«ՕՁՈՒՆԻ ԳԱՆՁԵՐԸ» ՓԱՌԱՏՈՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «Արմենպրես» «Օձունի գանձերը» փառատոնը կներկայացնի Լոռու մարզի պատմամշակութային ժառանգությունը, գյուղատնտեսական ողջ ներուժը եւ կնպաստի համայնքներում զբոսաշրջության զարգացմանը: Ինչպես տեղեկացրեց փառատոնի նախաձեռնող «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչ Նազելի Գրիգորյանը, փառատոնին կմասնակցեն Օձունի հարակից 7 գյուղերը: «Միջհամայնքային ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 20-ին: Օձունի եկեղեցու բակում տեղի կունենա փառատոնի բացումը, իսկ ցուցահանդես-վաճառքը կանցկացվի մշակույթի տան հարակից տարածքում: Փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելի նաեւ Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիայի (AMRF) նախագահ, Gargilesse-Dampierre-ի գյուղապետ Վանիկ Բերբերյանը»,-ասաց Գրիգորյանը: Փառատոնն անցկացվում է G2iA (Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում) ֆրանսիական կազմակերպության նախաձեռնությամբ, «Լույս» հիմնադրամի եւ Լոռու մարզպետարանի հետ համատեղ եւ Ֆրանսիայի Ռիոն-Ալպեր շրջանի հովանավորությամբ: Օձունում առաջին փառատոնն անցկացվել է 2012 թվականին «Լույս» հիմնադրամի Զարգացնենք Հայաստանը ծրագրի շրջանակներում G2iA-ի, «Լույս» հիմնադրամի, Օձունի գյուղապետարանի, եկեղեցու եւ մշակույթի տան համատեղ ջանքերով: Այդ ընթացքում իրականացվել է 3 ծրագիրՙ Օձունի գրադարանի եւ մշակույթի տան վերանորոգում, վայրի խոտաբույսերի մշակում եւ թեյերի փորձնական արտադրություն, «Օձունի գանձերը» ամենամյա փառատոնի մեկնարկում: |