ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼ ԵՆ ՀՕԳՈՒՏ ԼԻՍԿԱՅԻ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) առանձնատան մոտակայքում տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությանը 5 բալանոց համակարգով 2 է գնահատում: Գործը հարուցելուց հետո պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարություններում փաստաբանը տեսնում է միակողմանի մոտեցումներ, որոնք հօգուտ Խաչատրյանների են, ընդդեմ Բուդաղյանների: «Նախաքննությունն ընթանում է զինդատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից նախանշված ճանապարհով: Երբ պարոն Կոստանյանը դեռ տեղեկություններ չուներ եւ չէր կարող իմանալ գործի մանրամասները, ինքն արդեն հեռու գնացող հայտարարություններ էր արել, նախանշել էր, փարոսի նման դրել էր ուղենիշ, ուր պիտի գնա նախաքննությունը: Ես հիմա տեսնում եմ, որ նախաքննությունը գնում է ճիշտ այդ ճանապարհով: Եթե ինչ-որ փաստեր այսօր նախաքննական մարմինը փորձում է հիմնավորել ստացված փորձագիտական եզրակացություններով, եւ այլն, շատ լավ: Եթե այդ փորձագետների եզրակացությունները հիմա են ստացվել, ապա ինչպե՞ս ստացվեց, որ պարոն Կոստանյանը հունիսի 6-ին արդեն հայտարարություններ էր անում, որոնց հավաստիությունը դեռ պիտի պարզվեր փորձաքննությունից հետո: Արդյո՞ք ինքը չի ուղղորդում ոչ միայն քննիչներին, այլեւ փորձաքննությունը: Սա է իմ շատ մեծ մտահոգությունը», ասաց փաստաբանը հավելելով, որ զինդատախազի նման գործելակերպի նպատակն է կամ Խաչատրյանների արարքի հետեւանքներն արհեստականորեն ավելի թեթեւացնել, կամ էլ արհեստականորեն ծանրացնել մյուս կողմի մեղքը: Ըստ Բուդաղյանիՙ առաջին տեխնոլոգիան չի կարող կիրառվել, քանի որ կա սպանություն եւ ծանր մարմնական վնասվածք, ստացվում է, որ նախաքննությունն ընթանում է երկրորդ տարբերակով: Ալումյանը հիշեցնում է, որ 10 օր առաջ Արտակ Բուդաղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի առաջին մասով: Հինգ օր առաջ փաստաբանը միջնորդություն է ներկայացրել քննիչինՙ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնելու վերաբերյալՙ հիմնվելով վերջերս ստացված փորձաքննությունների եզրակացությունների վրա, համաձայն որոնց ակնհայտ են հանցակազմի բացակայությունը: Նախաքննության մարմինն ունի ինչպես մոնտաժված, այնպես էլ չմոնտաժված տեսանյութերը: Բնականաբար հանրությանը ներկայացվել է մոնտաժված տարբերակը, որը պաշտպանում է Սուրիկ Խաչատրյանին: Ալումյանը հավաստիացնում է, որ ինչպես նախաքննության մարմինն է վատ աշխատել, այնպես էլ ոստիկանությունը: «Դեպքի օրը Գորիսի ոստիկանությունը, մեղմ ասած, իրեն «փայլուն» չի դրսեւորել: Ոստիկանությունը դեպքի վայր է եկել շտապօգնությունից 10-15 րոպե ուշ: Տխուր է, բայց մենք արդեն սովոր ենք, երբ ոստիկանությունը դեպքի վայր է գալիս, երբ համոզվում է, որ բոլոր կրակոցները վերջացել են ու այնտեղ արդեն վտանգ չկա, որ կարող էՙ իրենց ներկայությամբ հանկարծ մի կրակոց լինի: Այս դեպքում արդեն ամեն սահման անցել են, կրակոցներն ավարտվել են 23:08-ին, իսկ ոստիկանությունը դեպքի վայր է եկել 23:25-ին: Ինչպե՞ս բացատրենք, որ ոստիկանությունն այդքան ուշացումով է գալիս, ինչպե՞ս բացատրենք, երբ ոստիկանությունն իր գործողությունները կատարում է զուգահեռաբար Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներից մեկը նրանց հետ միասին այնտեղ ման է գալիս, իրեղեն ապացույցներ է փնտրում: Ինչպե՞ս բացատրենք դա, եթե ոչ ծայրահեղ կողմնակալությամբ»: Ալումյանի հավաստիացմամբՙ զինդատախազությունը հրապարակել է այն զենքերի ցանկը, որոնք անձամբ նախկին մարզպետն է հանձնել, մինչդեռ եթե հայտնաբերմանն ուղղված գործողություններ կատարվեին, ես վախենում եմ, որ այդ ցանկը շատ ավելի մեծ կլիներ: |