«ՀԱՑԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ» ՏՈՆԱԾԻՍԱԿԱՆ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ 5-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ Օրերս Երեւանի «Էրեբունի» թանգարանի տարածքում տեղի ունեցավ «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների 5-րդ ցուցահանդես-փառատոնը, որի ժամանակ հայ խոհարարները ներկայացրեցին հայկական ծիսական ուտեստների շուրջ 60 տեսակ: Միջոցառման նպատակը մեր ազգային խոհանոցի ցուցադրումն է հանրության լայն շերտերին: Ներկայացվեցին եկեղեցական 13 տոներ: Ցուցադրվեց, թե այդ տոների ժամանակ ինչ կերակրատեսակներ են դրվել սեղանին, ինչ ձեւավորմամբ եւ այդ կերակրատեսակներն ինչ նշանակություն են ունեցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, Արենի գինու փառատոնի ղեկավար Նունե Մանուկյանը եւ «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գեւորգ Մկրտչյանը: «Հացը լեռներում» խորագիրը ցուցահանդես-փառատոնը ստացել է նկարիչ Աղասի Խանջյանի համանուն կտավից: Փառատոնի մուտքն անվճար էր, բայց ուտեստներըՙ վճարովի: Մամուլյանի փոխանցմամբՙ վաճառքից գոյացած գումարի որոշ չափն իրենք ծախսելու են բարեգործական նպատակներով: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանի ներկայացմամբ` սա լավագույն միջոցն է երկիրը զբոսաշրջիկներին ներկայացնելու եւ գրավիչ դարձնելու համար, քանի որ մարդու մոտ կենսաբանորեն ամենալավը տպավորվում են տեսածն ու համտեսածը, իսկ ամենավերջում մոռացվում է քիմքի արձանագրած զգացողությունը: Հասարակական կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանը այս ամենում տեսնում է մեկ այլ նպատակ: «Դա իր մեջ դաստիարակչական մեծ խորհուրդ ունի, դա իր մեջ ունի նաեւ հայապահպանության խորհուրդ: Դրա միջոցով նաեւ մենք պետք է մեզ զերծ պահենք օտար եւ այլասերված ինչ-որ ազդեցություններից: Դա մեր զենքերից մեկն է եւ շատ հզոր միջոց է հային հայ պահելու»: Այդպես օրինակՙ կազմակերպվող փառատոնները նպաստել են տասնյակ բաղադրատոմսերի վերականգնմանը, բայց դեռ պետք է վերականգնել նաեւ հայկական տոները նշելու ավանդույթը: Վահե Անթանեսյանն, օրինակ, աշխարհի բոլոր երկրներում կազմակերպվող դիմակահանդեսներում տեսնում է հայկական հիմք, որը գալիս է զուտ հայկական տոնից` Բարեկենդանից: Փառատոնի ընթացքում նաեւ հացի քարոզչություն էր կատարվում: Այնտեղ էին նաեւ բրուտագործ, որը տեղում կավագործի մասնագիտությունն էր ցուցադրում: Գեղարվեստական մասը հագեցած էր, որին մասնակցելու էր նաեւ «Պարենք հայերեն» չքնաղ երիտասարդական նախաձեռնությունը: |