ՄԱՐԴԻՆԻ ՍԲ ԳԵՎՈՐԳ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳՎԱԾ 7 ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ Նոյյան տապան Հունիսի 12¬ին Աթենքում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության 50¬ամյակին նվիրված հոբելյանական կոնգրեսի նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակվել է Եվրոպայի առավել վտանգված հուշարձանների յոթնյակը: Այն ընդգրկում է մշակութային ժառանգության օրինակներ Ալբանիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, Ռումինիայից եւ Թուրքիայից: «Եվրոպա Նոստրայի» տարածած մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Եվրոպայի մշակութային եւ բնության ժառանգության այդ գանձերը սպառնալից վիճակում են հայտնվել անհրաժեշտ ֆոնդերի կամ փորձաքննության բացակայության, վատ պլանավորման, անփութության, բնական աղետների եւ կամ քաղաքական կոնֆլիկտների հետեւանքով»: Եվրոպայի առավել վտանգված 7 հուշարձանների յոթնյակում է նաեւ Մարդինի (Արեւմտյան Հայաստան, Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը) Սբ Գեւորգ հայկական եկեղեցին` ներկայացված Թուրքիայի կողմից: «Շուրջ 15 դար Սբ Գեւորգ եկեղեցին Մարդին քաղաքի մեծ հայ համայնքի հոգեւոր օջախն է հանդիսացել: Պատմական հուշարձան դասակարգված այս շինությունը կառուցվել է 420թ. եւ օգտագործվել է հայ բնակչության կողմից մինչեւ 1915 թ.: Միաժամանակ նշվում է, որ հուշարձանը փրկելու մտահոգությունը «Եվրոպա Նոստրային» է ներկայացրել Թուրքիայի նույնանուն կազմակերպությունըՙ Մարդինի կաթոլիկ հայ համայնքի հիմնադրամի աջակցությամբ: |