RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2013-10-16 23:38:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1369, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԱՐՑԱԽԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՐՑԱԽԵՑՈ՞ՒՑ...

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոկտեմբերի 12-ին նաեւ մեր թերթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր բաց նամակի վերջում գրող, հրապարակախոս Զորի Բալայանն ակնկալել էր, որ, ինչպես իր հրապարակային յուրաքանչյուր ելույթ, այս անգամ էլ ադրբեջանական կողմը վայնասուն կբարձրացնի իր դեմ: Երեւի նա բնավ չէր ակնկալի, որ այդՙ եթե չասենք վայնասունը, ապաՙ աղմուկը, կբարձրանա հենց իր եւ մեր երկրում, որտեղ անցնող օրերին եւ այսօր իսկ շարունակվում են տարօրինակ, տարաբնույթ եւ տարատեսակ մեկնաբանությունները նրա ստորագրած նամակի վերաբերյալՙ «Նամակ Ռուսաց թագավորին» մոտեցմամբ:

Վստահորեն կարելի է ասել, որ հնչող կարծիքների մեծամասնության հիմքում ոչ թե այդ նամակն է, այլՙ արտահայտվողների կարծր եւ կարծրացած մտքերը, որոնք այդ նամակով դրսեւորվելու նոր առիթ են գտել, ընդդեմ իշխանությունների, հայ-ռուսական հարաբերությունների, մեծապետական Ռուսաստանի կայսերապաշտությանը եւ, անշուշտ, Մաքսային միությանը... Եվ սաՙ ոչ միայն քննադատողներին է վերաբերում, այլեւ Զ. Բալայանի նամակը գովաբանողներից ոմանց, որոնք ոգեւորության առիթ են գտել իրենց նոստալգիական տրամադրությունները եւս մեկ անգամ դրսեւորելու:

Ծանոթանալով այդ շարադրանքներին, կայքէջից կայքէջ թռչող այդ պնդումներին, ցանկություն, ավելի շուտՙ կարիք է առաջանում առնվազն ինքդ քեզ ստուգելու համար կրկին վերընթերցելու այդ իսկապես երկար նամակը, որից հետո չես կարողանում ինքդ քեզ զսպել եւ հարց չտալՙ այդ որտե՞ղ է Զ. Բալայանը նախագահ Պուտինին առաջարկել Արցախը մտցնել Ռուսաստանի կազմ: Չկա նման խոսք, բառ կամ միտք այդ նամակում: Մեջբերեք եւ ընդգծեքՙ եթե կա: Այլապես ձեր մեկնաբանություններն ու ենթադրություններն անհիմն են, ուստիեւՙ անտեղի եւ ավելորդ: Ավելինՙ զրպարտություն են: Գոնե օգտվեք հասարակ մի տրամաբանությունից. եթե Զ. Բալայանը երկար ու մանրամասն գրում է Գյուլիստանի պայմանագրի տրամադրությունների մասին ու եզրակացնում, որ Արցախը պետք է միանա Ռուսաստանին, ապա ինքնաբերաբար եւ միաժամանակ նա առաջարկում-պահանջում է Ադրբեջանն էլ միացնել, նույն պայմանագրի շրջանակներում, Ռուսաստանին...

Թերեւս կարելի էր նամակագրին մեղադրել Ռուսաստանի շահերը Վլադիմիր Պուտինին բացատրելու միամտության համար, սակայն չի կարելի Արցախը պաշտպանել... ուղնուծուծով արցախցի, դեռեւս 60-ական թվականներից Արցախի ազատագրման առաջամարտիկ Զորի Բալայանից:

«Օդում Բուզանդիայի հոտն է սավառնում», քանիցս մեջբերում է Զ. Բալայանն իր նամակում: Փաստորեն նա զգուշացնում է Ռուսաստանին պանթուրքիզմի առավել ծավալման վտանգից եւ պահանջում տեր լինել իր պատմական պատասխանատվությանն այս տարածաշրջանի նկատմամբ: Ոչ ավել, ոչ պակաս: Մնացյալը բլեֆ է, հռետորաբանություն եւ անբանություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ