ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՌՈՔ ԽՄԲՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵՎՐՈՏԵՍԻԼԻՆ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ «Եվրոտեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը եւ հայաստանյան պատվիրակությունը մայիսի 7-ին կմեկնեն մրցույթը հյուրընկալող երկիր` Շվեդիա: Մայիսի 10-ին խումբը հատուկ համերգ կտա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Գոռը եվրոտեսիլյան պատմության մեջ այն միակ երգիչն է, որի մասնակցությանը «Եվրոտեսիլ 2013»-ին կողմ է հայերի համարյա թե մեծամասնությունը: Գոռը արդեն մեկ անգամ եղել է Եվրոտեսիլի բեմում` որպես Եվա Ռիվասի բեք-վոկալ: Խմբի պրոդյուսեր Արա Թադեւոսյանը նշեց, որ Կոպենհագենի ամենամեծ Amgerbio համերգասրահում համերգ տալու նախաձեռնությունը պատկանում է Դանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը. «Կարծում ենք, որ համերգը լրացուցիչ առիթ է ներկայանալու, մրցույթից մի քանի օր առաջ մեծ բեմում հանդես գալը օգտակար կլինի: Հայաստանը առաջին անգամ է ներկայանում «Եվրոտեսիլին» ռոք խմբով, մինչ այդ եղել են փոփ կամ ֆոլկ կատարումներ: Շատ ուրախալի է, որ այս երգը հեղինակել է Թոմի Այոմին, որը նաեւ մեր ուժեղ դաշնակիցն է»: Պրոդյուսերը տեղեկացրեց, որ կիսաեզրափակչի օրերին Այոմին հանդես է գալու «Եվրոտեսիլ 2013»-ի մասին երկրպագուներին ուղղված հատուկ հաղորդագրությամբ: Արա Թադեւոսյանը նշեց, որ «Եվոտեսիլը» ստեղծագործական փուլ է խմբի անդամների կյանում, ոչ թե գերնպատակ, եւ իրենց մեծ ցանկությունն է, որպեսզի իրենց Lonley Planet երգի համամարդկային բովանդակությունը, պատգամը հասնի ունկնդրին: Խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն էլ իր հերթին նշեց, որ փորձ է կատարվելու ներկայանալ մինիալիստական ոճում` առանց հավելայն բեմական դեկորցիաների եւ պարային համարների: Իսկ Գոհար Գասպարյանը նշեց, որ պակասել է մասնակից երկրների պորոմոտուրերի թիվը, քանի որ այդ ֆինանսական ռեսուրսները երկրները նախընտրում են նպատակաուղղել ավելի թիրախային հարցազրույցներին, համացանցային առաջմղման համար: Պատվիրակության ղեկավարը նշեց, որ բեմում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել նոր ոճով ներկայացող «Դորիանսին»: Տղաների հագուստի դիզայնով զբաղվել է ոճաբան Արմեն Գալյանը: Նշենք, որ նա ժամանակին ցանկացել է դառնալ տնտեսագետ, հետո` ծրագրավորող, ապա ընդունվել է թատերական ինստիտուտ, իսկ վերջում, ինչպես ինքն է ասում, ամեն ինչ խառնվել է ու որոշել է երաժիշտ դառնալ: Վերջին 4 տարիների ընթացքում «Դորիանս» խումբն արժանացել է«Տարվա հայտնություն»,«Տարվա լավագույն ռոք խումբ», «Տարվա լավագույն տեսահոլովակ», «Rock Number One» եւ այլ մրցանակների: «Դորիանս» խումբը կազմավորման օրվանից ի վեր ունեցել է ակումբային տասնյակ համերգներ Հայաստանում, 2010 թվականի նոյեմբերին համերգներով հանդես է եկել Մոսկվայում, մասնակցել 2011 թվականի օգոստոսին ելույթ է ունեցել Երեւանում կայացած Սերժ Թանգյանի համերգի բացմանը, բայց խմբի համար ամենահիշարժանը թերեւս եղել է 2012 թվականի սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգը, որի ընթացքում «Դորիանսը» մեկ բեմում հանդես եկավ հանրահայտ երաժիշտներ Գլեն Հյուզի եւ Դերեք Շերինյանի հետ: Ի դեպ, Գոռը երաժիշտ դառնալու որոշումը կայացրել է այն ժամանակ, երբ առաջին անգամ լսել է «Led Zeppelin» ռոք-խմբի հանրահայտ «Stairway to Heaven» երգը: «Led Zeppelin» ռոք-խումբը մեծ դեր է ունեցել «Դորիանսի» կազմավորման հարցում. 2008 թվականին, երբ տղաները համախմբվել եւ ստեղծել էին խումբ` «Gor and Friends» անվամբ, այսինքն` «Գոռ եւ ընկերներ», սկսել են կատարել Led Zeppelin-ի քավերները: Իսկ ընդամենը կես տարի անց որոշել են հանդես գալ նաեւ հեղինակային ստեղծագործություններով ու վերանվանվել են «Դորիանս»: Նշենք, որ «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը դեռ անցյալ տարի էր պատրաստակամություն հայտնել ելույթ ունենալ «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթում, սակայն այդ տարի Հայաստանը չմասնակցեց մրցույթին: |