ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԶԻՆՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ Երեւան քաղաքի բյուջեով միջոցներ են հատկացվել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով: «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում թվով 16 բուժհաստատությունների տրամադրվել են 44 անուն բուժսարքավորումներ, որոնցից 15 -ը կենսաքիմիական անալիզատորներ են, 7-ըՙ ուլտրաձայնային հետազոտման սարքեր: Ձեռք է բերվել 2 աուդիոմետր, կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման 3 եւ էլեկտրասրտագրության 17 սարք: Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման տեսանկյունից հատկապես կարեւորվում է կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման սարքերի տրամադրումը, քանի որ նախկինում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում այդպիսի սարքավորում երբեւէ չի եղել: Քաղաքապետարանի նման աջակցությունը, ինչպես նշում են բուժաշխատողները, առանձնակի կարեւորություն է ստանում, եթե հաշվի առնենք նաեւ, որ տարիներ շարունակ բուժհաստատություններում ներդրումներ չեն իրականացվել, իսկ սարքավորումներն էլ մաշվել են թե՛ ֆիզիկապես եւ թե՛ բարոյապես: |