RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-05-06 23:15:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1884, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 73

«ՀՐԱԶԴԱՆԸ» ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Այսօր «Հրազդան» մարզադաշտում ժամը 19-ին կտրվի ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպման մեկնարկը: Գործող գավաթակիր Գյումրիի «Շիրակը» պատվավոր մրցանակը կվիճարկի «Փյունիկի» հետ, որը 5 անգամ տարբեր տարիներին պատվո շրջան է կատարել բյուրեղապակյա գավաթով:

Գյումրիի «Շիրակը» 3-րդ տարին անընդմեջ իրավունք է ստացել վիճարկելու Հայաստանի գավաթը: Շիրակցիները 6-րդ անգամ են հանդես գալու գավաթի եզրափակիչում: Գավաթը նվաճելու «Շիրակի» առաջին 4 փորձերն անհաջողության են մատնվել: 1993-ին եւ 1994-ին «Շիրակը» եզրափակիչում 2 տարի անընդմեջ գավաթը զիջել է «Արարատին», իսկ 1999-ին պարտվել է «Ցեմենտին»:

2011-ին երկարատեւ ընդմիջումից հետո գյումրեցիները կրկին իրավունք ստացան վիճարկելու գավաթը: Սակայն 4-րդ փորձն էլ անհաջող ավարտվեց: «Շիրակը» եզրափակիչում 1-4 հաշվով պարտվեց «Միկային», որը 6-րդ անգամ նվաճեց պատվավոր մրցանակը:

Եվ միայն անցյալ տարի շիրակցիներին վերջապես ուղեկցեց հաջողությունը: Ապրիլի 29-ին Գյումրիի վերակառուցված մարզադաշտում «Շիրակը» շնորհիվ Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի հաղթեց «Իմպուլսին» եւ առաջին անգամ նվաճեց ՀՀ գավաթը:

Գավաթի ընթացիկ խաղարկությունում շիրակցիները պայքարից դուրս են մղել «Արարատին» (1-0, 0-0) եւ «Միկային» (1-0, 0-0): Հետաքրքրական է, որ գավաթի եզրափակիչ խաղից ընդամենը 4 օր առաջ են մրցել «Շիրակն» ու «Փյունիկը»: Առաջնության 40-րդ տուրի երեւանյան մրցախաղում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ «Շիրակը» հաղթեց եւ ժամկետից շուտ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այնպես որ այսօր «Շիրակը» խաղադաշտ դուրս կգա որպես Հայաստանի նորընծա չեմպիոն ու կփորձի 2-րդ տարին անընդմեջ Գյումրիում պահել ՀՀ գավաթը:

«Փյունիկը» 9-րդ անգամ է խաղալու գավաթի եզրափակիչում, ինչը յուրօրինակ ռեկորդ է: Վերջին անգամ փյունիկցիները եզրափակիչ էին դուրս եկել 2010-ինՙ վճռորոշ խաղում 4-0 հաշվով ջախջախելով «Բանանցին» ու 5-րդ անգամ նվաճելով պատվավոր մրցանակը: Ինչ խոսք, փյունիկցիներն էլ լի են վճռականությամբ 6-րդ անգամ պատվո շրջան կատարելու «Հրազդանում» ու այդ ցուցանիշով հավասարվելու ռեկորդակիր «Միկային»:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» ՀՀ գավաթի անդրանիկ խաղարկության եզրափակիչի մասնակիցն է: 1992-ին թիմը հանդես էր գալիս ՀՄԸՄ անվանումով, որին մարզում էր Խորեն Հովհաննիսյանը: Եզրափակիչում ՀՄԸՄ-ն 0-2 հաշվով պարտվեց «Բանանցին», որի մարզիչը Վարուժան Սուքիասյանն էր:

«Փյունիկը» գավաթի ընթացիկ խաղարկությունում պայքարից դուրս է մղել Դիլիջանի «Իմպուլսին» (2-2, 3-0) եւ Կապանի «Գանձասարին» (1-0,1-1):

«Հրազդանը» 9-րդ անգամ կհյուրընկալի գավաթի եզրափակիչի մասնակիցներին: 1992-1999-ին հենց գեղեցկատես այդ մարզադաշտում են կայացել առաջին 8 եզրափակիչները: Հետաքրքրական է, որ «Փյունիկն» ու «Շիրակը» 3-ական անգամ «Հրազդանում» մասնակցել են գավաթի եզրափակիչ հանդիպմանը: Մրցակիցները գավաթի եզրափակիչ խաղում առաջին անգամ են միմյանց հետ մրցելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ