ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է Կցանկանա՞ «Շախտյորը» բաժանվել իր ռմբարկուից Ուկրաինայի առաջնությունում Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ խաղը գրավել է եվրոպական մի խումբ ակումբների ուշադրությունը, որոնք ցանկանում են իրենց կազմում ընդգրկել հայ ֆուտբոլիստին: Վերջին շրջանում նման խոսակցությունները շատ են: Հենրիխ Մխիթարյանն էլ արդեն սկսել է որոշ չափով բացել փակագծերը: Մասնավորապես «Մեծ ֆուտբոլ» հեռուստահաղորդման ժամանակ նա հետեւյալն է ասել. «Կցանկանայի խաղալ եվրոպական ուժեղ առաջնություններից մեկում: Ինձ լավ եմ զգում «Շախտյորում», սակայն կարծում եմ, որ ակումբի ղեկավարությունն ըմբռնումով կմոտենա իմ ցանկությանը, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ժամանակի ընթացքում ցանկանում է փոխել թիմը: Կարծում եմ, որ մրցաշրջանի ավարտին ամեն ինչ պարզ կլինի»: Մխիթարյանով հատկապես շատ են հետաքրքրված անգլիական ակումբներըՙ «Չելսին», «Մանչեսթր Սիթին», «Արսենալը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը»: Ըստ անգլիական լրատվամիջոցների, Հենրիխը «Չելսիում» դիտարկվում է որպես Ֆրենկ Լեմփարդի գլխավոր փոխարինող: Վերջինս մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է հեռանալ թիմից: Հավանաբար նա կընտրի «Լոս Անջելես Գելեքսին», որտեղ հանդես էր գալիս Դեւիդ Բեքհեմը: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մինչեւ 2015-ի ամառը գործող պայմանագիր ունի «Շախտյորի» հետ: Ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը, որը մեծ դերակատարում ունի Դոնեցկի «Մետալուրգից» «Շախտյոր» Հենրիխի տեղափոխության հարցում, կասկածում է, որ ակումբի նախագահ Ռինատ Ահմետովը կհամաձայնվի վաճառել Մխիթարյանին: Ինչ խոսք, ամեն ինչ կախված է «Շախտյորի» ղեկավարությունից: Թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն էլ մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե կցանկանար, որ Մխիթարյանը շարունակեր երկար տարիներ հանդես գալ իր գլխավորած թիմում: Եթե իրոք «Շախտյորը» մտադիր չէ տրանսֆերի հանելու Մխիթարյանին, ապա եվրոպական ակումբներից առաջարկի դեպքում կարող է բավականին խոշոր գումար պահանջել, որպեսզի գործարքն այդպես էլ տեղի չունենա: |