«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՅՏՆՎԵՑ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկն» անհաջող հանդես եկավ Վիլնյուսումՙ 0-2 հաշվով զիջելով տեղի «Ժալգիրիսին»: Հանդիպումը ցույց տվեց, որ «Ժալգիրիսը» բնավ էլ ուժեղ մրցակից չէր: Դաշտի տերերը հիմնականում խաղում էին բարձրից տուգանային հրապարակ կատարած փոխանցումներովՙ հույս ունենալով հաղթող դուրս գալ փյունիկցիների հետ օդային մենամարտերում: Ճիշտ է, «Ժալգիրիսը» «Փյունիկի» դարպասը գրավեց խաղային այլ իրավիճակներում: Երկու դեպքում էլ լիտվացիները հաջողության հասան «Փյունիկի» պաշտպանների անփույթ խաղի շնորհիվ: Ընդմիջումից անմիջապես հետո ձախ թեւից «Ժալգիրիսի» ռմբարկու Բիլինսկին ներխուժեց տուգանային հրապարակ եւ սուր անկյան տակ գրավեց Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը: Իսկ 66-րդ րոպեին «Ժալգիրիսի» հերթական գրոհի ժամանակ դարպասապահի դիմաց մենմենակ հայտնվեց Լելյուգան եւ հանգիստ գրավեց դարպասը: Այդ դրվագում «Փյունիկի» պաշտպանները դիտողի դերում էին եւ կանգնել սպասում էին, որ մրցավարը «խաղից դուրս» վիճակ կարձանագրի: Կարո՞ղ էր «Փյունիկն» այդ խաղում այլ արդյունք գրանցել: Իհարկե կարող էր, եթե գործեր մտածված, հուսալի խաղար պաշտպանությունում եւ իրացներ գոլային պահերը: Իսկ դրանք խաղի ընթացքում «Փյունիկը» ստեղծեց: Կարող էին հաջողության հասնել Աղվան Պապիկյանն ու Դավիթ Մանոյանը: «Փյունիկը» հայտնվեց դժվարին կացության մեջ: Հուլիսի 25-ին Երեւանում կկայանա մրցակիցների պատասխան հանդիպումը, որում «Փյունիկին» անհրաժեշտ կլինի 3 գնդակ խփել մրցակցի դարպասըՙ միեւնույն ժամանակ սեփականը պահելով անառիկ: Հաշվի առնելով «Փյունիկի» ցուցադրած խաղի որակը, դժվար է հավատալ ընդհանուր հաջողությանը: Բայց ամեն դեպքում Երեւանում փյունիկցիները պետք է ձգտեն պատվով դուրս գալ դժվարին փորձությունից: Ի դեպ, երեկ շվեյցարական Նիոնում կայացել է չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի մասնակիցների վիճակահանությունը: Եթե «Փյունիկին» հաջողվի հաղթահարել 2-րդ փուլի արգելքը, ապա կմրցի «Հոնկա» Ֆինլանդիա-«Լեխ» Լեհաստան զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում «Լեխը» հյուրընկալվելիս հաղթել է 3-1 հաշվով: 3-րդ փուլի խաղերը կկայանան օգոստոսի 1-ին եւ 8-ին: Իսկ եթե «Շիրակը» կարողանա հաղթահարել «Պարտիզանի» արգելքը, ապա 3-րդ փուլում կմրցի Սլովակիայի «Սլովանի» եւ բուլղարական «Լուգոդորեցի» մրցավեճի հաղթողի հետ: Առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը սեփական հարկի տակ հաղթել է 2-1 հաշվով: |