ՊԱՏՐԻԿ ԲԱԲԼՈՒՄՅԱՆ. ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԶՈՐԵՂ ԲՈՒՍԱԿԵՐԸ ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, «Ноев Ковчег», N 11, 2013 г., Ռուս. թարգմ. Պ. Ք. Ծնվել է 1979 թվականին Իրանի Աբադան քաղաքում, տեղացի հայերի ընտանիքում: Շուտով Բաբլումյանի ընտանիքը տեղափոխվում է Գերմանիա, որտեղ նա սկսում է պրոֆեսիոնալ կերպով զբաղվել բոդիբիլդինգով: Արդեն 9 տարեկանից Պատրիկը որոշակի հաջողությունների է հասնում այդ մարզաձեւում եւ գերմանական հրատարակությունների պսպղուն շապիկների վրա է հայտնվում որպես երկրի ամենափոքր բոդիբիլդեր: 1999 թվականին հաղթում է պատանի բոդիբիլդերների գերմանական IFBB մրցույթում, եւ այդպեսՙ գրեթե ամեն տարի, մինչեւ 2002 թվականը: 2006-ից Պատրիկ Բաբլումյանը մրցանակային տեղեր է գրավում բոդիբիլդինգի ամենահեղինակավոր մրցույթներում, մնալով աշխարհի 10 ուժեղագույն մարդկանց ցանկում: Հատկանշական է, որ 2005 թվականից Պատրիկը իր ապրելակերպով բուսակեր է: Այս կապակցությամբ նա ահա թե ինչ է ասում. «Մեզ մոտՙ Գերմանիայում, 2007 եւ 2009 թվականներին անցկացված հեղինակավոր մրցումներում ես զբաղեցրել էի միայն 2-րդ տեղը: 2010-ին ես բարելավեցի իմ արդյունքը եւ առաջին անգամ դարձա Գերմանիայի ամենաուժեղ մարդը: Եվ ահա հիմա էլ հաստատեցի իմ կարգավիճակը, ապացուցեցի, որ գնում եմ ճիշտ ճանապարհով, որ բուսակերությունն ինձ իրոք դարձնում է լավագույն մարզիկ, ինձ տալիս ուժի գերազանցություն»: Պատրիկ Բաբլումյանի նվաճումների մասին գրում են աշխարհի ամենահայտնի հրատարակությունները: Աչքի են զարնում այնպիսի վերնագրեր, ինչպիսիք ենՙ «Պատրիկՙ բուսակեր դյուցազուն» կամ «Գերմանիայի ամենաուժեղ տղամարդը բուսակեր է»: Պատրիկի հատկանշական տվյալները հետեւյալներն են. հասակըՙ 171 սմ, քաշըՙ 116 կգ, երկգլխանի մկանըՙ 50 սմ, սեղմումըՙ 215 կգ, կքանստումըՙ 310 կգ, իրանի քարշըՙ 360 կգ: 2010 թվականից Պատրիկ Բաբլումյանը նաեւ համարվում է աշխարհի ամենազորեղ բուսակերը: Պատրիկը հաճախ այցելում է Իրան, որտեղ դեռ մնում են հայ ազգականներ: Ավելին, Թեհրանում վարպետության դասեր է անցկացնում տեղացի բոդիբիլդերների համար, որոնք, ի դեպ, իսլամական կարգերի պայմաններում հնարավորություն չունեն առաջ շարժվելու մարզական սանդուղքով: Սակայն նրա գործունեությունն այնուամենայնիվ լուսաբանվում է իրանական լրատվամիջոցներում: Ըստ որում, իրանական ԶԼՄ-ները մատնանշում են նրա հայկական ծագումը եւ այն փաստը, որ չնայած խիստ զբաղվածությանը, Պատրիկը կարողանում է ժամանակ գտնել եւ գալ Իրան: Սպորտում բարձրագույն հաջողությունների հասած հայերի անունների կարելի է հանդիպել ամենուրեք: Պատրիկ Բաբլումյանը գերմանական սպորտի պայծառ աստղերից է: Նա ամեն տեղ խոսում է առողջ ապրելակերպի մասին եւ իր հետեւից տանում է մարզական նվաճումների ձգտող բազմաթիվ երիտասարդների: |