RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #174, 12-10-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-10-11 23:49:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1217, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՕԿՈՒՊԱՆՏՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԲԱԺԱՆԵԼ ՀՈՂԵՐԸ. ԿԱ ԶՈՀ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանի նախագահի «ընտրություններից» մեկ օր անց արտակարգ միջադեպ է գրանցվել. «Գյոգյոլի եւ Շամքորի շրջանների միջեւ արոտավայրերից մեկում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք»: Այդ մասին երեկ հաղորդել է virtualaz.org-ը: Տեղեկատվության աղբյուրը Գյոգյոլի շրջանի ոստիկանության վարչությունն է: Ըստ այդմ, «Գյոգյոլի շրջանի 4 եւ Շամքորի շրջանի 5 բնակիչների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյոգյոլի կենտրոնական շրջանային հիվանդանոց»:

Գյոգյոլի շրջանի Մոլլաջալիլի գյուղի 37-ամյա բնակիչ Խայամ Ջաֆարովը «ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք, որի հետեւանքով մահացել է հիվանդանոցում»: Մյուս տուժաների առողջական վիճակի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում: Փաստի առթիվ Գյոգյոլի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, տարվում է քննություն: Միջադեպի պատճառը «հատկացված արոտավայրի շուրջը կողմերի միջեւ ծագած վեճն էր»:

Սույն տեղեկատվությունը գուցե ուշադրություն չգրավեր, եթե խոսքը չվերաբերեր նշված շրջանների «միջեւ արոտավայրին»: Բանն այն է, որ Գյոգյոլ վերանվել է նախկին Խանլարի շրջանը, որի լեռնային հատվածը մինչեւ 1988 թվականը գերազանցապես հայաբնակ էր: Վերջին հայկական բնակավայրը` Գետաշենը, բռնատեղահանության է ենթարկվել 1991թ. մայիսի առաջին օրերին` Գյանջայում (նախկին Կիրովաբադ) տեղակայված խորհրդային զորամիավորման կողմից:

Մինչեւ 1988թ. մեծ մասամբ հայաբնակ էր նաեւ Շամքորի շրջանի լեռնային մասը: Ըստ տեղեկություններիՙ ադրբեջանական իշխանությունները բռնատեղահանման ենթարկված հայկական գյուղերում իրականացրել են «վերաբնակեցում»: Փաստացի, սակայն, Գետաշենը եւ հարակից տարածքները, որ ներառում են նաեւ Ալհարակ (Գյոգյոլ) լճակն ու ավանդաբար հանգստյան գոտի են, ներկայումս հայտարարված են «փակ»: Այնտեղ առանձնատներ եւ զվարճանքի օբյեկտներ են կառուցել Բաքվի եւ Գյանջայի «նոր ադրբեջանցիները»:

Ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, որ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Գյոգյոլի եւ Շամքորի «միջեւ արոտավայրի պատճառով», վկայում է, որ խոսքը վերաբերում է նախկինում հայաբնակ տարածքի նկատմամբ երկու շրջանների հավակնություններին: Ստացվում է, որ հայերից բռնազավթած հողերը վեճի, ծեծկռտուքի եւ վիճաբանության մասնակիցներից առնվազն մեկի մահվան պատճառն են դարձել:

Միջադեպը ցայտուն կերպով ապացուցում է այդ եւ օկուպացիայի տակ գտնվող այլ տարածքները «վաղնջական ադրբեջանական հող» հայտարարելու` Ադրբեջանում իշխող վարչախմբի քարոզչության ողջ սնանկությունը: Քանի որ եթե այդ տարածքները լինեին «ադրբեջանական», ապա երկու հարեւան շրջանների միջեւ «կռվախնձոր» չէին դառնա: Այդպես միայն լինում է այն դեպքում, երբ օկուպանտներն իրար միջեւ չեն կարողանում բաժանել «արդար ռազմավարը»:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլում հրապարակումներ էին արվել, որ «Գյանջայի տարածաշրջանում մեծանում է քրդական ներկայացվածությունը»: Ըստ երեւույթին, Բաքվում իշխող վարչախումբը նախկինում հայերին պատկանած տարածքները հեռագնա նպատակներով «սեփականաշնորհում է» էթնիկ քրդերին: Կան ակնարկներ, որ «տեղական բնակչության շրջանում աճում է դժգոհությունը»:

Բացառված չէ, որ Խայամ Ջաֆարովի մահվան պատճառ դարձած ծեծկռտուքը նույնպես էթնիկական անհանդուրժողականության հողի վրա է սկսվել: Ադրբեջանական կողմն այդ մասին, իհարկե, ոչինչ չի ասում, բայց կարելի է ենթադրել, որ արոտավայրի տնօրինման «իրավունքի» խնդիրը ծագել է տեղացի եւ եկվոր բնակչության շահերի բախման հետեւանքով:

Ինչն էլ, սակայն, բախման պատճառ եղած լինի, էականն այն է, որ նշված տարածքները մինչեւ 1988թ. պատկանել են հայերին, որոնք ենթարկվել են ունեզրկման եւ բռնատեղահանության, իսկ «իսկական տերերին» այդպես էլ չի հաջողվում կիսել «արդար վաստակը»: Երեւույթը չափազանց բնութագրական է այսօրվա Ադրբեջանի համար, որտեղ վարչախումբը եւ ընդդիմությունը նույնպես չեն կարողանում կիսել «իրենց հայրենիքը»: Քանի որ երկուսն էլ իրավազոր չեն եւ չեն լինելու այնքան ժամանակ, մինչեւ որ Ադրբեջան չվերադառնան բռնատեղահանված հայերը, ռուսները, մինչեւ ավտոխտոն լեզգիները, ավարները, թալիշները, թաթերը, մյուս էթնիկ փոքրամասնությունները չունենան իշխանություն ձեւավորելու ազատ հնարավորություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #174, 12-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ