RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-04-16 23:43:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1391, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 71

ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԼՈՒԾԵԼ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ, ՉԳԻՏԵՆՔ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Բայց կարգավորման նախապայմանը արյունահեղության դադարեցումն է

Թուրքիայում օրակարգի առաջնահերթ խնդիրը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության PKK-ի հետ հաշտեցման գործընթացն է: Թեեւ գործընթացը սկզբնավորվել է PKK-ի բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մարտի 21-ի ուղերձով, որտեղ նա իր կազմակերպության մարտիկներին զենքը վայր դնելու եւ երկրի սահմաններից հեռանալու կոչ էր արել, սակայն ուղերձին նախորդել էին թուրքական իշխանությունների հետ ամիսներ տեւող բանակցությունները:

Թե ինչ ընթացք կունենա PKK-թուրքական իշխանություն հաշտեցումը, դժվար է կռահել: Դժվար է կռահել նաեւ այն, թե երկրի սահմաններից PKK-ի մարտիկների անզեն հեռացումից հետո վարչապետ Էրդողանի կառավարությունը ինչ քայլեր կձեռնարկի երկրում քրդական հարցի լուծման ուղղությամբ, չգիտենք: Բայց որ այդ հարցի լուծման PKK-իշխանություն հաշտեցումը չի հանգեցնի երկրում թուրք-քուրդ հաշտեցման, ակնհայտ է:

Կան նաեւ այլ հարցեր: Օրինակՙ քրդերին որքանով կբավարարեն Էրդողանի կառավարության քայլերը կամ քրդական հարցի կարգավորում ասելով ի՞նչ են նրանք հասկանում: Այս հարցերը հստակ պատասխան առայժմ չունեն: Միանշանակ չէ նաեւ զենքը վայր դնելու Օջալանի կոչին PKK-ականների մոտեցումը:

Ինչ վերաբերում է թուրքական քաղաքական շրջանակներին, ապա նրանք էլ PKK-ի հետ հաշտեցման գործընթացը պայմանավորում են Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցնելու վարչապետ Էրդողանի հաշվարկների հետ, թե քրդերին զիջումներ է անում, որ նախագահ ընտրվելու առումով ստանա քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորների աջակցությունը խորհրդարանում:

Ավելին, ընդդիմադիր, ազգայնական շարժում կուսակցությունը հաշտեցման գործընթացի համար վարչապետ Էրդողանին շարունակաբար մեղադրում է դավաճանության մեջ, իսկ ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հայտարարություն է անում, թե իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը մտադիր է երկրում փոխել վարչական համակարգը:

Այլ կերպ, PKK-ի հաշտեցման հարցում վարչապետ Էրդողանի վիճակը ավելի քան աննախանձելի է: Ընդ որում, Թուրքիայում իշխանությունն ու ընդդիմությունը, թուրքերն ու քրդերը, ինչպես նաեւ PKK-ն գիտակցում են արյունահեղությանը վերջ տալու անհրաժեշտությունը: Դրա նախապայմանը PKK-ի հետ անվտանգության ուժերի բախումների դադարեցումն է, դա ենթադրում է, որ քրդական այս կազմակերպության մարտիկները վայր դնեն զենքը:

Համենան դեպս, եթե ոչ քրդական հարցի կարգավորման, ապա գոնե արյունահեղության դադարեցման հարցում վարչապետ Էրդողանը վճռական է: Շնորհիվ նրա հաշտեցման այս նախաձեռնության, վերջին երեք ամիսների ընթացքում ոչ PKK-ն, ոչ էլ թուրքական անվտանգության ուժերը զոհեր չեն տվել: Մինչդեռ, անցյալ տարի կողմերից յուրաքանչյուրի տված զոհերի թիվը գերազանցել էր 880-ը:

Խնդիրը, սակայն, սոսկ վարչապետ Էրդողանը չէ, այլ իբրեւ քաղաքական նախաձեռնություն թուրք-քուրդ հաշտեցմանը նպաստելու համար նրա ձեւավորած «իմաստուն գործիչների» պատվիրակությունը, որի անդամները նույնպես դարձել են ընդդիմության հարձակումների թիրախը: Այդ անդամներից, որոնց մեջ է մեր հայրենակից Էթիեն Մահճուպյանը, թերեւս պետք է առանձնացնել Մուրադ Բելգեին, Դողու Էրգիլին, Բերիլ Դեդեօղլուին, Օրալ Չալըշլարին եւ Բասքըն Օրանին:

Նրանց մի մասը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ մյուսը պահանջում է, որ Թուրքիան վերանայի Հայոց ցեղասպանության պաշտոնական թեզը հանդիսացող ժխտողականությունը:

«Իմաստուն գործիչների» պատվիրակությունը բաժանվել է յոթ վարչատարածքային խմբերի, որոնք բացատրական աշխատանքներ են տանում բնակչության շրջանում: Էգեյան խումբը ապրիլի 13-ին եղել է Իզմիրում, որտեղ «Ջումհուրիեթի» վկայությամբ ցնցող հայտարարություններ է արել խմբի անդամ Բասքըն Օրանը:

Ահա թե ինչ է ասել. «Մենք 1915-ին հայերի ջարդերից հետո կարեւոր որեւէ խնդիր չենք լուծել: Բոլոր խնդիրներն ավլել ենք բազմոցի տակ: Հայկական հարցը, քրդական հարցը, իսլամականության խնդիրը երկրում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությամբ գուցե մի քիչ ցավոտ ձեւով, բայց մտան կարգավորման փուլի մեջ: Հայկական հարցի լուծումը դեռեւս ժամանակ է պահանջում: Քրդական հարցը շարունակում է որպես տաբու ծառանալ մեր առջեւ: Այս խնդիրները բազմոցի տակ ավլելիս չէինք հաշվարկել, որ դրանք այնտեղ կնեխեն եւ զոմբիացած կհարձակվեն մեզ վրա: Ահա այդ զոմբիները ոչ թե թաղված, այլ բազմոցի տակ ավլված դիակներն են, որ ահ ու սարսափ են ներշնչում մեզ: Ես ուզում եմ քանդել ազգային այս պետությունը, որը կազմավորված է մեկ ազգի գերազանցության սկզբունքով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ