ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՀԱԿԱՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ Եթե Իրաքի ու Սիրիայի տարածքների նկատմամբ հավակնությունները բխեին Թուրքիայի պարտավորություններից «Ազգի» նախորդ համարում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պահանջատիրական հայտարարություններին անդրադառնալիս նշել էինք, որ դրանց արձագանքել է նաեւ պաշտոնաթող թուրք դեսպան Օմեր Էնգին Լյութեմը եւ ասել է այն, ինչ չէր ասում Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լեւենթ Գյումրուքչուն: Խոսքը Լյութեմի «հզոր Թուրքիայի իմիջը մեզ թույլ չի տալիս, որ կարեւորենք Հայաստանի գլխավոր դատախազի պահանջները, այլապես դրանք կարող են դրական արձագանք գտնել դրսում» արտահայտության մասին էր: Եթե այս արտահայտությունը համադրենք արտգործնախարարության խոսնակ Գյումրուքչուի խոսքերի հետ, թե «որեւէ պետություն չի կարող Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու հանդգնությունը դրսեւորել», ակնհայտ կդառնա հզոր Թուրքիայի իմիջը հոխորտանքով պարտադրելու սնանկությունը: Ընդ որումՙ պահանջատիրությամբ հանդես է գալիս ՀՀ գլխավոր դատախազը, իսկ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը հոխորտում է հայկական պետության վրա: Թերեւս նա դրանով էլ հայ գլխավոր դատախազիՙ Թուրքիային ներկայացված հողային պահանջները վերագրում է Հայաստանին: Ավելին, որքան էլ, ինչպես Լյութեմն է մատնանշում, հզոր Թուրքիայի իմիջը թույլ չտա կարեւորել ՀՀ գլխավոր դատախազի պահանջները, այդուհանդերձ Թուրքիայի արտգործնախարարությունը, ի դեմս խոսնակի, արձագանքելու միջոցով պահանջները կարեւորելիս ակամա վնասում է այդ իմիջին: Իրականում խնդիրը հզոր Թուրքիայի իմիջը չէ: Ի՞նչ իմիջ, որ երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան մեկնած Դավութօղլուին հուլիսի 16-ին Բաքվի օդանավակայանում, turkishny.com կայքէջի վկայությամբ, թուրք դեսպան Ալփեր Ջոշքունն է դիմավորում միայն: Խնդիրը թուրքական կողմի պահանջատիրությունից բխող շփոթմունքն է, այլապես թուրքական կողմը ՀՀ գլխավոր դատախազի հայտարարություններին կարձագանքեր անհապաղ, այլ ոչ թե արձագանքելու համար 8 օր կսպասեր: Դա պատահական չէ: Պայմանավորված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փուլի հանցագործության հետեւանքների վերացման փուլով միջազգայնորեն լրացման հավանականությամբ: Այսինքն գլխավոր դատախազի պահանջատիրությանն արձագանքելու հարցում կողմնորոշվելը Թուրքիայի արտգործնախարարությունից պահանջել է 8 օր: Գալով հողային պահանջների անհամատեղելիությանը ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի սկզբունքներին կամ Հայաստանի միջազգային այլ կազմակերպությունների անդամակցելու միջոցով ստանձնած պարտավորություններին, ապա այդ պահանջները Թուրքիային ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազը, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակն ու պաշտոնաթող դեսպանը չեն կարող չիմանալ, որ պետությանը միջազգայնորեն պարտավորեցնում են տվյալ երկրի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հայտարարությունները: Այդ իսկ պատճառով էլ նրանք հզոր Թուրքիայի իմիջին վնասելու գնով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունները վերագրում են Հայաստանին եւ հայտնվում իրարամերժ մտքերի հորձանուտում: Հիրավի, հակամարտություններում հողային պահանջները ինքնիշխանության հետ կարգավորման առումով թերեւս ամենաբարդ խնդիրներն են: Սակայն ՀՀ գլխավոր դատախազի հայտարարություններում խոսքը հայ ժողովրդի պատմական հայրենիքի տարածքների մասին է, որոնց Թուրքիան տիրացել է այդ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու միջոցով, այլ ոչ թե Մոսուլի կամ Դամասկոսի մասին: «Մոսուլի թուրքական պատկանելության» եւ «երկու շաբաթում Դամասկոս մտնելու» վերաբերյալ հայտարարություններով Թուրքիան որպես «նոր օսմանիզմի» դրսեւորում հավակնում է Իրաքի ու Սիրիայի տարածքներին, որոնք թուրքերի հետ ոչ մի առնչություն չունեն: Ավելին, նա Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչված պատմական իրողությունը ժխտելուց զատ, թուրքերի նկատմամբ ցեղասպանություն իրագործելու մեղադրանք է ներկայացնում հայերին: Թվում է, թե Մոսուլին ու Դամասկոսին հավակնելը ավելի քան պիտի հակասի ինչպես ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի սկզբունքներին, այնպես էլ միջազգային կազմակերպություններում Թուրքիայի ստանձնած պարտավորություններին: Կարծում ենք նախքան ՀՀ գլխավոր դատախազ Հովսեփյանի հայտարարությունների պատճառաբանությամբ Հայաստանին մեղադրելը, նպատակահարմար կլիներ, եթե թուրքական կողմը պատասխաներ, թե Հայաստանին նախապայմաններ առաջադրելը, միջազգային պրակտիկային անհարիր այդ նախապայմանների պատճառով դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը, այս արարքը երրորդ երկրի վերաբերմունքով պայմանավորելը, նորանկախ պետությանը սկսած 1993-ից շրջափակելը, ղարաբաղյան պատերազմի օրերին «զգոն թուրքերի» 3 հազարանոց ջոկատին Լեռնային Ղարաբաղ գործուղելը, զենք գնելու համար Ադրբեջանին 30 մլն դոլար վարկ տրամադրելն ու ղարաբաղյան հիմնահարցը երկրի ներքին խնդիր համարելը Թուրքիան միջազգային ո՞ր կազմակերպությանն է պարտավորվել: Էլ չենք խոսում Ադրբեջանից ստացած 2 մլն դոլարի դիմաց Ստամբուլի Թաքսիմ հրապարակում 2012-ի փետրվարի 26-ին վարչապետ Էրդողանի կառավարության կազմակերպած «Խոջալուի» հանրահավաքի, այդ հանրահավաքում բարձրացված «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» մակագրությամբ վիթխարի ցուցապաստառների եւ դեռատի 1000 աղջկան նույն մակագրությամբ ցուցանակներով զինելու եւ ներքին գործերի նախարարին հայատյաց ելույթի համար հանրահավաք գործուղելու մասին: Չենք խոսում, որովհետեւ գիտենք, որ Ստամբուլը «համաշխարհային մշակույթի մայրաքաղաք» է, հետեւաբար «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» կարգախոսով հանրահավաքները շատ պատշաճ պիտի համարվեն այդ եզակի մայրաքաղաքի համար: |