ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆԵՐ ՉԿԱ՞Ն ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ «Զարմացած եմ, որ թալանչիների հետ գործ ունենք, բոլոր գործերը պետք է ուղարկվեն դատարան...Չե՞ք կարծում, որ մեր հանրության մեջ տպավորություն կստեղծվի` մենք էլ ենք մասնակից, հայտնաբերում ենք, բայց տուգանք չենք կիրառում: Այդ պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից, ոչ մի անփոխարինելի պաշտոնյա չկա, վարչապետը քայլեր պիտի ձեռնարկի այս ուղղությամբ: Ես գտնում եմ, որ հետեւանքները լուրջ պետք է լինեն, կեղծիքներով, թալաններով, յուրացումներով զբաղված մարդկանց պետք է ազատել աշխատանքից», այս խոսքերով զայրույթախառն զարմանք էր հայտնում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ` լսելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի` 2012 թվականի բյուջեի վերահսկողության վերաբերյալ զեկույցում երկար թվարկվող միլիոններով ֆինանսական չարաշահումների, անարդյունավետ ծախսերի բազմաթիվ փաստեր: Ու հետաքրքրվեց, թե չարաշահում անող ոլորտների ղեկավարների հետ որ քննարկում է` ի՞նչ պատասխան են տալիս, ու սրա վերջն ի՞նչ է լինելու, ինչո՞ւ է այդպես: Ի. Զաքարյանն էլ տեղեկացրեց , որ վարչապետը նախարարներին խնդրել է պարզաբանել, թե ինչպես են վերաբերվում իրենց ոլորտներում արձանագրված բացահայտումներին եւՙ նախարարների պատասխաններն այս պահի դրությամբ տեղադրված են կառավարության կայքէջում, եւ կարելի է տեղեկանալՙ ինչ է արվել խախտումը վերացնելու ուղղությամբ: ԱԺ նախագահին երկրորդեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը , թե ` թալանչիները պետք է լինեն համապատասխան տեղերում, ու չնայած դամոկլյան սրի գործառույթի կոչ չի անում, բայց եթե թերացել են, դա մեկ բան է, եթե մսխել են` պիտի հայտնվեն համապատասխան տեղում, օր առաջ պետք է ազատվել կոռումպացած չինովնիկներից, եւ «չաղ ու բախտավոր չինովնիկների ժամանակներն անցյալում են»: Առհասարակ` Վերահսկիչ պալատի հաշվետվությանը 2012 թվականի բյուջեի վերահսկողության մասին պատգամավորները ոգեւորությամբ արձագանքում էին, մի մասի հարցերով լրացուցիչ չարաշահումների մասին տեղեկատվություն բարձրաձայնվեց, մի մասը ՎՊ-ից պահանջում էր մատնացույց անել ելքեր վիճակից, ուրիշները մեղադրում էին, թե ինչու դատախազություն չեն ուղարկում գործերը, քանի որ հաշվետվության ուղիղ կեսը հաղորդում է հանցագործության մասին: Այնպիսի տպավորություն էր, թե երկրում օրենսդիր, գործադիր եւ մյուս օղակների փոխարեն միայն Վերահսկիչը պետք է բոլոր հարցերի պատասխանը տա, իսկ պատգամավորներն ու ԱԺ ղեկավարությունը բոլորովին տեղյակ չեն, օրինակ, հենց այնպիսի օրենքների ընդունումից, որոնք սողանցքեր են թողնում «ատկատների» ու ֆինանսական չարաշահումների համար, այս կամ այն անձի գործարար շահերն են արտացոլում ու մասամբ այդպիսի օրենքներն են հենց անարդյունավետ ծախսերի ու ֆինանսական չարաշահումների դուռ բացում: Վերադառնալով հաշվետվությանը, նշենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը թվարկեց բոլոր այն խախտումները, որոնք ընդհանրական էին հատկապես քաղաքաշինությանը (շինարարության), գնումների ոլորտներում` անարդյունավետ եւ ուռճացված ծախսեր, անորակ աշխատանք, չհիմնավորված գներ եւ այլն: Շինարարության ոլորտում կիրառված չափից ավելի մեծ տոկոսադրույքները բերել են նրան, որ պետբյուջեի միջոցներից կատարվող շիանարարությունը 2-3-4 անգամ ավելի թանկ է իրականցվում, այս ուղղությամբ ՎՊ-ն իրական տոկոսադրույքների վերաբերյալ նախագիծ է ուղարկել կառավարություն, կառավարությունից էլ պետք է նայեն ու կոմպրոմիսի գան: Հատկապես կոռուպցիոն ռիսկեր են ճանապարհաշինության ոլորտում, որտեղ նախահաշվային գները էականորեն եւ հնարավորինս ավելացվում են: Գնումների ոլորտում ապրանքները ձեռք են բերվում բարձր գներով, քան իրականում է, եւ անգամ այդ դեպքում արդյունք չեն տալիս: Մրցույթները հաճախ պայմանավորված են: «Դատաիրավական ԾԻԳ»-ը այնպիսի խախտումներով է աշխատել, որ դրանց վերաբերյալ գործն ուղարկված է դատախազություն: Օրինակ` 80 տեղեկատվական տերմինալ է ձեռքբերել` ամեն մեկի վրա էականորեն ավելի շատ գումար ծախսելով, դրանց ձեռքբերման գումարները պայմանագրով պետք է փոխանցվեին մի ընկերության, բայց այլ` ամերիկյան ընկերության են փոխանցվել, որը ՎՊ-ն ստուգելու իրավունք չունի: Մարզերում դատարանների կառուցման վրա ծախսվածի եւ իրական արժեքների միջեւ 270 մլն դրամի տարբերություն կա: Էկոնոմիկայի նախարարությունում խախտումների առավել ցայտուն օրինակներով փոքր ձեռնարկություններին աջակցող վարկերը չեն ծառայել իրենց նպատակին, կասկածի տակ է նրանց վերադարձնելիությունը. 2010 թվականին վարկ ստացած 30 ձեռնարկությունից գործում է 8-ը, 2011- ին վարկ ստացած 17-ից` 8-ը, իսկ անցած տարի 130 վարկ ստացած կազմակերպությունից 11-ը դադարեցրել է գործունեությունը: Չարաբաստիկ բիոզուգարանների 123 մլն դրամանոց ծախսն անարդյունավետ է, քանի որ նրանք չեն գործում, զբոսաշրջության ոլորտում նախարարությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացրել: Խոսվեց Գյումրու տեխնոպարկի շինարարության մինչեւ 52 մլն դրամանոց նախատեսումից միայն 250 հազար դոլար ծախսելու մասին, ու եթե այդպես դանդաղ տեմպով շարունակվի շինարարությունը` մի հարյուր տարի պետք կլինի տեխնոպարկը սարքելու համար: Բազմաթիվ չարաշահումների այլ օրինակներ էլ բերվեցին. օրինակՙ թե ինչպես մի գնով այլ երկրից գնված պարենային ապրանքը սահմանի վրա մի քանի անգամ ավելի բարձր գնով է արդեն Հայաստան մտնում: Կամ` քաղաքապետարանի բազմաթիվ խախտումներից խոսվեց (իհարկե նշելով, որ 80 տոկոսը հետո շտկվել են)` կադաստրային արժեքից էժան հողի վաճառք, փակ աճուրդներով եւ շատ էժան հողի օտարումներ, աճուրդային մեկնարկային գների ակնհայտ շեղումներ շուկայական գներից: Նուբարաշենի աղբավայրի եւ ճապոնական ֆիրմայի` այնտեղ աշխատելու վերահսկողությունը մի առանձին խնդիր է, որին այլ առիթով կանդրադառնանք: Ասենք միայն, որ քննարկումը հետաձգվեց մինչեւ երկուշաբթի գումարվելիք արտահերթ նիստ, եւ դատելով պատգամավորների հարցերից եւ պատժելու, գործերը դատախազություն ուղարկելու պահանջներից` նրանք վճռական են տրամադրված ավել մեծ ռակուրսով ի ցույց դնելու խախտումները: |