ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑՆ ՈՒ ԿՐՃԱՏՎԱԾ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հրաչ Բերբերյանի հերթական «փորձագիտական» եզրակացությունները Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը վերջերս հերթական «փորձագիտական» ցնցող եզրակացությունն է արելՙ կայքերից մեկում հայտարարելով, թե կարտոֆիլի ցանքատարածություններն այս տարի կկրճատվեն 50 տոկոսով, իսկ պղպեղինը, լոլիկինն ու սմբուկինը` 30 տոկոսով: Ընդ որում, իրեն փորձագետ համարող այս մարդը չի նշել, թե քանի՞ հեկտար են կազմում հիշյալ մշակաբույսերի ցանքատարածությունները, որքանո՞վ են դրանք նվազելու, քանի որ այդ դեպքում նոր հարցեր կառաջանան, որոնց նա հաստատ չէր կարող պատասխանել: Իսկ ցանքատարածությունների նման կրճատման պատճառների մասին նրա հիմնավորումները ոչ այլ ինչ են, քան միտինգային ելույթներ: Ըստ Հրաչ Բերբերյանիՙ ցանքատարածությունների նման նվազումը պայմանավորված է չինովնիկներով, որոնք չկարողացան խթանել բանջարեղենի արտահանումը Վրաստան եւ արտագաղթով: Հիմա հարց է առաջանում` մինչեւ այս տարի չինովնիկները խթանո՞ւմ էին արտահանումը, այս տարի սկսեցին չխթանե՞լ: Կամ մինչեւ այս տարի Հայաստանում արտագաղթ չկար, սպառումն ավելանում էր, իսկ այս տարի արտագաղթն այնքան մեծ է, որ կարտոֆիլի նման մեծ սպառում ունեցող մշակաբույսի ցանքատարածությունները նվազելու են 50 տոկոսո՞վ: Այս մարդը հավանաբար ցանկանում է փոխել իր գործունեության տեսակը, քանի որ որպես փորձագետ, ընդ որում` մասնագիտությամբ անասնաբույժ, նրա ասածը ոչ այլ ինչ է, քան անգրագիտություն: Հավանաբար, նա ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ եւ իր ելույթի տեղն է շփոթել: Խորհուրդ կտանք, որ նա գտնի այդ տեղը եւ շտապի Ազատության հրապարակի հերթական հանրահավաքին: Այնտեղ շատ չեն խորանա նման «փորձագետների» ասածների մեջ: Ասաՙ ինչ խելքիդ փչում է եւ ի պատասխան կլսես միայն «այո»: Այդուհանդերձ, Հրաչ Բերբերյանը վերստին հիշել է ցեցը եւ ասել, որ նաեւ դրա պատճառով է նվազել մորմազգիների բերքը: Հիշեցնենք, որ նախկինում եւս ագրարագյուղացիական միավորման նախագահը հայտարարել էր, որ կարտոֆիլի եւ լոլիկի բերքի անկումը պայմանավորված է ցեցով, որ գյուղացիներն իրենց ուժերով չեն կարող պայքարել ցեցի դեմ, պետությունն էլ չի պայքարում, միայն մորեխի դեմ է պայքարում եւ այլն: Այստեղ հետաքրքրական է Հրաչ Բերբերյանի այն վարկածը, թե որտեղի՞ց է հայտնվել ցեցը Հայաստանում: Նրա կարծիքովՙ Թուրքիայում, Իրանում եւ Վրաստանում այդ ցեցը կա եւ պարտադիր չէ միտումնավոր բերել Հայաստան: «Ցեցը կարող է Արաքսի վրայով էլ թռչել սահմանն անցնել-գալ», եզրակացնում է միավորման նախագահը: Կարող է, իհարկե, ցեցը թռչել նաեւ գետի վրայով, բայց կարող է նաեւ Հայաստան մտնել ներկրված սերմի միջոցով: Ինչո՞ւ է, սակայն, այս տարբերակը բացառում Հրաչ Բերբերյանը եւ առաջ մղում ցեցի` Հայաստան մտնելու ավելի անմեղ տարբերակ: Բանն այն է, որ 1-2 տարի առաջ Արարատյան դաշտի բնակիչները բողոքում էին պոմիդորի սերմիցՙ ասելով, որ իրենք այդ սերմը գնեցին Բերբերյանից, բայց բերք չտվեց: Նույնն էին ասում Շիրակի մարզի գյուղացիները դարձյալ «Բերբերյանից առած» կարտոֆիլի սերմի մասին, որը շատ ցածր բերք տվեց: Փաստորեն, առավել հավանական է, որ հենց նրա ներմուծած կարտոֆիլի կամ պոմիդորի սերմերն են վարակված ցեցով, որոնք գնել եւ բերքի կորուստ են ունեցել գյուղացիները: Այլապես ինչո՞ւ սերմեր ներմուծող, իսկ ըստ գյուղացիներից ստացած տեղեկությունների` որոշ դեպքերում էլ որպես նվիրատվություն ստացող սերմերը վաճառող հասարակական կազմակերպության նախագահը, այդպես կասկածելիորեն` կտրուկ բացառում է ներմուծված սերմի միջոցով ցեցի Հայաստան մտելը եւ ամեն ինչ գցում նրա` «Արաքսի վրայով թռչել գալու» վրա: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ցեցի դեմ պայքարել պետք է ոչ միայն դեղանյութերով, այլեւ սերմեր ներմուծելիս: Այսինքն, կանխելով արդեն վարակված սերմի ներմուծումը, որպեսզի ներմուծողները հետո չասեն, թե «բացառված է, որ ցեցը ներմուծվող սերմի մեջ կարող է լինել», թե միայն «Արաքսի վրայով թռչելով է եկել Հայաստան» եւ այլն: |