ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿՙ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ Պ. Ք. Օսլոյում հոկտեմբերի 11-ին հայտարարվել է 2013 թ. խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը. դա Հաագայում գործող Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն է: BBC-ն հաղորդում է, որ Նորվեգիայի Նոբելյան հանձնախումբը այս տարի ընտրություն էր կատարում 259 թեկնածուների միջեւ: Այդքան շատ հավակնորդներ ոչ մի տարի չէին եղել հանձնախմբի 112-ամյա պատմության ընթացքում: Ըստ որում, հանձնախմբի համառոտ ցանկում հայտնված անձանց եւ կազմակերպությունների անունները ավանդաբար գաղտնի են պահվում: Այսպես, 2013 թվականի անվանացանկը կգաղտնազերծվի միայն 50 տարի հետո: Նորվեգական NRK հեռուստաալիքը նշում է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը վերջերս Սիրիայում կատարած աշխատանքի շնորհիվ այժմ շատ հաճախ է հիշատակվում լրատվական թողարկումներում: Կազմակերպությունը ՄԱԿ-ին օգնում է տվյալներ հավաքել Սիրիայի քիմիական զենքի պաշարների վերաբերյալՙ դրանց ոչնչացման նպատակով: Սեպտեմբերի 27-ին կազմակերպությունը ներկայացրեց Սիրիայի քիմիական ամբողջ զինանոցի ոչնչացման հստակ ծրագիր: Ուստի խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման հարցում Նոբելյան հանձնախմբի կատարած ընտրությունը միանգամայն արդարացված է: |