RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-04-16 23:43:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1804, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ՏԱՆԳՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Մ. Հ.

«Տանգոյի» շնչով ութ համերգային ծրագիր` երեւանյան տանգոյի միջազգային փառատոնի շրջանակում: Այս տարի փառատոնի օտարերկրացի հյուրերն են` արգենտինացի հայտնի բանդոնեոնահար Վալտեր Ռիոսին եւ երգչուհի Մարիել Դյուպետին:

Նրանք ելույթ կունենան «Կադանս» անսամբլի հետ Գյումրիում եւ Երեւանում: Մասնավորապես` ապրիլի 17-ին «Վերածնունդ» միջազգային 5-րդ փառատոն-մրցույթի շրջանակում` Գյումրիում, իսկ ապրիլի 20-ին Երեւանում` Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնի 7-րդ համերգը նախատեսված է մայիսին Վանաձորում, իսկ եզրափակիչ 8-րդ համերգը` հունիս-հուլիս ամիսներին:

Իսկ մարտի 26-ից ապրիլի 5-ը «Կադանս» անսամբլի նախափառատոնյան ելույթները նախատեսված էին երիտասարդության համար` Երեւանի պետական համալսարանում, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական եւ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարաններում:

Ի դեպ, եզրափակիչ համերգը հատկանշանական է այն առումով, որ նախատեսվում է Աստոր Պյացոլլայի «Տարվա եղանակներ» հանրահայտ ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսը: Պյացոլլայի այս գլուխգործոցը հայ կոմպոզիտոր Կարեն Անանյանի կողմից հատուկ վերամշակվել է հնգյակի, մարիմբայի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար, որպեսզի «Կադանս» անսամբլը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացնեն 2013 թ. Երեւանյան միջազգային տանգո փառատոնի շրջանակներում:

ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Դիեգո Ալվարես Ռիվերան փառատոնը կարեւորում է, քանի որ այն եւս ապահովում է երկու երկրների միջեւ մշակութային կապ:

Ըստ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի տանգոյի միջազգային փառատոնը արդեն հասցրել է սիրվել նաեւ հանրության կողմից. «Տանգոյի միջազգային փառատոնը որոշակի ուղղվածություն է ապահովում երաժշտական փառատոնների շրջանում: Փառատոնը կարեւոր է նրանով, որ անցկացվում է նաեւ մարզերում»:

Հատկանշական է, որ Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ» երգը` որպես անակնկալ կկատարի արգենտինացի երգչուհի Մարիել Դյուպետին. «Սովորաբար որ երկրում համերգ եմ տալիս, նախքան այդ մի փոքր ծանոթանում եմ երկրի մշակույթին, իսկ այդ մշակույթը կրող ժողովրդին շնորհակալություն հայտնելու համար այդ լեզվով որեւէ ստեղծագործություն եմ կատարում»:

Ինչպես պատմեց երգչուհին, սկզբում, երբ լատինատառ կարդաց երգի բառերը, դժվարությունների առջեւ կանգնեց, ապա հայերի օգնությամբ սերտեց բառերը եւ այժմ ճիշտ շեշտադրությամբ է կատարում: Մարիել Դյուպետի համար իրար հասկանալու ամենալավ տարբերակը երաժշտությունն է:

Իսկ արգենտինացի բանդոնեոնահար Վալտեր Ռիոսն առաջին անգամ է գտնվում Հայաստանում: Անդրադառնալով համերգային ծրագրին եւ «Կադանս» անսամբլին, ասաց, որ իր վրա շատ լավ տպավորություն է գործել. «Կադանս» անսամբլի անդամները բացի լավ երաժիշտներ լինելուց, նաեւ լավ մարդիկ են»: Երաժիշտը նաեւ շփվում է Արգենտինիայի հայ համայնքի հետ եւ ունի մի շարք հայ երաժիշտ ընկերներ: Մաեստրո Ռիոսը ձայնագրել է արգենտինյան ու լատինամերիկյան շատ ֆիլմերի երաժշտություններ` աշխատելով այնպիսի ռեժիսորների ու գործիքավորողների հետ, ինչպիսիք են Օսկար Օքամպոն, Մարիանո Մորեսը, Լեոնարդ Բակարդին եւ Լալո Շիֆրին: Երաժիշտը հրավիրվել է նաեւ Լոնդոն, համերգներ տանելու Բուկինգեմի պալատում` Անգլիայի թագուհու համար: Վալտեր Ռիոսը «Տանգո» եռյակի հիմնադիրն է, բացի այդ հանդիսանում է Բուենոս Այրեսի երաժշտական քառյակի հիմնադիրներից մեկը:

Նշենք, որ փառատոնի առաջին համերգը կայացել է 2010 թ. հոկտեմբերի 30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետեւ, 2011 թ. ապրիլին տեղի է ունեցել արգենտինացի աշխարհահռչակ բանդոնեոնահար Մարսելո Նիսինմանի եւ դիրիժոր Ֆակունդո Ագուտինի երկու համերգը «Կադանս» անսամբլի եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նույն տարվա մայիսին, Երեւանում փառատոնի շրջանակներում, կայացել է Ռուսաստանի հեղինակավոր խմբերից մեկի` «Տերեմ» քառյակի երկու անմոռանալի ելույթ եւս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ