RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013



Տեղադրվել է` 2013-04-16 23:43:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2075, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 86

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը տվել է 2008-ի մարտի մեկի եւ 2013-ի ապրիլի 9-ի, ըստ իրեն, գլխավոր տարբերակիչ գործոնները: Պարոն Հակոբյանի կարծիքով` «Րաֆֆի Հովհաննիսյանը Լեւոն Տեր-Պետրոսյան չէ, ու այսօրվա ոստիկանությունն էլ 2008-ի ոստիկանությունը չէ»:

Ճիշտ է, հավանաբար «Ժառանգության» մեկ այլ փոխնախագահ, քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանին, իր իսկ խոսքերով` ոտքով հարվածած ոստիկանը «եկել էր» դեռ 2008-ից կամ «պահպանվել էր», բայց ըստ էության, իրոք ոստիկանությունը փոխվել է: Օրինակՙ 2008-ին ոստիկանապետը հրապարակ չէր գա ու չէր միանա Տեր-Պետրոսյանին` Ծիծեռնակաբերդի ճանապարհին: Գուցե որովհետեւ Տեր-Պետրոսյանն այդ ճանապարհը երբեք չէ՞ր նախաձեռնի: Ի վերջո ե՛ւ 2008-ին, ե՛ւ 2013-ին ցուցարարների առաջին շարքում կային սադրիչներ, որոնք փորձում էին բախում հրահել ոստիկանների հետ, նաեւ կանայք, որոնք անպատվում էին իրենց առջեւ կանգնած, իրենց տղաների տարիքի ոստիկաններին, որովհետեւ վերջիններս «ապօրինի իշխանությունների ապօրինի որոշումներ են կատարում» ու «դուրս են եկել ժողովրդի դեմ»... Այն ժամանակ այս ու այլ մի շարք բաները հանգեցրին աղետի, հիմա, փաստորեն, հրապարակում այլ ընդդիմություն էր ու այլ ոստիկան:

Իհարկե, ինչպես ամեն փոփոխություն, այս մեկն էլ չի նշանակում կանգառ, ինչպես երկիրը, այնպես էլ երկրում ամեն բան ենթակա է պարտադիր ու անընդհատ փոփոխության: Օրինակՙ մեր ոստիկանությունում արդեն քիչ չեն կին ոստիկանները, ու պատկերացրեք, թե ի՞նչ կլիներ, եթե բողոքավոր ժողովրդի դիմաց, առաջին շարքում հենց նրանք կանգնեին, ոչ թե սարսափ ու վախ ներշնչելու, այլ լարվածությունը թուլացնելու, ցասումը մարելու նպատակով:

Ցուցարարները կցանկանա՞ն արդյոք հարձակվել եւ ոստիկանները կկարողանա՞ն արդյոք հարվածել, ծեծել: Չէ՞ որ ի վերջո ոստիկաններին պետք է, որ ցուցարարները չհարձակվեն, իսկ վերջիններիսՙ որ ոստիկանները չհարվածեն, չծեծեն:

Երեկ ոստիկանության տոնն էր, ու հնչած շնորհավորանքներին միացել է նաեւ ապրիլի 9-ին հրապարակի` «ժողովրդի մասում» կանգնած Ռուբեն Հակոբյանը. «Իհարկե շնորհավորում եմ մեր ոստիկանների տոնը: Ու ցանկանում եմ, որ Հայաստանի քաղաքացին փողոցում ոստիկան տեսնելիս ոչ թե վախենա, այլ զգա, որ իր կողքին կանգնած է օրենքի պաշտպանը», ասել է «Ժառանգության» փոխնախագահը:

Լավ կլինի, որ մեր երկրում փոփոխությունները միմյանցից կախված չլինեն, ասենք, ոստիկանության լավ լինելը պայմանավորված չլինի ընդդիմության լավ լինելով ու հակառակը: Յուրաքանչյուր ոլորտ իր ներսում փոխվի, հակառակ պարագայում, միմյանցով պայմանավորելով, իրար սպասելով, երկրում ոչինչ չի փոխվելու, անգամ կադրային փոփոխություններից հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ