RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #99, 14-06-2013



Տեղադրվել է` 2013-06-13 23:40:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1092, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ԻՐԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Արդյունքները չեն անդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա, եթե Ադրբեջանը չխաթարի դրանց ընթացքը

Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացվում են նախագահական ընտրություններ: Միմյանց հետ կմրցակցեն նախագահի 6 թեկնածուներ, որոնցից 3-ը պահպանողական են, 2-ըՙ անկախական, 1-ըՙ բարենորոգիչ: Թեկնածուների թվում են նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթին, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ, գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, ինչպես նաեւ Հասան Ռոհանին, որը, լինելով միակ բարենորոգիչը թեկնածուներից, թուրքական «Դունիա բուլթենի» կայքէջի վկայությամբ, Թուրքիային մոտենում է վերապահումով:

Ի դեպ, հունիսի 11-ին հյուրընկալելով հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին դեսպանատանը, նախագահական ընտրությունների մասին նրանց իրազեկել էր Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Անկախ իրազեկումիցՙ ընտրությունների արդյունքները հազիվ թե անդրադառնան Իրանի արտաքին քաղաքականության վրա, որը սառնասրտորեն վարել են անխտիր բոլոր նախագահները:

Այդ արդյունքները սկզբունքորեն չեն անդրադառնա նաեւ Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որովհետեւ դրանց հիմքում երկու ժողովուրդների բարեկամությունն է, եւ չկա որեւէ լուրջ խնդիր կամ հակասություն, որ խաթարի այդ հարաբերությունների ընթացքը, եթե, իհարկե, չխաթարի իրանցիների դավանակից Ադրբեջանը: Խաթարման փորձերը մշտական են, իսկ ադրբեջանական փորձերին արձագանքներ, թեկուզ հազվագյուտ, այնուամենայնիվ եղել են:

Արձագանքի պարագայում խոսքը իրանական մամուլում հրապարակված առանձին հոդվածների մասին է, որոնք եղել են ի նպաստ հայ սպանելու համար Ադրբեջանի ազգային հերոս հռչակված եւ պետական պարգեւների արժանացած ստոր մարդասպան Ռամիլ Սաֆարովի: Ի տարբերություն մամուլիՙ իրանական հեռուստատեսության հաղորդավարն էլ Թեհրան-Բաքու հեռուստակամրջի ժամանակ հեռախոսով տողերիս հեղինակի կարծիքին դիմելիս արդարացրել էր մարդասպանին, թե դուք էլ Խոջալուում ադրբեջանցիներին եք սպանել:

Մինչդեռ Ղուրանը դատապարտում է ոչ միայն մարդու սպանությունը, այլեւ բոլոր էակներիՙ միջատներն ու բույսերը ներառյալ, դիտավորյալ ոչնչացումը, քանի որ Արարիչն է ստեղծել բոլորին: Ավելինՙ «սալամի» հետ միեւնույն արմատից առաջացած իսլամն էլ խաղաղության կրոն է, որքան էլ Արեւմուտքում ներկայացվի որպես ահաբեկչական:

Թեեւ պարսիկ հաղորդավարը արժանի պատասխան ստացավ, սակայն Թեհրանի հեռուստատեսությունը պետական է, հետեւաբար դրա էկրանից չի կարող հնչել այլ կարծիք, քան պաշտոնականը: Ըստ երեւույթին իրանական կողմը դժվարանում է ըմբռնել այն դրական դերը, որը Հարավային Կովկասում Իրանի համար կատարում է հայկական գործոնը: Այլ կերպ, եթե Հայաստանը որդեգրեր այն դիրքորոշումը, ինչ Ադրբեջանը, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն ներկայություն չէր ունենա Հարավային Կովկասում, այլեւ չէր էլ կարող երազել ունենալու մասին:

Ի տարբերություն Հայաստանիՙ Ադրբեջանն էլ Հարավային Կովկասում ներկայություն է ապահովում Իսրայելի համար, ընդ որում, քաղաքականի հետ նաեւ ռազմական, տրամադրելով իսրայելական զինված ուժերին ռազմաբազաներ իրանական սահմանի երկայնքով: Ինչպես երեւում է, Ադրբեջանի պարագայում խնդիրը սոսկ Իսրայելին Հարավային Կովկաս հրավիրելը չէ, այլ հակաիրանական ձեռնարկումները Իրանի հետ մերձեցման միտումներին համադրելն ու համադրության ադրբեջանական ջանքերին իրանական կողմի դրական արձագանքը:

Հատկանշական է, որ այս հանգամանքը գրավել է «Դունիա բուլթենի» լրատվական գործակալության ուշադրությունը, որն էլ երեկ հրապարակել է «Մերձեցում Ադրբեջանի ու Իրանի միջեւ» վերնագրով հոդվածը: Նախքան դրա բովանդակությանն անդրադառնալը հարկ է նշել, որ թուրքական այս գործակալությունը իսլամական ուղղվածություն ունի:

Հոդվածում նշվում է Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլաշուքուր Փաշազադեի Իրան այցելության մասին, որին նախորդել էր Ադրբեջանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Ռամիլ Մեհդիեւի այցը, եւ այցերը վերագրվում են արտերկրում աջակցություն որոնելու Ալիեւի իշխանությունների ջանքերին:

«Դունիա բուլթենի» կայքէջի տվյալներովՙ Փաշազադեն եղել է Իրանի հոգեւոր կենտրոն Ղոմ քաղաքում, հանդիպել այաթոլլահ Նասեր Մաքարեմ Շիրազիի հետ, որը Կովկասի հոգեւոր առաջնորդին հորդորել է պահանջել Իլհամ Ալիեւից, որ ազատ արձակի ձերբակալված կրոնասերներին:

Այնուհետեւ թուրքական կայէջը շարունակում է. «Երբ Ադրբեջանում փորձ էր արվում արգելել գլխաշորը, փակել հոգեւոր կրթօջախներն ու քանդել նորակառույց մզկիթները, այալթոլլահ Շիրազին հանդես եկավ եւ սպառնաց, որ «Զահրա» մզկիթի փլուզումը շարունակելու դեպքում «ջիհադ» կհայտարարի: Նրա խոսքերը տեղ էին հասել, որ դրանց հիման վրա Ալիեւի հատուկ կարգադրությամբ դադարեցվեց մզկիթների քանդումը, իսկ «Զահրա» մզկիթը վերանորոգվեց պետական միջոցներով:

Անկախության ձեռքբերումից հետո Ադրբեջանը սերտ հարաբերություններ էր հաստատել Իրանի հոգեւորականների հետ, որոնք սկսել էին կրոնական ուսուցում տալ ադրբեջանական տարբեր քաղաքներում: Միաժամանակ ադրբեջանցի ուսանողները մեկնում էին Իրան, մեդրեսաներում սովորելու համար: Սակայն մի քանի տարի հետո իրադրությունն Ադրբեջանում փոխվեց: Երկրից վտարվեցին իրանցի հոգեւորականները, իսկ Իրանում հոգեւոր կրթություն ստացած ադրբեջանցիները ենթարկվեցին հալածանքների: Ներկա պահին Ադրբեջանում արգելված է իրանցի հոգեւորականների գործունեությունը: Ավելին, Ալիեւի իշխանությունները արգելել են նաեւ արտերկրում կրոնական կրթություն ստանալն ու բազմիցս հայտարարել են, որ չեն վերանայելու այդ արգելքը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #99, 14-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ