ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԱՅՍՕՐ ԿԲԱՑՎԻ «ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ» ԹԱՆԳԱՐԱՆ ՍԴՀԿ ՄԱՄԼՈ ԴԻՒԱՆ Այսօրՙ ժամը 11-ին Մայր աթոռ Ս. Էջմիածնում կկատարվի բացումը Ռուբեն Սեւակի անվան թանգարանի` հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ մասնակցությամբ թանգարանի բարերար ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի, որ եղբորորդին է Ռ. Սեւակի: 18-րդ դարում կառուցված Ղազարապատ կոչված շենքում տեղակայված թանգարանը հիմնանորոգվել է տիար Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ: Թանգարանում ցուցադրվելու են տիար Չիլինգիրյանի կողմից Մայր աթոռին նվիրաբերված բացառիկ եւ արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաեւ` նահատակ նշանավոր բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սեւակին պատկանող ածխանկարներ, իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ, հայ արվեստի արժեքավոր գործեր, արեւմտահայ նկարիչների հավաքածուներ: ՍԴՀԿ ընդհանուր համագումարըՙ այսօր Այսօրՙ ժամը 16:00-ից «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի է ունենալու ՍԴՀԿ XX-րդ Ընդհանուր համագումարի հանդիսավոր նիստը, որին մասնակցում են աշխարհի 17 երկրներից պատվիրակներ: Համագումարը տալու է մի շարք ազգային եւ ներքին քաղաքական հարցերում կուսակցության ընդհանուր դիրքորոշումը, ինչպես նաեւ ընտրելու է նոր Կեդրոնական վարչության կազմը: |