ՎՐԵԺԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՊԱՐՏՎԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ «Վաթսուն տարին ապրելու համար շատ է, բայց ամենահասարակ բաները հասկանալու համար` քիչ: Ինչի եմ հասել վաթսուն տարեկանում. շատ բան էի ուզում գրել, բայց բարեբախտաբար այդ ամենն արդեն գրել է Վիլյամ Սարոյանը: Լավ թե վատ` ինչ գրել եմ, սրտով եմ գրել, դրանք իմն են եւ դրանցով կարողացել եմ պահպանել իմ ազատությունը, դրանց մեջ ապրում է մարդու այն տեսակը, որի անունը Վրեժ Իսրայելյան է...Գրածներիս համար ամաչելու բան չունեմ, չգրածներիս համար ամաչում եմ»: Այսպես գրել է մեր սերնդակից գրող Վրեժ Իսրայելյանը չորս տարի առաջՙ իր վաթսունամյակին: Երեկ ցնցեց լուրը` ինքնասպան է եղել գրող Վրեժ Իսրայելյանը: Մի քանի օր առաջ նա հետազոտվել էր, քանի որ լավ չէր զգում իրեն, հայտնաբերվել էր վերջին աստիճանում գտնվող քաղցկեղ: Հաջորդել էր ինքնասպանությունը: Վրեժին ճանաչել եմ շատ վաղուց, ու մինչ նրա մահվան մանրամասներն իմանալը` մտքովս անցավ, որ Վրեժը չէր կարող հիվանդությունից պարտված մահանալ, նա իր սասունցի նախնիների ֆիդայական արյունն էր կրում, ովքեր վերջին գնդակ էին պահում` թշնամու ձեռքը չընկնելու համար: Նրանց պես էր վարվել երեւի: Հետո մանրամասները արդեն հաստատեցին այդ զգացողությունը, ու այն, ինչ հայտնի դարձավ, ավելի շատ իր ստեղծած գրականության հերոսների պահվածքին էր նման, մինչեւ վերջին պահը էությամբ գրող եւ զինվոր մարդու ձեռագիր էր. 1-03 ծառայությունը կանչով մեկնել է Վաղարշյան 19/1 շենք եւ հայտնաբերել հրազենային վնասվածքով նրա դին (այդ մասին ահազանգվել է ոստիկանություն): Արդեն ոստիկանությունը հյուրասենյակում հայտնաբերել է վաթսունչորսամյա Վրեժ Իսրայելյանի դին` աջ ձեռքին հրազեն: Գրասեղանին հրաժեշտի նամակ` Աստծուն շնորհակալությամբ, որ ունեցել է լավ կին ու որդի (Գայանե ջան, Մհեր ջան, ցավակցում եմ), լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ, ու ներողություն խնդրել, քանի որ չի ուզեցել ինքն իրենից զզվել ու նոր հեռանալ: Նամակն ու նրա «Վաղ, թե ուշ» գիրքն իրա կողքի են եղել գրասեղանին: Ամեն ինչ հենց այնպես է, ինչպես Վրեժի պատմվածքներում: Վրեժ Իսրայելյանը երկրի զգացողությունը մեջը մարդ էր, չնայած երբեք ի ցույց չէր դնում իր այդ որակը: Ուղղակի էդպես ապրում էր, ու նրա կողքին դժվար էր երկրի զգացողություն չունեցող մարդկանց համար, կամաչեին, քանի որ նրանից փոխանցվում էր հայ մարդու շունչ, հայ մարդու կերպ, սնապարծության ու անարժեք բաների հանդեպ անհաշտություն: Համալսարանական կրթությունից հետո աշխատել է հեռուստառադիոպետկոմի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում (միշտ հպարտությամբ եմ հիշում, որ նրա տեղը ես ընդունվեցի աշխատանքի), նրա առաջին պատմվածքները հենց ռադիոյով են հաղորդվել: Հետո աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում. «Սովետական Հայաստան» թերթում: Անկախությունից հետո երկար տարիներ «Հայ զինվոր» թերթի գլխավոր խմբագիրն էր, 1999-ից պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչության պետը, իսկ այս մի քանի տարին` «Նաիրի» հրատարակչության տնօրենը: Նրա պատմվածքները լայն ընթերցողին հասան «Գարունից», դրանք անբռնազբոս, հայրենիքի, երկրի, հողի ու տեսակի կոդը կրող գործեր էին, որոնք հեշտ ու թեթեւ ընթերցվելով, սակայն, ընթերցողին գցում էին մտքերի մեջ, սովորական կյանքի մեջ Վրեժի տեսածը փնտրելու մղում զարթնեցնում: Դրանք նաեւ մրցանակների են արժանացել: Հեռուստատեսությամբ բեմադրվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը, Արցախյան պատերազմի, նրա զինվորների մասին պատմող մի շարք հեռուստաֆիլմերի սցենարների հեղինակ է: Գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի է արժանացել Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ» գիրքը` լույս տեսած 2010 թվականին: «Գրողը մեղավոր է ամեն ինչի համար, նույնիսկ ուշացած անձրեւի եւ անպատեհ խփող կարկուտի համար», ասում էր Վրեժ Իսրայելյանը` չկարողանալով անտարբեր լինել իր շուրջը կատարվող լավ ու վատ բաների հանդեպ, միաժամանակ երբեք չտրվելով հպանցիկ հովերին, թայֆայականությանը, նեղմտությանը ու ամեն ինչին նայելով երկրի տիրոջ զգացումով: Ու հենց այդ պատուհանից ստեղծելով իր պատմվածքները, որոնցից յուրաքանչյուրը պատկերային գրականության դասական օրինակ է: «Հենց նեղն եմ ընկնում` մուսան դուռս թակում է», գրել է մի անգամ Վրեժ Իսրայելյանը: Էս անգամ մուսան չհասավ... Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր, հունիսի 15-ին, ժամը 14.30-ին, Հայաստանի Գրողների միության դահլիճում: Հոգեհանգիստըՙ նույն օրը, ժամը 18.00-ին Աշնակ գյուղում: Հուղարկավորությունը հունիսի 16-ին ժամը 14.00-ին Աշնակ գյուղում: ՀՀ մշակույթի նախարարություն |