է, ԲԱՅՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տնտեսությանը եւ անշարժ գույքի շուկային անդրադարձան Գործատուների հանրապետական միության նախագահը եւ «Ակցեռն» գործակալության տնօրենը

«Ինչպիսի՞ ազդեցություն է թողնում անշարժ գույքի շուկայի վրա ընտրական գործընթացը հարցին» պատասխանելով երեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ ընտրությունները բնակարանային ֆոնդի գործարքների վրա ազդեցություն չեն թողնում: Ազդեցությունը լինում է կոմերցիոն տարածքների, հողամասերի գործարքների վրա, որոնք առավելապես առնչվում են բիզնեսին:

Մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էր: Նրա կարծիքով, տնտեսության վրա ընտրություների ազդեցության առումով այս տարվա իրավիճակը տարբերվում է նախորդներից մի քանի առումներով: Ընտրություններին այս անգամ չմասնակցեցին մի քանի կուսակցություններ, չավելացնելով լարվածություն, Հանրապետական կուսակցությունը նույնպես չօգտագործեց օլիգարխիկ եւ խոշոր բիզնեսին ընտրական գործընթացում, ընտրական տեխնոլոգիաները կատարելագործվել են եւ դարձել ավելի կառավարելի: Տնտեսության մեջ անկումներ չեն եղել, ընդհակառակըՙ աճ է եղել, բայց գործազրկությունը պահպանվել է նույն մակարդակի` 19,7 տոկոսի վրա: Գագիկ Մակարյանը հիշատակեց նաեւ ԵՄ զեկույցը Հայաստանի մասին, համաձայն որի, գործազրկությունը Հայաստանում կազմում է 18,4 տոկոս, որը Հայաստանի կառավարությունը պարտավորեցրել է իջեցնել մինչեւ 15 տոկոս:

Կառավարության դրական քայլերից Գործատուների միության նախագահն առանձնացրեց ավելի կառուցվածքային աշխատանքը հարկային վարչարարության, ստուգումների հետ կապված, 11 ճյուղերի առանձնացումը եւ նրանց աջակցության ծրագրերի իրականացումը, առանձին ձեռնարկությունների խթանումը, եթե դրանք դիմում եւ զարգացման առաջարկ են ներկայացնում:

Թերություններն այն են, որ խոշոր եւ միկրո բիզնեսը բեւեռացված են, միջին խավը չի հասցնում կայանալ նաեւ տարբեր հարկային փոփոխությունների պատճառով: «Պետք է միկրոբիզնեսին ազատականացնել, որ զարգանա, եւ դրանով լուծի նաեւ զբաղվածության խնդիրը», նշեց Գագիկ Մակարյանը: Որպես բիզնեսի համար աննպաստ հարկային փոփոխությունների օրինակ նա բերեց ստոմատոլոգների օրինակը, որը պետական բյուջե լրացուցիչ 6 մլն դրամ բերեց: Այդ գումարը, ըստ Գագիկ Մակարյանի, կարելի էր ստանալ ավելի խոշոր բիզնեսից: Նրա կարծիքով, փոքր բիզնեսից ստացվող 100 մլն դոլար հարկերը նույնպես կարելի է հավաքել խոշոր բիզնեսից եւ թույլ տալ, որ փոքր բիզնեսը զարգանա:

«Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը նշեց, որ անշարժ գույքի շուկան առաջինն է զգում ընդհանուր տնտեսության վատթարացումը եւ վերջինը` տնտեսության վիճակի բարելավումը: Այսինքն, դեռ այդ բարելավումը անշարժ գույքի շուկային չի հասել: Հակոբ Բաղդասարյանը ծիծաղելի համարեց հիփոթեքային վարկերի քանակը, որը տարեկան տատանվում է 500-2000-ի սահմաններում: Մինչդեռ այդ ցուցանիշը կարելի է տասնյակ անգամներով ավելացնել: Անշարժ գույքի գործակալության տնօրենի կարծիքով, այս իրավիճակի պատճառը բանկերի խիստ մոտեցումներն են հիփոթեքային վարկեր տրամադրելիս: «Այն դեպքում երբ հիփոթեքային վարկ տրամադրելիս պահանջվում է 30 տոկոս կանխավճար, ռիսկը բանկի համար գրեթե զրոյական է դառնում, հետեւաբար խիստ պահանջներ կարելի է դնել միայն առանց կանխավճարի վարկերի տրամադրման դեպքում», ասաց Հակոբ Բաղդասարյանը, անհրաժեշտ համարելով, որ պետությունը որոշակիորեն ազդի այս իրավիճակի վրա` իր վրա վերցնելով հիփոթեքային վարկերի որոշակի ռիսկեր կամ սուբսիդավորելով վարկերի տոկոսների մի մասը:

Խոսելով անշարժ գույքի շուկայում ներկայումս ձեւավորված իրավիճակի մասինՙ «Ակցեռնի» տնօրենն ասաց, որ շուկայում գնային փոփոխություններ չկան, Հայաստան մտնող դրամական փոփխանցումների որոշակի մասը մտնում է նաեւ անշարժ գույքի շուկա եւ շուկայի վիճակը կարելի է համարել «կայուն կանգնած»: Նրա հավաստիացմամբ, իրավիճակի վրա չի ազդել նաեւ սիրիահայերի հոսքը Հայաստան, քանի որ նրանց թիվը մեծ չէ` 5-6 հազար մարդ, եւ մեծ մասը սպասողական վիճակի մեջ է:

«Ազգի» հարցին, թե ի՞նչ զարգացումներ են հնարավոր ապագայում այս ոլորտում, Հակոբ Բաղդասարյանը պատասխանեց, որ հաջողությունը կապված է մենեջմենտի հետ` ժամանակն է փոխելու մենեջմենտը եւ անցնելու երկարատեւ լուծումների, հրաժարվելով այս պահին 1 մլն դրամ բերող լուծումներից: Մեր մյուս հարցն այն էր, թե ինչպե՞ս է գործակալության տնօրենը գնահատում անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած շուկայական միջին գների վերլուծության մեջ գների փոքր աճի ցուցանիշը: Հակոբ Բաղդասարյանը պատասխանեց, որ դա կապված է մեթոդաբանության հետ, քանի որ կադաստրի հրապարակած տվյալների մեջ փոխարժեքի փոփոխությունները հաշվի չեն առնվում եւ հրապարակված գների աճը իրականում կարող է չլինել կամ անգամ գների անկում լինել:

Մեր վերջին հարցըՙ ուղղված Հակոբ Բաղդասարյանին, այն էր, թե ինչպե՞ս է նա մոտենում երկու հակադիր տեսակետներին նորակառույց բնակարանների վերաբերյալ, համաձայն մեկիՙ նորակառույց բնակարաններն ավելի մեծ պահանջարկ ունեն, իսկ մյուսի` նորակառույց բնակարանների մեծ մասը դատարկ են: «Ակցեռնի» տնօրենը յուրօրինակ պատասխան տվեց, ասելով, որ երկու տեսակետն էլ ճիշտ են` «նորակառույցների պահանջարկն ավելի մեծ է, բայց նորակառույցների պահանջարկը բացակայում է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ