ԶԱՏԵՆՔ ՈՐՈՄՆ ՈՒ ՀԱՏԻԿԸ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածը եւ դրա շուրջը ծավալվող իրադարձությունները հետեւությունների են հանգեցնում: Նախ` տեղի ունեցած վրա յուղ են լցնում լրագրողները, որոնք մոռանալով, որ սովորական տրանսպորտային միջադեպը շանս ունի դառնալու միջպետական հարաբերությունների վատթարացման պատճառ, գործի դրեցին ատելության ողջ արսենալը նախ ռուսական կողմից, շեշտադրումներ անելով ավտովթարի պատճառ Հարությունյանի ազգությանն ու առհասարակ` հայ «գաստարբայթերներին»: Հետո, բնականաբար, հայ լրագրության ողջ արեալը հակահարվածի անցավ, եւ պատկերավորության ոչ մի միջոց չխնայվեց ռուսական ռասիզմի եւ հայատյացության պատկերը ներկայացնելիս: Այսինքն` տարիներով եւ դետալ-դետալ մի կերպ կարգի բերվող երկու երկրների դիվանագիտությունը կարող է ճաք տալ էմոցիայի, Հարությունյանի կոնկրետ դեպքով հայերիս ազգային արժանապատվությանը հասցված անարգանքի եւ երկու կողմից թեման սնելու հակված, ամառը թեմա չունեցողների մեծ բանակի պատճառով: Մինչդեռ սովորաբար տաք քննարկումների մեջ միշտ էլ աննկատելի է գլխավորը: Հատկապես ռուսական կողմի լրագրողները մեր մասնագիտությանը խորթ եղանակով հայերիս արժանապատվությունը վիրավորող ռեպորտաժներ են վարել (ռուսական պետական հեռուստաալիքով հատկապես), ակնհայտ հակահայկական տրամադրություններ հրահրելով եւ Հայաստանում էլ պատասխան ռեզոնանս առաջացնելով: Բայց լավ է գոնե, որ դա հետագայում, օրինակ, երեկ, կարելի է ասել, մի փոքր մեղմվեց: Մյուս մտորումը, որ ծնվում է, այն է, որ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան արագ արձագանք դեպքի առաջին ժամերին ըստ ամենայնի չի եղել, այլապես ՀՀ քաղաքացին նորմալ զգեստ կունենար դատարան ներկայացվելիս, ու գոնե հեռուն գնացող եզրահանգումների եւ արժանապատվությանը հասցված հարվածի այդ մի կարեւոր բաղկացուցիչը չէր լինի: Չենք ասում` դեսպանատունը հիմա բան չի անում, ընդհակառակը, տարբեր տեղեկություններով, այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը բազմակողմանի ներգրավված եւ մասնակից է ողջ գործընթացին: Սակայն ակամա հանգիստ չի տալիս այն միտքը, թե ովքեր են դառնում շատ անգամ մեր դեսպաններն արտերկրում, ինչ դիվանագիտական ճանապարհ են անցնում, այդ դժվարին մասնագիտության ի՞նչ նրբությունների են տիրապետում եւ ինչ փորձ ունեն: Ու ակնհայտ է, որ ինչպես իր նախորդը, Ռուսաստանում Հայաստանի ներկա դեսպանն էլ ի սկզբանե այդ հմտությունները չի ունեցել եւ սովորում է հընթացս: Իսկ ահա մեր արտգործնախարարությունը կադրային դիվանագետներին տարիներով հմտացնելիս պատրաստում է նաեւ Պոդոլսկում տեղի ունեցածի եւ դրա նման արտակարգ իրավիճակներում մեր դիվանագետների կայծակնային աշխատանքի համար: Մինչդեռ խալաթի պատմությունը հուշում է, որ դեպքից անմիջապես հետո հայկական կողմը արագ չի գտել միջադեպի հեղինակ վարորդին, նրա հետ կապ հաստատելու փորձ չի արել, այլապես կկանխեր այդ տեսքով եւ դեղերի ազդեցությունից լիովին չսթափված մարդու հայտնվելը դատարանում, որը շահարկման եւ ազգամիջյան ատելության հրահրման նյութ դարձրին նախ ռուս լրագրողները, հետո Հայաստանում հակադարձ ալիքը բարձրացավ` կամաց- կամաց սպառնալով արտացոլվել երկու երկրների հարաբերություններում: |