RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013



Հրատապ խնդիր

Տեղադրվել է` 2013-09-09 23:11:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1172, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` Ի ՆՊԱՍՏ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սեպտեմբերի 4- 5-ը տեղի ունեցավ «Լեզուն, կրթությունը եւ ընտանիքը հայրենադարձության գործընթացում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով:

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը , բացելով գիտաժողովի աշխատանքները, նկատեց, որ արտագաղթի խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում է` անհանգստացնելով ամենալայն շրջանակներին: Նա տեղեկացրեց, որ արդեն մեկ տարի Մանկավարժական համալսարանի եւ «Ավո Հայմատգարտեն» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ բուհում գործում է ադապտացիոն կենտրոն, որն իրականացնում է «Վերաինտեգրացիայի» կենտրոն-Հայաստան» (RECEA) ծրագիրը: «Լեզվական դասընթացները, սոցիալական, հոգեբանական աջակցությունը, մշակութային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը օգնում են նվազեցնել հայրենադարձների տարատեսակ խնդիրներն ու աջակցել սոցիալական վերաինտեգրացմանը»,- ասաց ռեկտորը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ նկատեց, որ կոնֆերանսի բազմաբովանդակ եւ խնդրահարույց թեմաներով հարցադրումները նախարարության ուշադրության առանցքում են: Խոսելով հայրենադարձ երեխաների մասին` նախարարը ընդգծեց նաեւ հայրենիքում նրանց կրթության կազմակերպման եւ կրթական կարիքների բավարարման հիմնախնդիրներն ու հատկապես մայրենիի ոչ բավարար իմացությունը:

«Ավանդական եւ նորագույն ժամանակներում ձեւավորված Սփյուռքի կրթական կարիքները տարբեր են. այդ ենթատեքստում տարբերվում են նաեւ հանրակրթական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթություն տրամադրելու հնարավորությունները: Խնդրի լուծումը մեկ գործընթացով չի տրվում. պետք է ստեղծել ճկուն ու բազմազան այնպիսի համակարգ, որ յուրաքանյուր հայրենադարձ Հայաստանում կրթությունը մատչելիորեն շարունակելու հեռանկար ու հնարավորություն տեսնի»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը , կարեւորելով գիտաժողովը, նկատեց, որ սկսած 2000 թվականից միգրացիոն հոսքերի խճապատկերում նկատվում էր շատ թույլ արտահայտված Հայաստան վերադարձողների հոսք. «Բոլոր դեպքում էլ վերադարձից հետո շատ կարեւոր է հայրենիքում անձանց ռեինտեգրացիան եւ այս հարցի լուծմամբ է պայմանավորված, թե այդ անձը կշարունակի՞ մնալ Հայաստանում, թե՞ կրկին կմեկնի: Մի քանի տարի ապրելով հայրենիքից դուրսՙ մարդն իրեն փոփոխված է զգում բոլոր ոլորտներում»: Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ միգրացիայի ոլորտի կառավարման 2012-2016 թթ ծրագրով նախատեսված են ամենատարբեր խնդիրների լուծումները` հայրենադարձների զբաղվածության աջակցություն ցուցաբերում, ստացած հմտությունների, դիպլոմների, որակավորման ճանաչման ապահովում, երեխաների կրթության շարունակության պայմանների ստեղծում, կառավարական կազմակերպությունների միջեւ կապերի խորացում եւ այլն:

«Ուղեղների արտահոսքը» Հայաստանից որեւէ մեկի շահերից չի բխում. այն խաթարում է միջազգային համայնքի հետ համագործակցությունը»,- գիտաժողովի ընթացքում հայտարարեց Հայաստանում DAAD-իՙ Ակադեմիական փոխանակումների ծառա-յության ղեկավար Թինա Լաուֆերը , նշելով, որ DAAD-ն`որպես կրթական կազմակերպություն, համագործակցում է միջազգային բազմաթիվ կառույցների հետ եւ պայքարում արթագաղթի դեմ. «Մենք փորձում ենք ստեղծել մի ընդհանուր միջավայր, որն աջակցում է ուսանողների` երկկողմանի համագործակցությանը»:

Թինա Լաուֆերը վստահ է, որ արտագաղթի դեմ պայքարը հնարավոր է իրականացնել միայն այլ երկրների աջակցության եւ համագործակցության շնորհիվ:

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրջին Արտոն հայրենադարձությունը որակեց երկարատեւ եւ բարդ գործընթաց. համապատասխան պետական կառույցները, միջազգային հասարակական կազմակեպություններն ու Սփյուռքը հիմնական դերակատարներն են վերաինտեգրման գործընթացը արժանապատիվ, արդյունավետ եւ կայուն ձեւով իրականացնելու համար. «Այս նախաձեռնությունը ընդգրկել է կառավարական եւ ոչ կառավարական մի շարք կառույցների, անձանց, ովքեր ակտիվորեն պայքարում են արտագաղթի դեմ: Նման ծրագրերը միտված են ապահովելու հայրենադարձությունն ու կանխելու մեծ ծավալի հասնող արտագաղթը: Լեզուն, կրթությունն ու ընտանիքը իսկապես կարեւոր են. այսօր կարիք կա ամրապնդելու կրթությունը, վերապատրաստելու եւ ստեղծելու վերաինտեգրման բարենպաստ միջավայր»,- հավելեց Վիրջին Արտոն:

«Լեզուն, կրթությունը եւ ընտանիքը հայրենադարձության գործընթացում» խորագրով միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացումից հետո Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Բուլղարիայի եւ Լեհաստանի մասնակիցները հանդես եկան բազմաբնույթ զեկույցներով: Քննարկեցին աշխարհի մի շարք երկրներում, մասնավորապես` Բուլղարիայում, Լեհաստանում եւ Գերմանիայում հայ միգրանտների խնդիրները, հայրենադարձության հիմնախնդիրները, նրանց վերաինտեգրացումն ու սոցիալական աջակցությունը:

Զեկույցների ընթացքում օտարերկրյա հյուրերն ու ՀՊՄՀ ներկայացուցիչներն անդրադարձան նաեւ «Եվրոմիության հայրենադարձության հիմնադրամ»-ի գործունեությանն ու նշանակությանը, «Ռեսեա» կենտրոնի առկա վիճակին ու հեռանկարներին, հայրենադարձ երեխաների` հայերենի դասավանդման մեթոդաբանական խնդիրներին, վերաինտեգրման գործըն¬թացում հայկական սփյուռքի դերակատարմանը, հայրենադարձների հաջող վերաինտեգրման գործում սկզբնական բիզնես-դրամաշնորհներին:

«Վերաինտեգրացիայի կենտրոն-Հայաստան» (RECEA) ծրագրի համակարգող, Մանկավարժական համալսարանի օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը , կարեւորելով գիտաժողովի կազմակերպումն ու անցկացումը, նշեց. «Այսօրվա զեկույցները հագեցած էին կարեւոր տեղեկատվությամբ եւ վիճակագրական տվյալներով: Հետաքրքրական էին հատկապես միգրանտների կարգավիճակի եւ նրանց իրավունքների մասին ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի հարցադրումները: Գիտաժողովի ավարտին առաջարկված գաղափարների հիման վրա կկազմվի հայտարարագիր, որը կգտնվի Եվրոմիության ուշադրության կենտրում` նպաստելով կայուն վերադարձին եւ վերաինտեգրման գործընթացին»:

AWO բարեգործական կազմակերպության միջազգային ծրագրի համակարգող Օլգա Չերկեզն իր ողջույնի խոսքում ընդգծեցՙ ցանկացած նախագծի հաջողություն պայմանավորված է, թե իրագործման համար ինչ գործընկերներ են ընտրված:

«Տեսնելով հայրենադարձ երեխաների հետ աշխատող ուսուցիչների աշխատանքըՙ կարելի է փաստելՙ Հայաստանը հուսալի գործընկեր է»,-նշեց Օլգա Չերկեզն ու նկատեցՙ դասավանդողները չեն վախենում դժվարություններից, որի արդյունքում հայրենադարձված երեխաների մեջ նկատելի մեծ առաջընթաց կա հոգեբանական, տարիքային առանձնահատկություններից բխող դժվարությունները հաղթահարելու տեսանկյունից:

Վերջինս կարեւորեց նաեւ ծրագրի մշակութային-ճանաչողական դերը, որը հնարավորություն է ընձեռում ինչպես կրթական, այնպես էլ սոցիալական ինտեգրմանը. հայտնվելով ազատ շփումների միջավայրումՙ նրանք իրենց զգում են հայրենի հողում:

Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանն իր զեկույցում անդրադարձավ PECS-ին (Picture Exchange Communication System)ՙ որպես ներգաղթած ընտանիքների երեխաների կապակցված խոսքի զարգացման միջոցՙ տարբեր փուլերով ներկայացնելով ողջ գործընթացը: Վերջին տարիներին հայրենադարձ երեխաների հետ Արմինե Ավագյանի աշխատանքը ցույց է տվելՙ PECS-ի մեթոդների կիրառումը նպաստում է երեխաների բառապաշարի հարստացմանը, ձեւավորում ազատ հաղորդակցվելու մշակույթ. «Լավ մշակված խոսքը երեխաների սոցիալականացման, ակտիվ գործունեություն ծավալելու եւ լավ կրթություն ստանալու գրավականներից մեկն է»:

«Հույս եւ օգնություն» ՀԿ նախագահ Ենոք Շատվորյանն իր զեկույցում ներկայացրեց կազմակերպության 1998-2013 թվականների գործունեությունը, որն ուղղված է նպաստելու Հայաստանի Հանրապետության բնակչության սեռական, վերարտադրողական եւ հոգեկան առողջության բարելավմանն ու պահպանմանը` բնակչության իրազեկության բարձրացման եւ կենսական հմտությունների ուսուցման միջոցով:

Հաջորդող զեկույցներում «Ավո Հայմատգարտեն» ադապտացման կենտրոնի օտար լեզվի ուսուցիչներ Բելլա Այունցն ու Շուշանիկ Պետրոսյանը ներկայացրին հայրենադարձված երեխաներին ռուսերենի եւ գերմաներենի դասավանդումը, օտար լեզուների դասավանդման բնագավառում առաջադրվող նոր խնդիրներն ու դասավանդման ընթացքում առաջացած խնդիրները:

Գիտաժողովի ավարտին AWO բարեգործական կազմակերպության միջազգային ծրագրի ղեկավար Ֆոլկեր Թեգելերը շնորհակալություն հայտնեց Մանկավարժական համալսարանին կոնֆերանսի կազմակերման, սերտ համագործակցության եւ ակտիվ մասնակցության համարՙ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունը կնվազեցնի հայրենադարձների խնդիրներն ու կնպաստի սոցիալական վերաինտեգրացմանը:

Գիտաժողովի փակումը նշանավորվեց ՀՊՄՀ-ի եւ AWO բարեգործական կազմակերպության միջեւ հռչակագրի նախագծի ընդունմամբ, որի ժամանակ հաշվի առնվեցին նաեւ կոնֆերանսի մասնակիցների առաջարկներըՙ սեմինարների անցկացում երեխաների ծնողների հետ, հոգեբանական եւ իրավաբանական աջակցություն նաեւ մեծահասակ հայրենադարձների համար եւ այլն:

Սեպտեմբերի 5-ին կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացած միջոցառմամբ էլ ամփոփվեց «Լեզուն, կրթությունը եւ ընտանիքը հայրենադարձության գործընթացում» միջազգային երկօրյա գիտաժողովը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ