ՏԱԹԵՎ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է Սենթ Լուիսում անցկացվող շախմատի ԱՄՆ-ի առաջնության կանանց մրցաշարում հաջող է մեկնարկել Տաթեւ Աբրահամյանը, որը 3 տուրից հետո վաստակած 2,5 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Տաթեւը մրցաշարը սկսեց Սաբինա Ֆոյսորի եւ Քամիլա Բագինսկայթեի նկատմամբ տոնած 2 անընդմեջ հաղթանակներով: 3-րդ տուրում նա առաջին կես միավորը կորցրեց Ալյոնա Կացի հետ պարտիայում: Առաջատարն Իրինա Կրաշն է, որը հաղթել է Ալյոնա Կացին, Իրինա Զենյուկին եւ Աննա Զատոնսկիխին: Տղամարդկանց մրցաշարին մասնակցող 3 հայ շախմատիստներից առավել հաջողը Վարուժան Հակոբյանի մեկնարկն է: Նա 2 միավորով 5-րդ տեղում է: Հակոբյանը մեկնարկային տուրում ոչ-ոքի խաղաց Մելիքսեթ Խաչիյանի հետ, ապա միավորը կիսեց Բենջամին Ֆինեգոլդի հետ պարտիայում, իսկ 3-րդ տուրում հաղթեց Կայդեն Տրոֆին: 1,5 միավոր ունի Մելիքսեթ Խաչիյանը, որը հաշտություն է կնքել նաեւ Ալեքսանդր Օնիշչուկի ու Յուրի Շուլմանի հետ: Իսկ ՖԻԴԵ-ի պատանի վարպետ Սամուել Սեւյանը 1 միավորով հանգրվանել է 21-րդ հորիզոնականում: Նա ոչ-ոքիներ գրանցելով Ալեխանդրո Ռամիրեսի եւ Յուրի Շուլմանի հետ պարտիաներում, 3-րդ տուրում պարտվեց Ալեքսանդր Շաբալովին: 3 միավորով առաջատարը Գատա Կամսկին է: 2,5-ական միավոր ունեն Կոնրադ Հոլթն ու Դանիել Բրյանտը: |