RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013



Տեղադրվել է` 2013-07-17 23:40:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1321, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 12

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

«Ադրբեջանի եւ Թուրքիայի ֆունկցիոներների միջեւ մշտական շփումները շարունակվում են: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Բաքվում էր անցյալ ամսին, այսօր (երեկ- Վ. Ա.) նա կրկին այցելել է մեր երկիր: Հաջորդ ամիս Ադրբեջանում տեղի կունենա թուրքախոս երկրների գագաթաժողով, եւ մենք վերստին Ահմեդ Դավութօղլուին սպասում ենք Բաքվում», այս «քնարական զեղումով» է սկսել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը (տես http://www.vesti.az/news/166005):

Խոսելով իր եւ Դավութօղլուի բանակցություններից, Մամեդյարովն ընդգծել է, որ «հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաեւ Բաքու- Թբիլիսի-Կարս նախագիծը, որն Աֆղաստանից կոալիցիոն ուժերի դուրս բերման երթուղիներից մեկն է, անդրադարձ է եղել նաեւ էներգետիկ բնագավառում սերտ համագործակցությանը»:

Ինչպես տեսնում ենք, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում առաջին տեղը տրվել է «ղարաբաղյան հակամարտության քննարկմանը»: Այս առթիվ որոշ հանգամանքներ մամուլի ասուլիսում պարզաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութղլուն:

«Բաքուն եւ Անկարան մայրաքաղաքներ են, որոնք Եվրասիական տարածաշրջանում առաջատար դեր են խաղում»,- ասել է Դավութօղլուն եւ հույս հայտնել, որ «մոտ ապագայում Կովկասում կվերահաստատվի խաղաղություն: Դրա հիմնական պայմանը Լեռնային Ղարաբաղի «ազատագրումն է օկուպացիայից» (չակերտները մերն են- Վ. Ա.), եւ միջազգային ասպարեզում երկու երկրները (Թուրքիան եւ Ադրբեջանը- Վ. Ա.) միմյանց պաշտպանում են»:

Թուրքիայի ԱԳ նախարարը փաստորեն բաց տեքստով վերստին հայտարարել է, որ ԼՂ եւ մյուս բոլոր հարցերում իր երկիրը եւ Ադրբեջանը ցուցաբերում են համաձայնեցված կեցվածք: Դավութօղլուն նաեւ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: «Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարվա ընթացքում չի կարողացել ոչինչ անել, ապա միջազգային հանրությունը պետք է իրեն հարց տա` ինչո՞ւ ադրբեջանական հողերի 20 տոկոսը դեռեւս գտնվում է «օկուպացիայի» (չակերտները մերն են- Վ. Ա.) տակ»,-հռետորական հարց է հնչեցրել Թուրքիայի ԱԳ նախարարը:

Բայց, ամենայն հավանականությամբ, Դավութօղլուի գլխավոր ասելիքը հետեւյալն էր. «ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունները այդ հարցում (ԼՂ կարգավորման գործընթացում- Վ. Ա.) պետք է ունենան գործուն դերակատարություն: Ինչպես ձեզ (ադրբեջանական հանրությանը- Վ. Ա.) հայտնի է, Թուրքիան նույնպես Մինսկի խմբի անդամ է եւ պատրաստ է աջակցել խաղաղ գործընթացին: Գլխավորն այն է, որ հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

«Ազգ»-ի նախորդ համարում մենք գրել էինք, որ Դավութօղլուն Ադրբեջան է ուղեւորվել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մեկնարկի օրը: Երեկ Բաքվում նրա արած վերոբերյալ հայտարարությունները գալիս են վկայելու, որ Կովկասում «խաղաղության» թուրքական տեսլականը ենթադրում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում», որտեղ Թուրքիան փորձում է ունենալ «գործուն դերակատարություն»:

Իհարկե, սեփական աշխարհաքաղաքական նկրտումները պաշտոնական Անկարան «հիմնավորում է» ԵԱՀԿ Մինսկի խմբի «անդամի մանդատով»: Մինչդեռ իրականություն է, որ միջազգային քաղաքականության մեջ «Մինսկի խումբ» հասկացությունը վաղուց կորցրել է նախնական նշանակությունը: Ի սկզբանե ԵԱՀԿ-ն «միամտություն ուներ» հուսալու, թե «կգումարվի Մինսկի խորհրդաժողով, որտեղ կքննարկվի ԼՂ կարգավիճակի հարցը»:

Բանակցային գործընթացի հետագա բարդությունն ստիպեց, որ ձեւավորվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուտը, որն էլ վերջին շրջանում միակ միջնորդն է: Թուրքիայի արտգործնախարարը հազիվ թե տեղյակ չէ այս իրողություններին: Մնում է ենթադրել, թե ինչո՞ւ է Դավութօղլուն հիշեցնում «խաղաղ գործընթացին աջակցելու» իր երկրի «պատրաստակամության» մասին: Ինչ էլ որ դրդած լինի նրան` մի բան շատ պարզ է. Կովկասում «խաղաղություն հաստատելու» Թուրքիայի տեսլականը ոչ մի կերպ չի ներգրվում ԼՂ հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ջանքերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ