ՎՈՒԴԻ ԱԼԵՆԻ ՆՈՐ` «ԺԱՍՄԻՆ» ԿԻՆՈՆԿԱՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Մ. Հ. Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, չեղյալ է հայտարարվել ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենի նոր` «Ժասմին» կինոնկարի ցուցադրությունը, որ պետք է ցուցադրվեր այս շաբաթ Հնդկաստանում: Այդ որոշումը կայացրել է ինքը` ռեժիսորը, ի նշան բողոքի հակածխախոտային օրենքի դեմ, որը ներառում է նաեւ պայքար ծխելու դեմ ֆիլմերում: 2011 թ. նոյեմբերին Հնդկաստանում ուժի մեջ մտան այն կանոնները, ըստ որոնց` ցուցադրվող ֆիլմում ծխելու հետ կապված յուրաքանչյուր դրվագ պետք է ուղեկցվի նիկոտինից կախվածության վնասների մասին ենթագրերով: Իսկ նման տեսարաններ բովանդակող կինոնկարը սկսվելուց առաջ պետք է ցուցադրվի համապատասխան 30-վայրկյանանոց տեսահոլովակ: Այսուհանդերձ, Վուդի Ալենը համարում է, որ նման միջոցները շեղում են մեզ այն ամենից, ինչ տեղի է ունենում էկրանին: Ի դեպ, 2008 թ. հոկտեմբերին Հնդկաստանում արգելեցին ծխելը հասարակական վայրերում, սիգարետների տուփերին հայտնվեցին համապատասխան մակագրություններ, ավելի ուշ` հակագովազդային նկարներ ծխելու վնասների մասին: Կինոյում հակածխախոտային կանոնները կատարելուն հետեւում է Ֆիլմերի հավաստագրման կենտրոնական խորհուրդը: Առանց այդ պետական կանոնակարգող մարմնի թույլտվության հնդակական էկրաններ ոչ մի կինոնկար չի բարձրանում: «Ժասմին» ֆիլմում, որում խաղում են Քեյթ Բլանշետը, Սալլի Հոքինսը եւ Ալեք Բոլդուինը, ծխող պերսոնաժներով երկու դրվագ կա: |