«ԵՎՐՈԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐՈՂ Է ՄԻ ՔԻՉ ԴԱՆԴԱՂԵԼ, ԲԱՅՑ ԱՆՇԵՂՈՐԵՆ ԱՌԱՋ ԿԳՆԱ». ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ Մոսկվա կատարած այցից հետո մամուլում եւ սոցիալական ցանցերում քննարկվող թիվ մեկ հարցի` Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ «Անկախ»-ին իր տեսակետը հայտնեց ԱԺՄ նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից, փոխելով 3 նախագահ, 5-6 խորհրդարան ու 6-7 վարչապետ, տարվել է միեւնույն արտաքին քաղաքականությունն իր հիմնական գծերով` ստրատեգիական գործընկերությունը եւ կապվածությունը Ռուսաստանի հետ, որտեղ հիմնականում դրված են եղել ոչ միայն տնտեսական, այլեւ պաշտպանության եւ անվտանգության հարցեր»,- ասաց նա: Սակայն, Մանուկյանի դիտարկմամբ, դրա հետ միասին քայլ առ քայլ Հայաստանը գնացել է դեպի Եվրոմիություն` վերցնելով եվրոպական արժեքները, եվրոպական ռեֆորմները տեղափոխելով մեր հողի վրա եւ մեծ արդյունքներ է գրանցել (ինչը նաեւ Եվրոպայի գնահատականն է)` ի տարբերություն հետխորհրդային շատ այլ հանրապետությունների: Մանուկյանը նաեւ հիշեցնում է, որ Հայաստանը կապված է ՆԱՏՕ-ին, մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, եւ դա որեւէ հակասություն չի առաջացրել: |