RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #99, 14-06-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-06-13 23:40:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1113, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՍԱՓՈՂ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Արդեն մի քանի օր է, ինչ հարեւան երկրի քարոզչամեքենան վերստին շրջանառում է «Հայաստանի կողմից «սպիտակ մահ» արտահանելու» թեման: Ադրբեջանի ԱԱ նախարարությունը հայտնել է, որ «ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների մի խումբ, որն զբաղվում էր թմրանյութերի տարանցմամբ»:

Խնդիրը նոր չէ: Նախանցյալ տարի ԱՄՆ պետական դեպարտամենտը նույնիսկ հատուկ անդրադարձել էր Աֆղանստանից եւ Իրանից Ադրբեջանի տարածքով դեպի եվրոպական երկրներ թմրանյութի տարանցմանը եւ մասնավորապես ընդգծել դրանում ադրբեջանական սահմանապահ եւ մաքսային ծառայությունների «որոշակի շահագրգռվածությունը»: Այլ կերպ ասած, ամերիկյան կողմն ակնարկել էր, որ թմրանյութերն Ադրբեջան եւ այնտեղից Եվրոպա են տարանցվում ոչ առանց ադրբեջանական իշխանությունների իմացության:

Այդ պատասխանատվությունից խուսափելու համար Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ բռնատեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ եւ իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության քաղխորհրդի անդամ Ալի Հասանովը պաշտոնապես հայտարարել էր, որ «թմրանյութեր Ադրբեջան տարանցվում են ինչպես Իրանից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից»:

Մենք ժամանակին Հասանովի հայտարարության անհեթեթությունը հիմնավորել էինք եւ նկատել տվել, որ «եթե Լեռնային Ղարաբաղից թմրանյութեր են տարանցվում Ադրբեջան, ուրեմն ադրբեջանական կողմը պիտի ընդունի, որ շփման գծի իր զորքերի հրամանատարությունը կոռումպացված է եւ դավաճան», քանի որ նա ասել էր, որ հայկական կողմը «դա անում է միտումնավոր, որպեսզի թուլացնի ադրբեջանական հասարակությանը, նրան վարակի թմրամոլությամբ»:

Թե ինչո՞ւ իշխող կուսակցության քաղխորհրդի անդամի վրա էր դրվել «հայկական սադրանքը բացահայտողի» դերակատարություն, պարզ է դառնում «Ենի Ազարբայջան»-ի երիտթեւի պատասխանատու Սարաֆ Բալախանի «մեկնաբանություններից», որ փոխանցել է day.az-ը (տես http://news.day.az/politics/408238.html): Երիտիլհամալիեւականը, խոսելով «Հայաստանի կողմից «սպիտակ մահ» արտահանելու փաստի անառարկելիությունից», կատարել է այսպիսի անդրադարձ. «Ուշադրություն դարձրեք ԱԱ նախարարության իրականացրած գործողությամբ ձերբակալված Իրանի քաղաքացու ցուցմունքին. «...չնայած այդ թմրանյութերն աճեցվել են Իրանի տարածքում, հաճախորդները հիմնականում նախապատվությունը տալիս են Ղարաբաղում աճեցված մարիխուանային»:

Այսպիսով, երիտիլհամալիեւականի ձեռքի տակ է ԱԱ նախարարության կողմից ձերբակալված ԻԻՀ քաղաքացու «ցուցմունքը», փաստ, որ ինքնին հարց է ծնում` որքանո՞վ է օրինական, երբ նախաքննության փուլում գտնվող գործի մանրամասնությունները դառնում են իշխող կուսակցության երիտթեւի պատասխանատուի տրամադրության տակ: Մի՞թե նա «համատեղության կարգով» նաեւ ԱԱ նախարարության աշխատակից է կամ արդյոք ադրբեջանական հատուկ ծառայությունները չե՞ն «Ենի Ազարբայջան»-ի փաստացի ղեկավարները` նկատի ունենալով, որ այդ կուսակցության հիմնադիր Հեյդար Ալիեւը ՊԱԿ-ի գեներալ էր:

Բայց առավել հետաքրքրական է ԻԻՀ անանուն «քաղաքացու ցուցմունքի» հետեւյալ ձեւակերպումը` «չնայած այդ (Ադրբեջանի ԱԱ նախարարության կողմից իր մոտ հայտնաբերված- Վ. Ա.) թմրանյութերն աճեցվել են Իրանի տարածքում, հաճախորդները հիմնականում նախապատվությունը տալիս են Ղարաբաղում աճեցված մարիխունային»: ԻԻՀ «քաղաքացին», ուրեմն, խոստովանել է, որ իրենից առգրավված թմրանյութերն «աճեցվել են Իրանի տարածքում»: Շարունակությունն ադրբեջանական հատուկ ծառայությունների հերյուրանքն է` «... բայց հաճախորդները հիմնականում նախապատվությունը տալիս են Ղարաբաղում աճեցված մարիխուանային»:

Սա չափազանց էժանագին քարոզչահնարանք է, որին հարեւան երկրի հատուկ ծառայությունները դիմել են զուտ քաղաքական նկատառումներով: Եվ երիտիլհամալիեւականի բարբաջանքները, որ «նախագահը (Իլհամ Ալիեւը- Վ. Ա.) միջազգային ամենահեղինակավոր ամբիոններից ուշադրություն է հրավիրել Հայաստանի կողմից «սպիտակ մահ» արտահանելու փաստերի վրա», այլ բան չէ, քան ԱԱ նախարարության` սեւով սպիտակի վրա կարված «վարկածի հիմնավորման» անհույս ճիգ:

Հակահայկական ձեռնարկումներում, կարող ենք ամփոփել, Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, հատուկ ծառայությունները, բանկը եւ լրատվական դաշտը միմյանց արժանի են իրենց անարժեքությամբ, մտավոր հետամնացությամբ եւ պրոֆեսիոնալ անձեռնհասությամբ: Այլապես իշխող կուսակցության երիտթեւի պատասխանատուին չէին պարտադրի հրապարակայնացնել ԱԱ նախարարության «հատուկ օպերացիայի» ողջ սնանկությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #99, 14-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ