ԼԱՐՍԻ ԷԺԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ «ՀՈՍՈՒՄ ԵՆ» ՌՈՒՍԱՍՏԱՆ Վ. ՊՈՂՈՍՅԱՆ Ժամանակին, եւ թերեւս մինչ օրս էլ, արտագաղթի մասին խոսակցություններում կեսհեգնական, կեսկատակ ասվում էր, թե Հայաստանում մնացել են նրանք, ովքեր կամ փող չունեն ինքնաթիռի տոմս գնելու, կամ էլ, ինչպես հայտնի մուլտֆիլմի հերոսն էր ասում` «իրենց այստեղ էլ վատ չեն կերակրում»: Սակայն արտագաղթ ասվածն իրականում ահռելի չափերով ահագնանում է, ինչի մասին վկայություններն ու փաստերն այնքան էլ ցցուն չեն, սակայն գործընթացը կամաց-կամաց լափում է իրականությունը: Պաշտոնական վիճակագրությունն էլ անգամ որոշ առումով ապացուցում է, որ ավելի շատ մարդիկ հեռանում են, քան վերադառնում` թեկուզ այդ վիճակագրությունը մատուցվում է որպես «զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնածներ»: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայնՙ 2013-ի հունվար-մարտ ամիսներին հանրապետությունից մեկնել է մոտ 138 հզ. մարդ, եւ այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է մոտ 15 տոկոսով: Ու որքան էլ պետական մոտեցմամբ ու պաշտոնապես փորձեր արվեն բացատրելու, թե սրանք բոլորը զբոսաշրջիկներ են ու որ, ասենք, այս օրերին վերադառնում են Հայաստան, ոչ միայն տրամաբանկան չէ, այլեւ անհավատալի է: Անհավատալի է, քանի որ հանգստի մեկնողները ամիսներով չեն դրսում լինում, իսկ «աշխատանքային զբոսաշրջության սիրահարները» այդ ժամանակահատվածում ոչ գնում են, ոչ էլ վերադառնում: Ստացվում է, որ հանրապետությունից, բոլոր պարագաներում, ավելի շատ մարդ հեռացել է: Իսկ այն հիմնական «պահող» գործոնը, որ ոմանց համար կապվում է ինքնաթիռի տոմս չունենալու հետ, թերեւս էլ գործունակ չէ: Ընդ որում, գործունակ չէ ոչ այն պատճառով, որ օդային փոխադրումները Հայաստանում էժանացել են, այլ որովհետեւ ցամաքով Հայաստանը լքելու շատ ավելի էժան ուղին արդեն քանի ամիս տանում եւ այդպես էլ չի վերադարձնում մարզերի բնակչության մի զգալի մասին: Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետով մեկ անգամ անցած յուրաքաչյուր մարդ նախ զզվանքի զգացողություն է ունենում, հետո էլՙ չարության: Զզվելի է, քանի որ ժամեր շարունակ հարկ է լինում սպասել անհայտ ուղղությամբ ու անորոշ ժամանակով կորչող, որքան էլ տարօրինակ լինի, ռուս սահմանապահներին, իսկ նաեւ բարկացնում է, քանի որ հին խորհրդային ավանդույթների համաձայնՙ ամեն ռուս սահմանապահ ու այդ կողմերում թեկուզ պարապ թրեւ եկող իր «բաժինն» է պահանջում: Բայց սա հարցի էական ու ցավալի կողմը չէ, ավելին, այդ սահմանը հատող Հայաստանի քաղաքացիներից շատ քչերին է հուզում: Ռուս-վրացական սահմանի ռուսաստանյան կողմի առաջին իսկ բնակավայր Հայաստանից կարելի է հասնել երթուղային տաքսի կոչվածով ոչ ավել, քան մի 25000 դրամով, ինչն էլ հենց սկիզբ է դնում ցավալի զգացողությանը. մարզերի բնակչությունը, որ մի քանի հարյուր դոլար չուներ ինքնաթիռի տոմս գնելու համար, ոչ մեծ դժվարությամբ, շատ հաճախ իրար վրա դնելով ծեր ծնողների խղճուկ թոշակը, գտնում է այդ մի քանի տասնյակ հազար դրամն ուՙ հայդա Ռուսաստան... Վերջին շրջանում մարզերում լինելը նաեւ հնարավորություն էր սեփական աչքերով տեսնելու, թե ինչպես էին իմ հայրենակիցները խմբով խցկվում 25000-անոց «մարշրուտկաներն» ու հեռանում հայրենի մեծ ու փոքր գյուղերից եւ ավաններից, հեռանում Ռուսաստան` սկզբնական շրջանի համար աշխատանք գտնելու նպատակով: Ոչ հարցի են ուզում պատասխանել, ոչ էլ լուսանկարվել. «որ էստեղ մի հալի լինեի, կգնայի՞...» Այսպիսի պատասխանն ընդհանուր բնութագրական է, ու դրանից հետո մարդուն լրացուցիչ հարց տալու ցանկություն չի մնում. հո ընտանիք ու տուն թողնելը հեշտ չէ, ինչքան էլ սովոր ենք հայերս մեր մասին ասելու, թե դրսի հետ հավես ունենք: Ու թեեւ հանրապետությունն, ընդդիմության ու ընդդիմադիր կեցվածքը սովորություն դարձրած մի քանի անհաջող քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Հայաստանը դատարկվել է, իրականությանը չեն համապատասխանում, սակայն գյուղեր ու մարզային կենտրոններ այցելությունները ուզածդ ոչ ընդդիմադիրին կապացուցեն, որ դատարկվել ասվածը թեեւ իրողություն չէ, բայց շուտով կլինի, եթե այս իրավիճակը պահպանվի: |