ՕՁԵՐՆ ԱՐԴԵՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ Ի. Պ. Ելնելով մեր երկրի աշխարհագրական դիրքից` այստեղ օձերի առկայությունը բնական է: Բացի դրանից` Հայաստանում առկա օձերի տեսակներից ոչ բոլորն են թունավոր: Բայց, անկախ հանգամանքներից, մարդիկ կարծում են` օձերը վտանգավոր են ու վերջ: «Էկզոտարիում» ընկերության տնօրեն Կարեն Մարտիրոսյանը ասում է. «Կան օձերի տեսակներ, որոնք քաղաքաբնակ են, օրինակ, նկուղներում են ապրում»: Ըստ Կարեն Մարտիրոսյանի ` Հայաստանում կա 23 օձատեսակ, որից թունավոր է ընդամենը 4-ը, իսկ մարդու առողջության համար վտանգավոր են գյուրզան եւ հայկական իժը: Հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանն ասում է` հանրապետությունում օձերի ու կարիճների խայթոցի դեպքերն անցյալ տարվա համեմատ պակասել են: Անցած տարի հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 156 դեպք` մահվան 2 ելքով «Իսկ այս տարի ունեցել ենք մոտավորապես 14 դեպք», ասում է գլխավոր թունաբանը: Միքայել Գաբրիելյանը երեկվա ասուլիսի ժամանակ նաեւ խորհուրդ տվեց օձերի հանդիպելիս ինքնուրույն որեւէ քայլ չձեռնարկել, այլ դիմել փրկարարների օգնությանը. «Իսկ եթե օձը կծել է, ապա ամենաառաջին օգնությունը բերանով շուտ արտածծելն է օձի կծած վերքից եւ թքելը: Դա բերանի խոռոչի, կերակրափողի մեջ չի ներծծվում: Ժողովրդի մեջ ասում են, եթե ատամ կա փչացած, չի կարելի, բայց դա չի ներծծվում: Պետք է լինի արյունահոսող բաց վերք բերանի խոռոչում, այդ դեպքում թույնը կազդի»: Մասնագետները հավելում են` թույնն արտածծելուց հետո հիվանդը պետք է պառկի հորիզոնական դիրքով ու կծած տեղը թողնի անշարժ: Եվ հնարավորինս շուտ հիվանդին պետք է հասցնել մոտակա հիվանդանոց: |