ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 5 ՏՈԿՈՍ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ 3 ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ադրբեջանի համար Համաշխարհային բանկը 2015-ին տնտեսական աճի տեմպի նվազում է կանխատեսում Համաշխարհային բանկի (ՀԲ) հունիսի 12-ին հրապարակած «Գլոբալ տնտեսական հեռանկարաներ» զեկույցում համաշխարհային տնտեսության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2,2 տոկոս աճ է կանխաեսվում ընթացիկ տարվա համար: 2014-ին Համաշխարհային բանկը կանխատեսում է համաշխարհային տնտեսության 3 տոկոս ՀՆԱ աճ, 2015-ին` 3,3 տոկոս: Ըստ զեկույցի, տնտեսապես զարգացած երկրների հետ կապված ռիսկերը նվազել են եւ համաշխարհային տնտեսական աճը թափ է հավաքում, անկախ եվրոգոտու տնտեսության շարունակվող կրճատումից: Այնուհետեւ, ներկայացվում են ըստ տարածաշրջանների տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները: Հայաստանը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գտնվող 21 երկերների մեջ է, որոնց թվում են ԱՊՀ եւ արեւելաեվրոպական երկրները: ՀԲ կանխատեսմամբ, այս տարածաշրջանի տնտեսական աճը 2013-ին կլինի 2,8 տոկոս, որը մինչեւ 2015-ը կհասնի 4,2 տոկոսի: Մեզ առավել հետաքրքրում է, թե ինչ կանխատեսումներ է արված Հայաստանի ՀՆԱ 2013-2015 հնարավոր զարգացումների վերաբերյալ: Նախ հարկ է նշել, որ Հայաստանն իսկապես 2012-ին Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից երկրորդ ամենաբարձր տնտեսական աճ` 7,2 տոկոս ապահոված երկիրն է եղել Տաջիկստանից հետո, որտեղ տնտեսական աճը կազմել էր 7,5 տոկոս: 2013, 2014, 2015 թվականներին, ՀԲ կանխատեսմամբ, Հայաստանին ՀՆԱ-ն կաճի յուրաքանչյուր տարի 5-ական տոկոսով: Ավելի բարձր տնտեսական աճի տեմպեր` 6-7,5 տոկոսի միջակայքում, ՀԲ-ն կանխատեսում է միայն միջինասիական երկրների` Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի համար: Մեր հարեւան Վրաստանի համար ՀԲ-ն կանխատեսում է 2013-ին` 4 տոկոս, 2014-ին` 6,3 տոկոս եւ 2015-ին` 6 տոկոս ՀՆԱ աճ: Ադրբեջանի դեպքում կանխատեսվում է ավելի ցածր աճի տեմպ, քան Հայաստանի եւ Վրաստանի պարագայում է: Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն, այս եւ եկող տարիներին Ադրբեջանը կունենա 4,8-ական տոկոս տնտեսական աճ, իսկ 2015-ին` 2,9 տոկոս: Նշենք նաեւ, որ 2012-ին Ադրբեջանի տնտեսական աճը կազմել էր 2,2 տոկոս, իսկ 2011-ին` 0,1 տոկոս: 2015-ին Ադրբեջանի տնտեսական աճի տեմպի նվազման կանխատեսումը պատահական չէ, քանի որ այդ երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժ նավթի պաշարները աստիճանաբար սպառվում են, ինչն էլ, բնականաբար, արտացոլվելու է նրա մակրոտնտեսական, այդ թվումՙ ՀՆԱ աճի ցուցանիշների վրա: ԱՊՀ երկրներից 2013-2015-ին Բելառուսի տնտեսական աճը կանխատեսվում է համապատասխանաբար` 2,5 տոկոս, 2,8 տոկոս եւ 3 տոկոս, Ղազախստանինը` 5 տոկոս, 5,3 տոկոս եւ 5,5 տոկոս, Մոլդովայինը` 3 տոկոս, 4 տոկոս եւ 5 տոկոս, Ռուսատանի Դաշնությանը` 2,3 տոկոս, 3,5 տոկոս եւ 3,9 տոկոս, Ուկրաինայինը` 1 տոկոս, 3 տոկոս եւ 4 տոկոս: Մեր մյուս հարեւան Թուրքիայի տնտեսական աճը, ՀԲ կանխատեսմամբ, այս տարի կկազմի 3,6 տոկոս, եկող տարի` 4,5 տոկոս, իսկ 2015-ին` 4,7 տոկոս: Տնտեսական աճի ավելի ցածր տեմպերն են կանխատեսվում այս տարածաշրջանային խմբի մեջ ընդգրկված եվրոպական երկրներ Ալբանիայում, Բուլղարիայում, Մակեդոնիայում, Չեռնոգորիայում, Ռումինիայում` 1-3 տոկոսի միջակայք: Սերբիայի, Լատվիայի, Լիտվայի, Կոսովոյի ՀՆԱ աճը կանխատեսվում է 3-4 տոկոս աճի միջակայք: Վերադառնալով Հայաստանին առնչվող կանխատեսումներինՙ նկատենք, որ դրանք ավելի զգուշավոր են, քան միջին տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մեր երկրի կառավարության նպատակները: Այս տարվա համար թերեւս առավել իրատեսական է Համաշխարհային բանկի կանխատեսումը (5 տոկոս տնտեսական աճ), նկատի ունենալով գազի եւ էլեկտրաէներգայի սակագների բարձրացումը եւ գյուղատնտեսությանը կարկուտի հասցրած վնասները: Սակայն 2014 եւ 2015-ին Հայաստանում 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը միանգամայն իրատեսական է, եթե, իհարկե, չլինեն արտերկրից եկող բացասական լուրջ գործոններ: |