ՍԱԶԱԿԱ՞Ն Է ՍԱԹԵՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ Մեծարգո պրն Ավիկ Իսահակյան, երբ տարիներ առաջ Ձեր գործընկերները մի քանի նամակ հրապարակեցին, որոնք վարկաբեկում էին Ձեզ, ես շատ վրդովվեցի, ոչ թե փաստերի ճիշտ կամ սխալ լինելու համար, այլ հեղինակների ցածր, մտավորականներին ոչ վայել էպիտետների ու որակումների համար: Ինձ նսեմացած ու արժանապատվությունս վիրավորված զգացի ակադեմիայի գիտաշխատողների թույլ տված «Ավիկ-Հավիկ» որակման համար, ցածր ոճի համար: Անցան տարիներ, եւ «Հայոց աշխարհում» կարդում եմ Ձեր հոդվածը, կասեի` հայհոյագիրը, ուղղված լիբանանահայ գրող-խմբագիր Պողոս Սնապյանին: Վերտառություն էիք ընտրել «Ում շունն է Պողոս Սնապյանը»: Ո՞վ է նաՙ ենթական, թողնենք, ինչպես է նա գնահատում մեր մեծերին` իր գործն է, եթե գրում է, ապա իր ընդունելի մտքերն ընդունում ենք, մերժելինՙ մերժում: Դա էլ մերՙ ընթերցողներիս իրավունքն է: Որքան ընթերցողՙ այնքան կարծիք, որքան գրողՙ այնքան ոճ ու ճաշակ: Բարեկամս, երբ Դուք գրում էիք նյութի տողերը, մեկ անգամ, գոնե, մեկ անգամ Ձեր մտքով անցա՞վ, թե ով եք Դուք: Իսահակյանի շառավիղը, իր ժամանակի ամենաբարեկիրթ մարդկանցից մեկիՙ Վիգեն Իսահակյանի զավակը, գեղեցիկ մոր տղան: Ինչո՞ւ այդքան իջաք, էժանացաք («թուրքի մայլում անտեր հաչող շուն», «վնգստոց»): Սազակա՞ն է: Նորից կարդացեք այս տողերը եւ, եթե կզգաք, որ, իսկապես, Ձեզ չի սազում, ուրեմն, ամեն բան չէ, որ կորած է, գուցե, տարիքի հետ դեռ իմաստնություն կգա: Ինտելիգենտ մեկը թույլ կտա՞ իրեն այնպիսի որակումներ գրել ուրիշ «գրագետի» (չակերտները Ձերն են) մասին: Ի՞նչ է մտածել խմբագիրը, ի՞նչ է սովորելու աշակերտն այդ ոճից, կամ ուսանողը: «Հավիկ-Մավիկի» ժամանակ մտածում էիՙ տեսնես ովքե՞ր են հեղինակները, ի՞նչ ընտանիքում են մեծացել, ո՞ր դպրոցն են ավարտել, ո՞վ է նրանց դիպլոմ տվել, ո՞վ ակադեմիա ընդունել: Հիմա, երբ կարդում եմ Ձեր նյութը, ափ ի բերան եմ մնացել. Աստված իմ, սա ի՞նչ մակարդակ է, ի՞նչ կզգար, ինչպե՞ս կգնահատեր այս «ոճը» Վարպետը, նրա որդին: «Զազրախոսություն», «նոր Փանջունի», «դասալիք». այս բառերը մարդ արարածին են բնորոշում, ընդունենք, բայց ինչո՞ւ «լուսնահաչ», «Բեյրութում ու Հալեպում թափառող շուն»: Համաձայնվեք, որ մեղմ ասածՙ սոլիդ չէ: Ես չգիտեմ, Դուք հայր եք, թե ոչ, բայց, բոլոր դեպքերում, պատվաբեր չէ Սնապյանին ծակելու համար կպչել նրա ամերիկաբնակ որդուն: Ցածր է: Ինչ վերաբերում է «Ես այդ շունն եմ»-ին, ապա, կարծեմ, Վարպետն էլ գրել է. «Ես երգիչ եմ, երկնի թիթեռ ...»: Ի՞նչ էՙ այդ կարդալիս թիթեռնացանցը (րՈփՏՍ) առնենք ձեռքնե՞րս: Ձեր խոսքից ու վարքից, էլ չասեմՙ գրչից, պետք է քաղաքավարություն ու քաղաքակրթություն միայն հորդա: |