RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #174, 12-10-2013



Տեղադրվել է` 2013-10-11 23:49:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1499, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՄՈՌԱՑԵԼ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ չնայած Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 9-ին, իսկ նախնական արդյունքները, ըստ որոնց գործող նախագահ Իլհամ Ալիեւը հավաքել է շուրջ 85 տոկոս ձայն, հրապարակվել էին հոկտեմբերի 10-ին, բայց Արեւմուտքը որեւէ կերպ չի շնորհավորել Իլհամ Ալիեւին երրորդ անգամ անընդմեջ նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Մենք եզրակացրել էինք, որ գուցե Արեւմուտքը բառեր չունի, որոնցով կարելի է շնորհավորել Ալիեւի «փայլուն հաղթանակը», կամ գուցե չի էլ պատրաստվում շնորհավորել ազգային խորհրդանիշի որդուն, քանի որ նրա «տպավորիչ հաղթանակը» ձեռք է բերվել տպավորիչ ընտրակեղծարարությամբ:

Պետք է նշենք, որ սխալվեցինք. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես երեկ հաղորդվեց, շնորհավորել է Իլհամ Ալիեւին... Բայց Օբամայի շնորհավորական ուղերձում կարդում ենք. «Ես եւ իմ կինը` Միշելը, ցանկանում ենք Ամերիկայի եւ ողջ աշխարհի մահմեդականներին մեր լավագույն ցանկությունները փոխանցել Ղուրբանի օրվա կապակցությամբ եւ ցանկանում ենք, որ ուխտավորները հաջողությամբ ավարտեն իրենց ուխտագնացությունը»: Վերջ... Այսինքնՙ Բարաք Օբաման մոռացել էր, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններն էին, եւ այդ ընտրություններում բոլորից առաջ անցավ Իլհամ Ալիեւը: Հակառակ պարագայում, նա հաստատ կհիշատակեր իր ուղերձում նաեւ այդ «տպավորիչ հաղթանակը» եւ առնվազն մեկ պարբերությամբ կշնորհավորեր Իլհամ Ալիեւին նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ կխոսեր` «ԱՄՆ-Ադրբեջան խոր բարեկամական, ռազմավարական հարաբերությունները էլ ավելի խորացնելու երկկողմ պատրաստակամության կարեւորությունից»: Օբաման, սակայն, բավարարվել է միայն ընդհանուր, բոլոր մահմեդականներին ուղղված իր շնորհավորանքով:

Ավելին, Օբամայի ուղերձին նախորդել էր ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական արձագանքը` Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Պետքարտուղարությունն իր ուղերձում դրանք որակել է որպես «ոչ ժողովրդավարական»: Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը ԱՄՆ պետքարտուղարության հիշյալ ուղերձն անվանել է «ոչ օբյեկտիվ եւ կանխակալ»: Արդեն Հասիմովի արձագանքից հետո Օբաման շնորհավորել է Իլհամ Ալիեւին ոչ թե որպես կարեւոր գործընկեր երկրի վերընտրված նախագահի, այլ որպես շարքային մահմեդականի:

Նշենք նաեւ, որ ԵՄ երկրները առհասարակ որեւէ իրադարձության կապակցությամբ դեռեւս չեն շնորհավորել Իլհամ Ալիեւին, փոխարենը, ինչպես երեկվա համարում ենք տեղեկացրել` «Պուտինը Իլհամ Ալիեւից պահանջում է ռազմավարական գործընկերության նոր մակարդակ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #174, 12-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ