ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԵՎ ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ` ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը կազմակերպել էր «Լեւոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն, որն առաջին անգամ էր տեղի է ունենում: Մրցույթը հնարավորություն էր ընձեռել ոչ միայն Հայաստանի, այլեւ Սփյուռքի ստեղծագործող հեղինակներին մասնակցելու մրցույթին: Կարեւոր է նաեւ արթուն պահել թատերական կյանքը, խթանել նոր ստեղծագործությունների ստեղծումը: «Ազգի» հետ զրույցում Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանն ասաց. «Ստացանք շուրջ 51 հայտ, որոնցից լավագույն 12-ը կհրատարակվի: Արդյունքում շահում է թե՛ թատերագրությունը, թե՛ հասարակությունը եւ հայ թատրոնը: Կարդալով բոլոր պիեսները` որպես ժյուրիի անդամ ցավալի բան նկատեցի, գրականություն եւ թատերգություն է եկել արտագաղթի թեման: Իսկ որպես ուրախալի փաստ պետք է նշել, որ հայ թատերգության լավագույն ստեղծագործողները մասնակցել են մրցույթին: Ժյուրիի անդամները վեցն էին` Ռուբեն Հովսեփյան, Արքմենիկ Նիկողոսյան, Ռուբեն Բաբայան, Լիլիթ Գալստյան, սփյուռքից Շաղիկ Մկրտչյան եւ Սոնա Մելոյան»: Ընդունվել էին չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներՙ առանց ժանրային սահմանափակման, արեւելահայերեն թե արեւմտահայերեն: Ըստ Լիլիթ Գալստյանի, այս տարիների ընթացքում թարմ խոսքի կարիք կար, հետեւաբար մշակութային իրականության մեջ պետք է մտածել լրացուցիչ լծակների մասին, որոնք կխթանեն ստեղծագործական գործընթացը, ինչպես նաեւ լրացուցիչ ազդակ կտան նոր ստեղծագործությունների ծնվելուն: «Լեւոն Շանթ» մրցանակաբաշխության նպատակն է խթանել ժամանակակից հայ թատերագրության զարգացմանը, ինչպես նաեւ այս ժանրում ստեղծագործող նոր անունների, թատերագրության ժամանակակից ուղղությունների բացահայտմանը, նոր պիեսների բեմադրությանը: Երեկ ամփոփվեցին մրցույթի արդյուքները եւ առաջին մրցանակային տեղին արժանացավ Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-շիդար» ստեղծագործությունը (1.000.000 դրամ), երկրորդ մրցանակային տեղին արժանացավ Սամվել Խալաթյանն իր «Գնացքի երկու տոմս» ստեղծագործությամբ (800.000 դրամ), իսկ երրորդ տեղին` Արմեն Ճգնավորյանի «Այլաստվածային կատակ» պիես (600.000 դրամ): Ի դեպ, սահմանված էին նաեւ երկու խրախուսական պարգեւներ` 200.000-ական դրամ, որոնց արժանացան Հրաչ Բեգլարյանն իր «Ես, Մանվելիկը, համակարգիչը» եւ Նուշիկ Ղազարյանն իր «Վաճառականներ» ստեղծագործությամբ: Ի դեպ, առաջին տեղին արժանացած ստեղծագործությունը Համազգային հայ կրթական եւ մշակութային միության աջակցությամբ կբեմադրվի: Գլխավոր մրցանակակակիր Գուրգեն Խանջյանն լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր «Արտավազդ-շիդար» ողբերգությանն ասաց. «Շիդար նշանակում է խելառ, անզուսպ, խփնված: Ըստ իս, Արտավազդ արքան այդպիսին է եղել: Գլխավոր հերոսն Արտաշես արքայի որդին է, որը սիրո պակասից երկրի կառավարումը ճիշտ հունով չէր տանում, ինչպես նաեւ զուգահեռներ եմ անցկացրել այսօրվա հետ»: Իսկ երկրորդ մրցանակային տեղին արժանացած հեղինակ Սամվել Խալաթյանը նշեց, որ «Գնացքի երկու տոմս»-ը աբսուրդային պատմություն է, որտեղ շոշափվում է արտագաղթի թեման: |