ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՎԱՅԵԼԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ Բիլբաոյում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտ» մրցաշարի 2-րդ շրջանը հաղթանակով սկսեց Լեւոն Արոնյանը: Առաջին շրջանում գրանցած 3 անընդմեջ ոչ-ոքիներից հետո Լեւոնը վերջապես ճաշակեց հաղթանակի քաղցրությունըՙ սեւերով 56-րդ քայլին ստիպելով հանձնվել ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ-Վաշիե Լագրավին: Հետաքրքրական է, որ մրցաշարում գրանցված արդյունավետ բոլոր պարտիաներին էլ մասնակցել է Վաշիե-Լագրավը: Նա պարտվել էր նաեւ անգլիացի Մայքլ Ադամսին, հաղթելՙ Շահրիյար Մամեդյարովին: Վերջինս Ադամսի հետ 4-րդ տուրի պարտիան ավարտեց ոչ-ոքի: Այս հաղթանակի շնորհիվ Լեւոն Արոնյանը վաստակեց 6 միավոր եւ Մայքլ Ադամսի հետ գլխավորեց աղյուսակը: Վաշիե-Լագրավը ունի 4 միավոր, Մամեդյարովըՙ 3: 5-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Ադամսի հետ: Այդ պարտիան կարող է վճռորոշ լինել մրցաշարի հաղթողին որոշելու հարցում: Իսկ ավարտական տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Մամեդյարովը: |