ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՌԵՎԱՆՇԸ ԿԱՅԱՑԱՎ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում վերջապես Երեւանում վայելեց հաղթանակի բերկրանքըՙ բուլղարացիների հետ չափազանց լարված ու սկզբունքային մրցավեճում առավելության հասնելով 2-1 հաշվով: Հանդիպումը մեծ հետաքրքրությամբ էր սպասվումՙ հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների ռեւանշի հասնելու բուռն ձգտումը, որոնք ցանկանում էին վրեժխնդիր լինել բուլղարացիներից նախորդ տարի Սոֆիայում տեղի ունեցածի համար: Եվ դա մեր հավաքականին հաջողվեց: Այս անգամ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնարկային կազմում ընդգրկել էր երկու հարձակվողներիՙ Յուրա Մովսիսյանին եւ Արթուր Սարկիսովին: Յուրան գործում էր հարձակման կենտրոնում, իսկ Արթուրըՙ աջից: Իսկ ահա Արաս Օզբիլիսը եզրից տեղափոխվել էր ենթահարձակվողի գոտի եւ գործում էր կենտրոնում: Առաջ անցնելով նշենք, որ բուլղարացիների հետ մրցավեճում Օզբիլիսն իրեն գերազանց դրսեւորեցՙ աչքի ընկնելով վարպետ խաղով եւ տեխնիկական պատրաստվածությամբ: Հենց նրա ջանքերի շնորհիվ էլ ծնվեց հանդիպման առաջին գոլը: 45-րդ րոպեին նրա գերազանց անցումը արգելված հնարքով կանգնեցրեց Նիկոլայ Բոդուրովը, որի համար կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: Իսկ Արաս Օզբիլիսը շատ հմտորեն իրացրեց նշանակված տուգանայինըՙ գեղեցիկ ու խաբուսիկ հարվածով գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը: Ցավոք, վնասվածքի պատճառով Օզբիլիսը 2-րդ խաղակեսի սկզբում փոխարինվեց, ինչը մեծ կորուստ էր մեր հավաքականի համար: Նշենք, որ մինչ այդ էլ առաջին վտանգավոր պահը մեր ֆուտբոլիստները ստեղծել էին հենց Օզբիլիսի ջանքերով: 19-րդ րոպեին տուգանային հրապարակի մատույցներից նրա հուժկու հարվածից հետո բուլղարացի դարպասապահը մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը: Բուլղարացիներն էլ այս խաղում բավականին ակտիվ էին ու փորձում էին արդյունքի հասնել, ինչը նրանց համար շատ կարեւոր էր մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում ամրապնդվելու համար: Սակայն մեր պաշտպաններն ու դարպասապահը վստահ էին գործում: Ճիշտ է, 36-րդ րոպեին հյուրերին հաջողվեց սպառնալ մեր դարպասին, սակայն Բերեզովսկին փրկեց դրությունը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում մեր պաշտպանությունը կարծես ճեղքվածք տվեց: Հյուրերը մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին եւ կարող էին վերականգնել հավասարակշռությունը, սակայն հաջող խաղաց Բերեզովսկին: Իսկ ահա հակագրոհներից մեկի ժամանակ Արթուր Սարկիսովը կարող էր վճռել հանդիպման ելքը, սակայն նպաստավոր դիրքից կատարած նրա հարվածը հետ մղեց դարպասապահը: Բուլղարացիներին ի վերջո հաջողվեց 60-րդ րոպեին Իվելին Պոպովի տուգանային հիանալի հարվածի շնորհիվ հավասարեցնել հաշիվը: 3 րոպե անց 2-րդ դեղին քարտը ստանալով, խաղադաշտը թողեց Սվյատոսլավ Դյակովը: Բուլղարացիները մնացին 9 հոգովՙ հայտնվելով չափազանց ծանր իրադրությունում: Մեր ֆուտբոլիստները հիանալի հնարավորություն ստացան հաղթանակ կորզելու: Կարող էին աչքի ընկնել Մարկոսը, Մխիթարյանը, սակայն նրանց հարվածները բարձր էին: Վերջապես խաղավարտից 3 րոպե առաջ Հայաստանի հավաքականը հասավ բաղձալի արդյունքի: Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո տուգանային հրապարակ ներխուժած Յուրա Մովսիսյանը հաղթական վերջակետ դրեց այդ լարված ու դրամատիկ հանդիպմանը: Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարի երեւանյան վերջին խաղում իր առաջին հաղթանակը տոնեց: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքներն արտահայտեցին: Վարդան Մինասյան (Հայաստան) - Խաղի նախօրեին նշել էի, որ ինձ համար կարեւորը հանդիպման արդյունքն է, իսկ մնացածը էական չէ: Առաջին խաղակեսում մրցակցի ստացած կարմիր քարտը նույնիսկ խանգարեց մեզ, քանի որ ֆուտբոլիստները կարծեցին, թե ընդմիջումից հետո ավելի հեշտ է լինելու: Սակայն ես նրանց զգուշացրել էի, որ թվային առավելությունը դեռ չի նշանակում, որ հաղթանակն ապահովված է: Սարկիսովն ու Ղազարյանը եզրերում լավ չէին գործում, ինչի արդյունքում վտանգավոր գրոհներ շատ էին բաց թողնում: Յուրայի խաղային որակներին բոլորդ էլ ծանոթ եք. նրան տարածություն է պետք: Այսօր բուլղարացիները նրան նման հնարավորություն չէին ընձեռում: Փառք Աստծո, որ սադրանքների չգնացինք: Չեմ բացառում, որ Իտալիային հաղթելու հնարավորություններ կան, չնայած նրանք էլ պայքարելու են իրենց վարկանիշի համար: Լյուբոսլավ Պենեւ (Բուլղարիա) - Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին, նրանք 9 հոգով էլ լավ խաղացին: Դա փաստ է: Այս պարտությունից հետո 2-րդ տեղը գրավելու մեր հնարավորությունները նվազեցին: Հայաստանի հավաքականը 15-րդ րոպեին պետք է 10 հոգով մնար: Զարմացած չեմ նման մրցավարությունից: Ամբողջ ընտրական մրցաշարում էր այդպես: Երկար եմ մտածել եւ եկել եմ այն եզրակացության, որ Բուլղարիան լուրջ մրցակից է բոլորի համար: Այդ պատճառով էլ մրցավարները մեր դեմ են սուլում: Խաղի մասին կարող եմ ասել, որ լավ էինք խաղում, ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք նույնիսկ 10 եւ 9 հոգով: Մենք արժանի էինք հաղթելու, բայց մեզ թույլ չտվեցին դա անել: |