RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



100-ամյակ

Տեղադրվել է` 2013-05-06 23:15:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2328, Տպվել է` 140, Ուղարկվել է էլ.փոստով` 68

ԷԴՈՒԱՐԴ ԲԱԳՐԱՏԻ ԱՂԱՅԱՆ

ԳԱՂԹՈՒՀԻ ՀԱՆԱՆՅԱՆ, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ

Վերջերս լրացավ հայ ականավոր հայագետ, ՀՀ ԳԱ իսկական անդամ, բան. գիտ. դոկ., պրոֆ. Էդուարդ Բագրատի Աղայանի ծննդյան 100-ամյակը:

Կյանքի իմաստավորված եւ արգասալից ուղի է անցել Աղայանը: Վաղաժամ (մեկ տարեկանում) զրկվելով հայրական հոգածությունից ու խնամքից` ապագա մեծ գիտնականը, հետագայում բացառապես ինքնուրույն ու միայնակ է հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները: Լինելով ի վերուստ օժտված, բազմաձիր, խելացի եւ աշխատասեր` դեռ մանկական ու պատանեկան հասակից կարողանում էր համատեղել հոգեւոր պահանջների բավարարումը կենցաղային դժվարությունները հարթելու անհրաժեշտության հետ: Նա օգնում էր մորը տնտեսության մեջ, աշխատում հայրենական այգում, հայրենի գյուղի կոլտնտեսության հաշվապահությունում` զուգակցելով ուսումն ու աշխատանքը:

Հայկական բնաշխարհի այդ հեռավոր, գեղեցիկ ու բանաստեղծական անկյունը իր ընտրյալ զավակի մեջ խտացրել էր մարդկային բոլոր շնորհները` ուժեղ, կուռ տրամաբանություն (այստեղից էլ` սերը մաթեմատիկայի եւ հարակից գիտությունների ու մասնագիտությունների նկատմամբ), գեղեցիկի ու բանաստեղծության նուրբ զգացողություն (այստեղից էլ` սերը հայ դասական պոեզիայի նկատմամբ) եւ անսահման սեր ու անմնացորդ նվիրում մեր մեծասքանչ մայրենիին: Մայրենի լեզվի ու նրա պատմության հանդեպ այդ մեծ սերն ու նվիրումը ուղեկցեցին նրան ողջ կյանքում: Այդ սերն էլ բերեց նրան մայր բուհ, ուր աշակերտեց բանասիրական գիտության այն ժամանակվա մեր բոլոր նշանավոր դեմքերին` Մանուկ Աբեղյան, Գրիգոր Ղափանցյան, Հրաչյա Աճառյան, Արսեն Տերտերյան եւ ուրիշներ: Բացառիկ էր հատկապես մեծանուն Աճառյանի դերը, որը ուումնառության հենց սկզբից նկատել էր պատանու մեծ ընդունակություններն ու սերը հատկապես լեզվաբանական առարկաների նկատմամբ: Աշակերտն էլ որդիական նվիրումով կապվեց իր մեծ ուսուցչի հետ, եւ այդ կապը շարունակվեց ու առավել ամրացավ հետագա ողջ կյանքում:

Աղայանը հայագիտության ասպարեզ մուտք գործեց իբրեւ բարբառագետ: Անդրանիկ աշխատանքը մայրենի` Մեղրու բարբառի քննությունն էր, որն Աճառյանի գիտական ղեկավարությամբ 1941 թվականին պաշտպանեց իբրեւ թեկնածուական ատենախոսություն:

Աշխատանքը 1954 թվականին անհրաժեշտ շտկումներով ու լրացումներով հրատարակվել է առանձին գրքով: Քաջ իմանալով իր մայրենի բարբառի բոլոր նրբությունները` Աղայանն ստեղծել է իր տեսակի մեջ կատարյալ մի գործ, որն ըստ արժանվույն գնահատվել է ժամանակին (տե՛ս տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, Հաս. գիտ., 1955, էջ 97-102): Ի տարբերություն բարբառագիտական նկարագրական նման մենագրությունների, Աղայանը, հենվելով բառապաշարի ծագումնաբանական շերտերի, սրանցում կատարված հնչյունական տեղաշարժերի վրա, ներկայացնում է նաեւ այդպիսի տեղաշարժերի մոտավոր ժամանակագրությունը:

Աղայանը հետագայում էլ ամենատարբեր առիթներով հաճախ է անդրադարձել բարբառագիտության հիմնախնդիրներին: Հայ բարբառագիտության առանցքային խնդիրներից մեկն էլ եղել է եւ դեռեւս մնում է արդի հայ բարբառների ծագման, առաջացման մոտավոր ժամանակաշրջանի եւ դրանց հաջորդականության բացահայտումը: Այս խնդիրներին են նվիրված Աղայանի «Բարբառային հնագույն տարբերություններ հայերենում» (Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, 1958, N 2), «Նոր հայերեն բարբառների առաջացման մասին» (Պատմա-բանասիրական հանդես, 1958, N 2), «Կ չպվպջՌրպ ՈՐՎÿվրՍՏչՏ ՍՏվրՏվՈվՑՌջՎՈ» (ԹՏտՐՏրօ ÿջօՍՏջվՈվՌÿ, 1960, N 4), «Հին հայերենի-իւն (-եան, -ուն) -ուան հոլովումը» (Հանդէս ամսօրեայ, 1987 դ տարի) հոդվածները: Հայերենի բարբառային գոյացությունների վերաբերյալ Աղայանն այն կարծիքին էր, որ «Չի կարելի խոսել առհասարակ հայերեն բարբառների մասին. անհրաժեշտ է տարբերել հին հայերեն բարբառներ եւ նոր հայերեն բարբառներ հասկացությունները եւ դրան համապատասխան էլ կատարել լեզվաբանական, բարբառագիտական հետազոտություններ» (Պատմա-բանասիրական հանդես, 1958, N 2, էջ 226): Հին հայերենի բարբառների մահացման եւ նորերի սաղմնավորման սահմանագիծը Աղայանը համարում է մ. թ. 2-ից 4-րդ, 5-րդ դարերը:

1945 թվականին «Հայ լեզվաբանության պատմություն» աշխատության համար Է. Աղայանին շնորհվել է բան. գիտ. դոկտորի գիտական աստիճան: Աշխատանքի առաջին հատորը լույս է տեսել 1958, երկրորդը` 1962 թվականին:

Գիտության մեջ արագ ու մեծ քայլերով էր առաջ ընթանում Աղայանը: Ունենալով գիտական հետաքրքրությունների լայն ու բազմակողմանի շրջանակ` նա անդրադարձել է հայագիության, ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության առանցքային գրեթե բոլոր հիմնահարցերին: Այս իմաստով հատկապես ընդգծելի են «Լեզվաբանության հիմունքներ» (Ե., 1987. սրա առաջին հրատարակությունը` «Ընդհանուր լեզվաբանություն», 1947թվականին), «Գրաբարի քերականություն» (հ. I, գիրք Ա, Ե., 1967), «Ժամանակակից հայերենի հոլովումը եւ խոնարհումը» (Ե., 1967) աշխատությունների դերն ու նշանակությունը հայրենական գիտության մեջ: Իր տեսակի մեջ կոթողային աշխատանք է «Արդի հայերենի բացատրական բառարան» (Ե., 1976) 1615 էջով երկհատորյակը, ուր ընդգրկված է գրական աշխարհաբարն իր բոլոր շերտերով եւ ներկայացնում է արդի հայերենի` լիակատարին մոտեցող բառագանձի մեկնությունն ու ամփոփումը:

Աղայանն զբաղվել է նաեւ հայ տոմարների պատմության հարցերով, որոնց ամփոփումն է 1986 թվականին հրատարակված «Հայ տոմարների պատմություն» մենագրությունը, ուր ներկայացված ու բնութագրված են արեգակնային օրացուցային համակարգով ստեղծված հայոց Բուն թվականը, հայոց Մեծ թվականը եւ հայոց Փոքր` Սարկավագադիր թվականը:

Քաջատեղյակ լինելով արեւելյան բանասիրությանը, Արեւելքի գրականությանն ու մշակույթին` Աղայանը հաճախ է անդրադարձել արեւելագիտության խնդիրներին: Այսօր էլ իրենց նշանակությունը չեն կորցրել նրա «Նիզամի Գյանջեւի» (Ե., 1948), «Ալիշեր Նավոյի» (Սովետական գրականություն եւ արվեստ, 1948. N 5) ուսումնաիրությունները, իսկ «Դրվագներ արեւելքի գրականության պատմության» (Ե., 1974) աշխատությունը այժմ էլ կարող է իբրեւ ուսումնական այդ դասընթացի ձեռնարկ ծառայել:

Մեծ ու նշանակալից է Աղայանի վաստակը ուսումնական գործընթացներում: Այսօր էլ դեռ հայրենական բուհերում ընդհանուր լեզվաբանություն առարկայի գործող դասագրքերը Աղայանի «Լեզվաբանության ներածությունն» (Ե., 1967) ու «Լեզվաբանության հիմունքներն» (Ե., 1987) են: Աղայանի հեղինակակցությամբ կազմված միջնակարգ դպրոցի IV եւ V-VI դասարանների «Հայոց լեզու» դասագրքերը, մեր կարծիքով, մնում են լավագույնները ե՛ւ լեզվական իրողությունների սահմանման ճշտգրտության ու հստակության, ե՛ւ մեթոդաբանական առումներով:

Գիտական յուրաքանչյուր խնդրի քննարկման կենտրոնական դեմքերից է եղել Աղայանը: Հանրապետական ու միջազգային բազմաթիվ գիտաժողովներում կարդացած նրա զեկուցումները առաջացրել են մեծ հետաքրքրություն եւ բացահայտել հայերենագիտության տվյալ բնագավառի վիճահարույց շատ հարցեր եւ առաջադրել նոր խնդիրներ:

Աղայանը ոչ միայն մեծ գիտնական էր, այլեւ ուսուցիչ էր բառիս ամենալայն իմաստով: Լեզվաբան-հայագետների բազմաթիվ սերունդներ են կայացել նրա անմիջական ղեկավարությամբ: Ասպիրանտների համար գիտական անփոխարինելի խորհրդատու էր նա եւ իսկական ուսուցչի լայնախոհությամբ էր մոտենում նրանց մեծ ու փոքր բոլոր խնդիրներին: Հայագիտության այսօրվա ավագ ու կրտսեր սերնդի շատ թե քիչ նշանակալից բոլոր դեմքերը գրեթե առանց բացառության նրա ուսանողներն ու ասպիրանտներն են եղել եւ վայելել նրա հոգածությունն ու մարդկային մեծ հմայքը:

Գիտական ու մանկավարժական գործունեությանը զուգահեռ Աղայանը վարել է նաեւ գիտա-կազմակերպչական, հասարակական, վարչական աշխատանքներ: Տարիներ շարունակ եղել է «Բանբեր Երեւանի համալսարանի» գիտական ամսագրի խմբագիրը, ղեկավարել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնը, երկար տարիներՙ 1956-1958 թվականներին եղել է ԵՊՀ-ի ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության ամբիոնի, զուգահեռաբար նաեւ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի համանուն բաժնի վարիչ: Կրթության նախարարությունում պաշտոնավարել է որպես բուհերի բաժնի վարիչ, եղել է ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի փոխտնօրեն, ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի դեկան, Պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: Նկատի ունենալով նրա մեծ ծառայությունները հայագիտության ու գիտական կադրեր պատրաստելու գործումՙ ՀՍՍՀ կառավարությունը Է. Բ. Աղայանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգեւատրել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Բնությունը նախանձելի շռայլությամբ էր օժտել Աղայան-մարդուն: Զարմանալի ներդաշնակությամբ նրա անհատականության մեջ մեկտեղված էին աշխարհիկ մարդ-քաղաքացին եւ լայնախոհ ու բեղուն գիտնականը, նուրբ քնարականությունն ու գիտական սթափ ու առողջ մտածողությունը: ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի նրա առանձնասենյակը այն ժամանակվա համալսարանական նշանավոր գիտնականների յուրահատուկ հավաքատեղի էր դարձել: Գալիս էին Հր. Թամրազյանը, Մ. Մկրյանը, Լեւոն Ներսիսյանը, Հ. Ֆելեքյանը, ամբիոնականներ Է. Ավետյանը, Է. Աթայանը... ուրիշ նշանավորներ... Ծավալվում էր զրույցը գիտական ու մշակութային ամենատարբեր հարցերի շուրջը, սկսվում էր մի յուրահատուկ ներկայացում-շքահանդես հայ պոեզիայի, գրականության, արվեստի այլ տեսակների... Հոգեւոր խրախճանքի երանելի պահեր էին դրանք: Ինձ եւ սերնդակիցներիցս էլ բախտ էր վիճակվել երբեմն ներկա լինելու եւ վայելելու այդ բացառիկ գեղեցիկ պահերը... Ժամանակը դեռ շատ բան ունի սրբագրելու... Իսկ ժամանակի հոսքի հետ դեռ նորովի են արժեքավորվելու Աղայան-գիտնականի մեծ վաստակն ու մարդ անհատի նրա կերպարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ