ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ Հ. Հ. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում որպես բնապահպանական խնդիր առանձնացված է աղբահանությունը: ԲՀԿ-ականները խնդրի լուծման առավել արդյունավետ միջոց համարում են աղբավերամշակման գործարանի կառուցումն ու շահագործումը: ԲՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Գուրգեն Գասպարյանի գնահատմամբՙ պետք է կառուցվի մեկ ընդհանուր տեղՙ աղբավերամշակման գործարան, եւ դրանով կարելի է խնդիրը լուծված համարել: Որ Երեւանին աղբավերամշակման գործարան է հարկավորՙ փաստում է նաեւ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը ՙ հավելելով, որ նման գործարաններ գործում են աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում եւ հսկայական օգուտ են տալիս շրջակա միջավայրին: ՕԵԿ ներկայացուցիչ Հրայր Մարգարյանն էլ առաջնային է համարում քաղաքի գլխավոր հատակագծի խնդիրը: ՕԵԿ-ական թեկնածուն ուշադրության է հրավիրում շինթույլտվության գործընթացին, որը պետք է լինի օրենքի սահմաններում: Պետք է աշխատի բնապահպանական փորձաքննություն անցկացնող ինստիտուտը: «Բարեւ, Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը համամիտ է, որ խախտված է մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը: Նա շեշտում է, որ նախ պետք է քաղաքացուն վերադարձվեն կանաչ տարածքները: Այսօր մեկ քաղաքացուն բաժին ընկնող կանաչ գոտին երկու անգամ զիջում է սահմանված նորմերին: Մայրաքաղաքում ընդունվել են բազմաթիվ ապօրինի որոշումներ, որոնց միջոցով կանաչ տարածքների փոխարեն այսօր բետոնապատ կառույցներ են: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից Եվա Թովմասյանն ուշադրության է հրավիրում մայրաքաղաքում օդի աղտոտվածությանը: Այս ամենը կանաչ տարածքների քչացման հետեւանքն է: «Կանաչ տարածքների փոխարեն այժմ բարձրահարկ շինություններ են: Եկեք չմոռանանք Հրազդանի կիրճը, որը վերածվել է ռեստորանների շքերթի: Դրանց մեծ մասը ապօրինի շինություններ են»: Որ մայրաքաղաքում բազմաթիվ են ապօրինի շինություններըՙ հաստատում են նաեւ Դաշնակցությունում: ՀՅԴ-ն պայքարելու է առաջին հերթին ապօրինի շինությունների դեմ: Հետո արդեն կմտածեն կանաչապատման, շինությունների ամրացման եւ այլ հարցերի մասին, սակայն նախ պետք է օրենք հաստատել մայրաքաղաքում: |