RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013



ԹԲԻԼԻՍԻ

Տեղադրվել է` 2013-04-16 23:43:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2066, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 74

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ

Ապրիլի 13-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Հայոց մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպել էին Վրաստանի Հայ նկարիչների միությունը եւ Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցությունըՙ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:

Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել Թբիլիսիի, Ջավախքի, ինչպես նաեւ ծնունդով Վրաստանցի, բայց ներկայումս Հայաստանում գործող նկարիչները: Բացելով ցուցահանդեսը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսին մասնակցած շուրջ 35 ստեղծագործողների մեծամասնությունը երիտասարդներ են, ովքեր Հայոց Մեծ Եղեռնի մասին պատկերացում ունեն միայն հաղորդածով: Եվ ցուցասրահում տեղ գտած շուրջ 60 կտավները գույների միջոցով արտահայտված նրանց ցասումն է, արդարության եւ հատուցման պահանջը անմեղ նախնիների տառապանքների եւ դաժան նահատակության համար:

Վրաստանի «Հերակլ Երկրորդ» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Արչիլ Ճկուիձեն, ողջունելով ցուցահանդեսի կազմակերպումը, իր խոնարհումը բերեց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ, կոչ անելով Վրաստան երկրի իշխանություններինՙ հարգել հարեւան քրիստոնյա ժողովրդի ցավը, ճանաչել 1915 թվականի Հայոց եղեռնը եւ հուշարձան կանգնեցնել զոհերի հիշատակին:

Իրենց բողոքը միջազգային հանրության անարդար եւ անտարբեր վերաբերմունքի նկատմամբ արտահայտեցին գրող-թարմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան« թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, ռեժիսոր Միքայել Գրիգորյանը, պատմաբան Ենոք Թադեւոսյանը:

Այնուհետեւ դասական եւ հոգեւոր երգերի կատարմամբ հանդես եկան «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» ավագների երգչախումբը (խմբավարՙ Հովհաննես Համբարձումյան), Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը (խմբավարՙ Սվետլանա Տատոեւա), հնչեցին մեղեդիներ դուդուկահար Վանո Մկրտչյանի եւ դաշնակահար Կարեն Միրզոյանի կատարմամբ:

Օրհնության եւ գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխեց բոլոր մասնակիցներին, այս միջոցառումը, ինչպես նաեւ նմանատիպ այլ միջոցառումները համարեց որպես հուշակոթող անմեղ հայ նահատակներին:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը եւ Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցության նախագահ Հայկազուն Ղարագուլյանը ներկայացրեցին այն ստեղծագործողներին, ում աշխատանքները ճանաչվել են լավագույն:

Ցուցահանդեսի ամենաերիտասարդ մասնակից ճանաչվեց Քրիստինե Բագդացյանը: Երրորդ մրցանակին արժանացավ Լիլիթ Արսենյանը, երկրորդ մրցանակինՙ Անի Քանանյանը, իսկ առաջին մրցանակը շահեց Մարիամ Տիպուխյանն իր «Սգացող կինը» կտավով: Նրանց բոլորին Վիրահայոց Թեմի Առաջնորդարանի կողմից տրվեցին դրամական պարգեւներ:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ ապրիլի 30-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ