ՓԱՌԱՎՈՐ Է ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Նախ եւ առաջ պետք է փառավորվեր հայ տպագրությունը եւ հետո միայն նրանից ծնունդ առած հայ գիրքը, կամ էլ երկուսը միաժամանակ: 2012 թիվը նշանակալի իրադարձությունների տարի էր հայաստանյան, ինչպես նաեւ համահայկական մշակութային կյանքում: Փառավորվեցին, անցան-գնացին, հայ գրքի 500-ամյակը եւ Երեւանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, միջոցառումները: Մշակույթի նախարարության հովանու ներքո բացառիկ այս երկու իրադարձությունները երկու հանգով փառավորվեցին Հայաստանում եւ մեր գաղթօջախներում: Բեյրութի Հայկազյան համալսարանը, օրինակ` չորս անգամ, ի պատիվ իրեն ու բոլորիս, անդրադարձավ այդ իրադարձություններին, վերջինը` մարտի 22-ին: Բազմապիսի ու լայնածավալ միջոցառումների վերաբերյալ նյութերով բազմաթիվ հրապարակումներով առանձնացավ «Ազգ» օրաթերթը: Պարզապես զարմանալի է, որ մեր Մշակույթի նախարարությունում ցայսօր գոյություն չունի սփյուռքահայ ու հայաստանյան տպրագրության եւ մամուլին աջակից կառույց: Ժամանակին սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում ստեղծվել էր համանման բաժին (Գեւորգ Աբաջյանի ղեկավարությամբ), որը կազմակերպում էր հայ մամուլի եւ նրա չարքաշ մշակների համակողմանի ու ծավալուն աջակցությունը, ինչպես նաեւ այդ աշխատանքներին նվիրված համահայկական գիտաժողովներ: Բացի այդ, սփյուռքահայ թերթերն ու հանդեսներն անհատույց ապահովվում էին հայրենական` կրթական, գիտական ու մշակութային հարցերին նվիրված բազմաբովանդակ նյութերով, որ առաքվում էին հեռատիպով` տելետայպով: Այդ բաժնի կարեւոր ձեռնարկումներից էին հայոց լեզվով, մասամբ նաեւ օտարալեզու, սփյուռքահայ թերթերի ու հանդեսների բաժանորդագրությունը համամիութենական` մամուլի տարածման «Սոյուզպեչատ» կոչված գործակալության միջոցով: Հայաստանում, նաեւ Խորհրդային Միության կենտրոնական որոշ քաղաքներում` աչքի զարնող որոշ թերթ-կրպակներում, ինչպես նաեւ Մոսկվայի «Դրուժբա» գրքի հանրախանութում մշտապես կարելի էր գտնել սփյուռքահայ` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, բուլղարերեն-հայերեն, ռումիներեն-հայերեն, թերթեր ու հանդեսներ: Այդտեղ հիրավի հպարտության զգացումով էինք համակվում: Շնորհիվ այդ ամենի, մեր, այսպես կոչված, բարեկամական գաղափարախոսությամբ օժտված մամուլը Հայաստանի պահուստային ֆոնդից փոխարժեքով ստանում էր պատկառելի գումար, որոնց շարքում առաջին հերթին բաժին էր հասնում առաջադիմական կոչված, բայց ըստ էության կոմունիստական «Լրաբեր» (Նյու-Յորք), «Աշխարհ» (Փարիզ) եւ Բեյրութի «Կանչ» թերթերին: Ինչեւէ... Ինչպես հայտնի է հայ գրքի մայրաքաղաքային ու 500-ամյա հոբելյանականին նվիրված բազմաթիվ հանդիսություններ են կազմակերպվել նաեւ արտերկրում, որոնց շրջանակներում ցանկալի եւ կարեւոր կլիներ ներառել Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթը` տվյալ ոլորտում: Այս պարագայում առաջին հերթին կներառնվեր եզդիների` Հայաստանում ստեղծված քրդական գրականությունը, գիտական աշխատությունները, բանահյուսությունը, «Սիամանթո եւ Խջեզարե» սիրավեպը (բանահյուսական այդ կոթողը ժամանակի վայրիվերումների փորձությամբ կորստյան դատապարտված, փրկել, գրի էր առել ու մեզ հասցրել մեծն Գարեգին Սրվանգործյանցը), որ բազմիցս տպրագրվել է նաեւ հայատառ քրդերենով, բառարաններ, «Դենգե եզդիյա» (Եզդիների ձայն) թերթը եւ այլն: Այս ամենին կարելի կլիներ հավելել` ներառելով նաեւ ադրբեջանականը: Ցուցադրությանը կներկայացվեին Երեւանում տպագրված նրանց գրականությունը, ադրբեջաներեն-հայերեն բառարանը, դասագրքեր` Հայաստանի ադրբեջանական դպրոցների հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության եւ այլ դասագրքեր: Այս ամենի ուղղվածությունը` նպատակը, պետք է լիներ ադրբեջանական գրա-տպագրական մանկահասակ «մշակույթը» եւ ընդգծումը` նրանց ունեցած-չունեցած այբուբենները ողջ 20-րդ դարի ընթացքում, առաջինը խորհրդային-կոմունիստականն էՙ ռուսական «կիրիլիցայի» կերպարանքով, երկրորդը` հետխորհրդային` լատինատառ: Պատշաճորեն ներկայացվող մեր հարեւանների նորընծա մշակութային ժառանգությունըՙ հնատիպ` հնադարյան մեր գրքերի կողքին, չափից ավելի խոսուն կլիներ: Այս ամենն անվերադարձ անցան-գնացին, սակայն, հուրախություն, նոր առիթ է ներկայանում: Եթե չվարանենք ու պահն օգտագործենք ըստ ամենայնի, կունենանք հրաշալի արդյունք: Խոսքը վերաբերվում է այս տարվա ստամբուլյան` քաղաքակրթությունների երկխոսությանը, որի շրջանակներում այդ ոչ-թուրքական քաղաքը հռչակվել է մշակույթի համաշխարհային մայրաքաղաք: Կկամենա՞նք կամ քաջություն կունենա՞նք այնտեղ տեղի ունենալիք բազմաթիվ ու բազմազան ցուցահանդես-միջոցառումներին պատշաճ մակարդակով ներկայացնելու ոչ միայն մեր մշակույթը, այլեւ եզդիականն ու ադրբեջանականը, հավելելով թուրքականը, որը բավականին նյութառատ է: Ի դեպ, եզդիականի վերաբերյալ առաջարկվելիք նյութերն ի վիճակի է հրաշալիորեն պատրաստել ու առաջիկա այդ միջոցառումների շրջանակներում ներկայացնել Հայաստանի եզդիական համայնքը, եւ եզդիների` Հայսատանի ու համաշխարհային միության նախագահ, հերոս Ազիզ Թամոյանը: Մշակույթի նախարարությանը բնավ անելիք չի մնա: Արդեն ժամանակն է պոլսեցիներին հիշեցնելու, որ անցած դարասկզբին տասնյակ ու տասնյակ հայ գրողներ` հայատառ թուրքերենով ստեղծել են մեծ գրականություն: Հիշարժան է, օրինակ` անհայտ` անանուն հայ գրողի «Ագապի Հեքիայեսի» վիպակը, եվրոպական դասականների հայատառ թուրքերենով թարգմանությունները եւ այլն: Սա սոսկ առաջարկություն է եւ մնում է հուսալ ու սպասել արհեստավարժ մեր գործիչների այս առթիվ կատարվելիք գործողություններին: Աստված վկա, այս առիթն իրավունք չունենք անտեսելու: |